Ձեռագրերը գուցե՛ չեն այրվում, սակայն չեն էլ ընթերցվում

21/08/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Թերեւս բացառություն է Արմեն Շեկոյանն՝ իր «Հայկական ժամանակով»: Նրա աշխատասիրությունն այսօր թերեւս ամենամեծ եւ Հայաստանի համար ֆանտաստիկ տպաքանակն ունի. շաբաթը միայն 5000 օրինակ տպագրվում է վեպի յուրաքանչյուր գլուխը (նկատենք, որ հեղինակն իր վեպը խոհեմաբար տպագրում է օրաթերթում, որի ընթերցողներից յուրաքանչյուրը վստահ է, որ գլուխներից կամ երկխոսություններից մեկի արանքում անպայման կկարդա նաեւ իր անունը): Իսկ բոլորովին վերջերս լույս տեսան Դոստոեւսկու «Դեւերը» եւ «Գրառումներ մեռյալ տնից» ստեղծագործությունները՝ Արմեն Հովհաննիսյանի թարգմանությամբ: Տպաքանակը՝ համապատասխանաբար 600 եւ 400 օրինակ: 1990 թվին տպագրված եւ երեք օրում սպառված Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» ստեղծագործության հայերեն թարգմանության 50.000 օրինակի համեմատ 400-ը, հասկանալի է, այնքան էլ մեծ թիվ չէ, սակայն, ինչպես Պերճ Զեյթունցյանն է ասում. «Հիմա այնպիսի ժամանակներ են, որ պետք է աղոթենք, որ այդ 400-ն էլ վաճառվի»: Հայաստանում պետպատվերով տպագրվում է տարին 40-50 անուն գիրք: Երկու տարի շարունակ պետությունը նպատակահարմար էր գտնում, որ լույս տեսնելիք գրքերի տպաքանակը չգերազանցի 500 օրինակը: Սակայն «Խնայողություն, Հորացիո». այս տարի պետպատվերով տպվելիք գրքերի տպաքանակը դարձել է 400 օրինակ: «Շատ դասականներ, հասկանո՞ւմ եք, չեն վաճառվում: Նույն Դոստոեւսկին»,- մեզ ասաց «Բուկինիստ» գրախանութի աշխատակցուհիներից մեկը՝ հատուկ ընդգծելով,- հայ գրողների գործերը հատկապե՛ս չեն վաճառվում»: Դժվար է տրամաբանորեն գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու է հասարակությունն ընտելանում գիրք չկարդալուն եւ ամենեւին չի ընդվզում, որ, ասենք, փոքր տպաքանակի պատճառով չի կարողանում գրախանութից հայթայթել, ասենք, «Դեւերի» հայերեն թարգմանությունը: «Այն, ինչ հիմա կատարվում է գրահրատարակչական բնագավառում, հեռու է ոչ միայն կարգից, օրենքից, այլեւ տարրական տրամաբանությունից,- իրավիճակն այսպես գնահատեց թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանը: -Տասնյակ տարիներ պետության հովանավորությունը վայելած գրողների, բանաստեղծների, գրականագետների, թարգմանիչների համար այս «նոր» կոչվող պայմանները, որոնց աստիճանաբար կամա-ակամա ընտելանում ենք, «վայրի շուկայականից» զատ՝ այլ բնորոշում չունեն: Պատկերը շրջվել է հայելային եղանակով. հիմա հեղինակն է վճարում, որպեսզի գիրքը տպագրվի, ուստիեւ գրական շուկան լի է մերձգրական, սիրողական «մակուլատուրայով»: Պարզապես ծիծաղելի են լուրջ գործերի, իսկական գրականության տպաքանակները: Նախկինում 30,50 հազարական տպաքանակ ունեցող հեղինակները ստիպված են բավարարվել 400-1000 օրինակով, որոնց զգալի մասը նվիրում են, մի չնչին մասն էլ վաճառվում է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հեղինակը (ով ուզում է լինի, ինչ վաստակ էլ ունենա), ընդամենը շնորհակալ պիտի լինի, որ այս կամ այն հովանավորը ողորմելի տպաքանակով ապահովել է իր գրքի լույսընծայումը»: Նույն խնդիրն ունի նաեւ Պերճ Զեյթունցյանը. «1990 թվականին 80.000 տպաքանակով լույս տեսավ եւ արագ սպառվեց իմ «Վերջին արեւագալը», իսկ այսօր «Մի՛ նայիր հայելուն» ստեղծագործությունը տպագրվել է ընդամենը 400 օրինակով: Սա վատ ախտանիշ է: Նշանակում է, որ նյութական արժեքները գերակայում են հոգեւորին»: Ովքե՞ր են այն ժամանակակից գրողները, որոնց պահանջարկն ընթերցողն ունի: Ըստ Պերճ Զեյթունցյանի՝ «Գուրգեն Խանջյանին, գիտե՞ք, հավանում եմ, թեեւ նրան երբեմն սխալ են հասկանում: Շնորհք կա՛: Հավանում եմ Կարինե Խոդիկյանին, Անահիտ Աղասարյանին: Արմեն Շեկոյանին շատ եմ հավանում: Շա՜տ-շատ: Լավ գրողներ կան, սակայն նրանց գումարը (a+b+c) սերունդ չի դառնում: Ժամանակակից գրողներն ընդհանուր նպատակ չունեն: Սակայն ես լավատես եմ եւ սա համարում եմ կուտակման շրջան»:

Այն, որ պետությունը հոգում է անգամ այդ 400 օրինակի լույսընծայման ծախսերը, արձակագիր, սցենարիստ Աղասի Այվազյանն, օրինակ, համարում է մեծ բան. «Գիրք տպելու համար իշխանություններից փող ուզելն ամոթ բան է: Մուրացկանությո՛ւն: Գրքի տպաքանակը պիտի պայմանավորված լինի, եւ այդպես էլ կա, բացառապես ընթերցողներով»: Պարոն Այվազյանը՝ որպես ընթերցող, ունի իր նախասիրած ժամանակակից հայ գրողները. «Լեւոն Խեչոյան, Սուսաննա Հարությունյան, Արա Նազարեթյան, Հրաչյա Թամրազյան, Կարինե Խոդիկյան, Շուշան Հարությունյան: Խնդրեմ, Արմեն Շեկոյան. նորովի վերաբերմունք ժամանակի նկատմամբ»: Իսկ ինչ վերաբերում է ժամանակակից գրողների ստեղծագործությունները չկարդալուն, ապա, ըստ Աղասի Այվազյանի, այսօր չեն կարդում անգամ Վիլյամ Սարոյան, Կոստան Զարյան: «Նվազեցնել իշխանությունների դերը եւ համարել, թե տգետ, ոչ կարդացած, հետեւաբար եւ նեղ աշխարհայացք ունեցող կառավարիչները չեն ազդում գրական միջավայրի եւ` ողջ երկրի հոգեւոր նկարագրի վրա, այնքան էլ այդպես չէ,- կարծում է Արմեն Հովհաննիսյանը: -Իր երկրի, ժողովրդի մշակութային-քաղաքակրթական մակարդակով մտահոգ պետությունը չի կարող հանդուրժել նման իրավիճակ: Իսկ եթե հանդուրժում է, ապա ոչ միայն մտահոգ չէ, այլեւ հիրավի արժանի չէ իշխանություն կոչվելուն՝ ժամանակն է սա հասկանալ»:

Հ.Գ. Ի դեպ, ժամանակին իր հարցազրույցներից մեկում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իրեն ուղղված՝ «Ի՞նչ հեղինակ եք կարդում հիմա» հարցին պատասխանել է՝ Ժյուլ Վեռն…