Գերմանացի ուսանողները՝ Հայաստանում

21/08/2006 Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

«Երեւանի եւ շրջակայքի մասին ես տեղեկացել էի նախքան Հայաստան գալս: Օրինակ, նկարներով տեսել էի Արարատը, եկեղեցիները, Սեւանա լիճը: Բայց դե նկարներով տեսնելն ուրիշ է, իրականում ուրիշ: Պետք է խոստովանեմ, մեկ տարի առաջ ես անգամ չգիտեի, թե որտեղ է գտնվում Հայաստանը: Երբեք այս երկրի հետ չէի առնչվել: Գերմանիայում Հայաստանի մասին մամուլով գրեթե ոչինչ չեն հաղորդում: Գիտեի միայն, որ Հայաստան անունով մի երկիր կա: Հայաստանի մասին իմացա Էնրիկոյից, եւ որոշեցինք միասին գալ»,- ասում է իմ զրուցակիցը՝ գերմանացի ուսանող Բեան Շլոթը: Բեան Շլոթը եւ Էնրիկո Դիքսը գերմանացի ուսանողներ են: Նրանք եկել են Հայաստան` Գերմանական Տեխնիկական համագործակցության ծրագրում GTZ պրակտիկա անցնելու: GTZ-ը կառավարական ծրագիր է, որը համագործակցում է ՀՀ Արդարադատության նախարարության հետ` իրավական դաշտը բարելավելու նպատակով: Բեան եւ Էնրիկոն սովորում են Ենայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: Այստեղ նրանց աշխատանքի թեման «վարչական օրենքն» է:

Հայաստանից Բեայի առաջին տպավորությունը, բնականաբար, օդանավակայանից էր. «Առաջին տպավորությունը, որ ունեցա, «Զվարթնոց» օդանավակայանում էր՝ բացարձակ քաոս էր: Մարդիկ կանգնած էին, խոսում էին-գոռգոռում: Տեմպերամենտով լի մարդիկ են հայերը: Բոլորը ճամպրուկներով կանգնած էին: Երբ ժամանեցինք, սարսափելի շոգ էր: Դե թռիչքից հետո, հոգնած, միակ բանը, որ մտքովդ անցնում է` քնելն է: Ախր, հերթն էլ այնքան մեծ չէր, որ ասեմ: Թե ինչո՞ւ այդքան երկար տեւեց անձնագրերի ստուգումը… Բայց դե ոչինչ, դա չէ էականը: Առաջին բանը, որ այստեղ տեսա` Խոր Վիրապն էր: Շատ գեղեցիկ է: Տեսանք հայկական եկեղեցական արարողությունը, տեր հորն՝ իր ավանդական զգեստով, մարդկանց, ովքեր մոմեր էին վառում: Նման տեսարան երբեք չէի տեսել»:

– Արդեն երկու շաբաթ է, ինչ Հայաստանում եք: Եթե գերմանացուն պատմելիս լինեիք հայ երիտասարդների մասին, ի՞նչ կասեիք:

– Հայ երիտասարդներն, ի տարբերություն մեզ` գերմանացիներիս, շատ ավելի մարդամոտ են: Օրինակ, մենք դիսկոտեկա էինք գնացել, եւ հանկարծ քեզ մոտենում են ու սկսում հետդ պարել, խոսել, առաջարկում են փոխանակվել Էլեկտրոնային հասցեներով: Փորձում են անգլերեն խոսել: Շատ բարեհամբույր են, ձգտում են ամեն կերպ գոհացնել քեզ: Գերմանիայում դա այդպես չէ: Գնում ես պարելու, ասենք, ընկերոջդ հետ եւ վերադառնում ես առանց նոր ծանոթությունների: Իսկ այստեղ նույնիսկ փողոցում են «խոսեցնում»: Եղավ, որ դիսկոտեկի ծանոթներից ոմանց դրսում պատահաբար հանդիպեցի: Եվ կրկին փոխանակվեցինք հասցեներով, որից հետո առաջարկեցին ինձ զանգել, որպեսզի հանդիպենք եւ գնանք սուրճ խմելու: Դա ինձ համար շատ անսովոր է: Գերմանիայում երբեք նման բան չես տեսնի: Երիտասարդներն այստեղ իսկապես շատ բարեհամբույր են:

Հետաքրքիր է, թե ինչպես են այստեղ կանայք հագնվում: Դա մի տեսակ… (նա ժպտում է), ինչպե՞ս ասեմ, նրանք անմիջապես աչքի են ընկնում: Չափից դուրս լավ են հագնվում: Բոլորը կրունկերով կոշիկներ են կրում, բոլորը գեղեցիկ զգեստներով են, ուժեղ շպարված… չէ, բոլորը չէ, իհարկե, բայց շպարված են: Ի տարբերություն գերմանացի կանանց, հայ կանայք ձգտում են գեղեցիկ լինել: Դա է տպավորվել ինձ մոտ: Իսկ տղամարդիկ բոլորը «ծիծակ» կոշիկներ են հագնում: Հիմնականում սեւ տաբատներ` վուշի կտորից եւ վերնաշապիկ: Գրեթե բոլորը այս հագուկապն ունեն: Չէի ասի, թե միապաղաղ է, գույները փոփոխվում են: Բայց ոճը նույնն է: Ինձ դուր է գալիս: Լավ տեսք ունեն:

Էնրիկոն, որ նստած է Բեայի կողքին, միանում է մեր զրույցին:

 – Կանանց առումով նույնը կասեի, ինչ ասաց Բեան: Նրանք շատ «թեթեւ» են հագնված, շատ են մերկ մարմին ցույց տալիս, եթե հաշվի առնենք, որ սա քրիստոնեական երկիր է: Այն տպավորությունն ունեմ, որ անգամ հասարակության «չքավոր» շերտն է լավ հագնվում, կարծես մեծ տեղ է տալիս հագուստին, իր արտաքին տեսքին, այդպե՞ս է: Միջին Եվրոպայում ոչ ոք չի նայում, թե ինչ ես հագել: Ի՛նչ ասեմ, կանանց նայելիս մի հարց եմ ինձ տալիս` իսկ, ասենք, թատրոն կամ օպերա գնալիս ի՞նչ պիտի հագնեն: Բայց դե դա իմ գործը չէ: (Ժպտում է): Իրենք թող որոշեն:

Էնրիկոն Հայաստանի մասին կարծես թե ավելի շատ է տեղյակ.

– Արդեն չորրորդ անգամ եմ Հայաստանում: Եվ ամեն անգամ ինձ պատմում են, որ Հայաստանը ամենահին քրիստոնյա երկիրն է, ավելի հին` քան Քրիստոսն ինքը, որ սուրճն այստեղ են հայտնաբերել, եւ, որ հայկական այբուբենն ավելի հին է, քան վրացականը: Հասնելով Կովկասի հյուսիսային հատվածները, տեղեկանում ես, որ այդ ամենը ճիշտ չէ, քանի որ նրանք էլ պատմում են, թե իբր Վրաստանն է ամենահին քրիստոնյա երկիրը, ավելի հին` քան Աստվածն ինքը, սուրճն էլ սկզբում այնտեղ է աճել, իսկ Մաշտոցը սկզբում վրացական այբուբենն է ստեղծել: Իհարկե, որպես ճանապարհորդող Հայաստանին եմ հավատարիմ մնում եւ հավատում, որ վրացիները լրիվ սխալ են, ինչը, ըստ էության, որեւէ նշանակություն չունի, քանի հարկավոր է դեռ «մարսել» անընդհատ ավելացող տպավորությունների ահռելի ալիքը: Ամեն անգամ ինձ ուրախություն է պատճառում, օրինակ, այն, որ Վերնիսաժում սկզբում՝ անգլերենով, ապա ռուսերենով են սակարկում գները, որի ժամանակ հայտնաբերում ես, որ գնի տարբերությունը հասնում է մինչեւ 300 տոկոսի: Իհարկե, չես ջղայնանում, որովհետեւ ամերիկացին մշտապես պատրաստ է հաճույքով կիսել կապիտալիստական ճանապարհով ձեռք բերած իր հարստությունը: Մեծ գովասանքի է արժանի հայկական խոհանոցը, անկախ այն բանից, որ խաշն ամեն մարդու բան չէ: Այստեղ կարող ես անընդհատ նոր ուտեստներ հայտնաբերել, որոնք թարմ են եւ հեշտ մարսելի:

– Իսկ ո՞րն է հայ եւ գերմանական իրականության մեջ ամենամեծ տարբերությունը:

– Իմ կարծիքով՝ հայ իրականությունից օրինակելին գիտե՞ք որն է` ընտանեկան կապը հայերի մեջ: Օրինակ, եթե ընտանիքի ավագ երեխան, ասենք, տասնվեց կամ քսան տարեկան է, իսկ փոքրը` երկու, չնայած տարիքային այդ մեծ տարբերությանը, նրանք միշտ միասին են: Գերմանիայում այդպես չէ: Քույրս՝ Ձեզ օրինակ. երբ մենք տղաներով խաղում էինք, նա պետք է դրսում մնար: Բացի այդ, հայ ընտանիքի անդամների միջեւ հարաբերությունները շատ օրինակելի են: Նշեմ նաեւ, որ հայ ընտանիքները բազմանդամ են, մինչդեռ Գերմանայում գրեթե երեխաներ չեն ծնվում,-ասում է Էնրիկոն:

– Դուք այստեղ ուսումնասիրեցիք «վարչական օրենքը»: Որպես ապագա իրավաբաններ` ի՞նչ կասեք այդ օրենքի մասին:

– Չգիտեմ, արդյոք կարո՞ղ եմ նման պատասխանատվություն ինձ վրա վերցնել, քանի որ այստեղ որպես պրակտիկանտ եմ գործում եւ ոչ թե որպես փորձագետ: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Վարչական օրենքը» դատարաններին եւ դատավորներին հնարավորություն է տալիս նույն գործի վերաբերյալ մի դեպքում` այս, մեկ այլ դեպքում՝ այլ կերպ որոշում կայացնելու: Տպավորություն է ստեղծվում, թե որոշ բաներ կանխամտածված են անորոշ ձեւակերպվել, որպեսզի «հետին դռան» հնարավորություն մնա: Իսկ ինչ վերաբերում է օրենքի սիստեմատիկային, ապա այն շատ մոտ է գերմանականին,- ասում է Էնրիկոն:

– Գիտեմ, որ գերմանացիները շատ են սիրում «Ռադիո Երեւանի» անեկդոտները: Գերմանիայում վաճառվում է նաեւ այդ անեկդոտների գերմաներեն լեզվով հավաքածուն: Մի անեկդոտ կպատմե՞ք մեզ համար:

– Մեծ հաճույքով: Ուրեմն, «Ռադիո Երեւանին» հարցնում են՝ արդյոք կինը կարո՞ղ է տղամարդուն միլիոնատեր դարձնել: «Ռադիո Երեւանը» պատասխանում է՝ այո, եթե այդ տղամարդը միլիարդատեր է: