Օգոստոսի 16-ին Հայաստանում ավարտվեցին բուհական ընդունելության քննությունները։ Պաշտոնական մեկնաբանությամբ (հանձնաժողովի նախագահների եւ ԿԳՆ-ի տվյալներով)՝ «ամեն ինչ անցավ խաղաղ ու արդար մթնոլորտում», սակայն, ինչպես միշտ, քննություններից դժգոհների թիվն այս անգամ եւս քիչ չէր։
«Հիմնական խնդիրը, որ դրել էինք մեր առջեւ, իրականացավ։ Ընթացան հանգիստ քննություններ։ Քննությունները չպետք է մեր հասարակության համար դառնան ինչ-որ արտառոց, արտակարգ միջոցառում»,- այսպես ասաց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, ում հանդիպեցինք քննության վերջին օրը, հայոց լեզու-1 քննության ժամանակ։ Այսօր հայտնի կլինեն քննական վերջին արդյունքներն ու այնուհետեւ կսկսվի բուն մրցույթը։ «Ամենամրցունակը հումանիտար բլոկն է։ Մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների ուղղությամբ կարելի է ասել, որ շեմն ընկել է։ Սա նախնական ամփոփում է»,- ասաց Լ. Մկրտչյանը։ Նախքան քննությունների սկիզբը, Լ. Մկրտչյանը նշել էր, թե «հաջողված կհամարվեն դրանք, եթե պահպանվի միավորների միջին շեմը»։ Կանխատեսումներն, ինչ-որ տեղ, արդարացված են, քանզի այս տարվա քննություններում 18-20 գնահատականների մեծ հոսք չգրանցվեց, բացառությամբ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ հայերեն գրավոր քննությունների։ «Ֆրանսերենի եւ գերմաներենի շտեմարանները փոքր են, իսկ անգլերենի շտեմարանը պարզապես անգիր են անում»,- ասաց ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ այս խնդիրը լուծելու համար արդեն քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես՝ ծրագիր կա հայոց լեզվի քննությունն արմատական փոփոխությունների ենթարկել։ ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ կրթական համակարգում գործում է գնահատման երկու համակարգ, եւ այսօր Հայաստանում դեռեւս խորհրդայինն է՝ երբ երեխային գնահատում են նրա սխալի հիման վրա։ «Երկրորդ մոտեցումն է այսօր գործածվում աշխարհի շատ երկրներում, երբ ընդունում ես երեխայի սխալվելու իրավունքը։ Երեխային տալիս ես 100-150 հարց, որտեղ որոշ հարցեր կրկնվում են, եթե երեխան մի քանի անգամ սխալվում է նույն հարցում, միավոր ես հանում։ Այսինքն, վերանում է պատահականության պատճառով սխալմունքների տարբերակը, ինչպես նաեւ` «ներվային աժիոտաժը»։ Այս դեպքում վերանում է նաեւ բողոքարկման կարգը: Պարզվում է՝ աշխարհում բողոքարկման կարգ առհասարակ չկա։
Հայերենի չիմացության պատճառով կտրվում են ֆիզիկայից
Երեկ՝ քննության վերջին օրը, երեք քննություն էր նախատեսված՝ հայոց լեզու՝ 1-ին եւ 2-րդ տարբերակով, եւ ֆիզիկա։ Օգոստոսի 14-ի տվյալներով՝ 3573 դիմորդ 3851 նախատեսվածից հանձնել է հայոց լեզու-1 քննությունը։ Դրանից 1656-ը ստացել է 18-20 միավոր, իսկ 166-ը` 8-ից ցածր։ Այս արդյունքները, այս առարկայի հանձնաժողովի նախագահ Սեյրան Գրիգորյանի գնահատմամբ` նորմալ են։ Հիմնական խնդիրը, որ այսօր առկա է այս քննությունում, թեստերի հնությունն է, որին արդեն վարժվել են դիմորդները։ Շատ մասնագետներ կարծում են, որ այս թեստը չի ստուգում դիմորդի հայերենի իմացությունը, քանզի հոմանիշների եւ հականիշների այն քանակը, որ դիմորդը ստիպված է սերտել քննության համար, մեկ տարի անց մոռացվում է։ «Թեստերում կան բաներ, որ անհրաժեշտ չեն եւ մոռացվում են, սակայն բոլոր մասնագիտությունների դեպքում ուսանողը պետք է կարողանա հայերեն ճիշտ գրել»,- ասում է Ս. Գրիգորյանը։ Ըստ պրն Գրիգորյանի՝ շարադրությունը եւ փոխադրությունը չի կարող հանդիսանալ հայերենի իմացության ստուգման ալտերնատիվ տարբերակ, քանզի այս դեպքերում սուբյեկտիվ գործոնները շատ բարձր են։ «Թելադրությունն էլ արատ ունի. տեքստը թելադրվում է շատ կարճ ժամանակում, զգալի նշանակություն է ունենում կարդացողի արտասանության ձեւը, սենյակի ակուստիկան, դիմորդի՝ մոտ կամ հեռու նստելը։ Փաստորեն, առայժմ լավագույն տարբերակը մնում է թեստը»։
Հայերենի վատ իմացությունը կարող է ազդել նաեւ այլ առարկաների արդյունքների վրա։ Մասնավորապես, ինչպես նշեց ֆիզիկայի առարկայական հանձնաժողովի նախագահ Ռոլանդ Ավագյանը՝ «լեզու չգիտեն, եւ այդ պատճառով չեն կարողանում մտքերը լավ ձեւակերպել»։ Արտառոց դեպքեր այս քննության ընթացքում չեն եղել, սակայն ծածկագրերից արտագրելու փորձեր եղել են։ «Քննությունից հետո ծածկագրեր են հայտնաբերվել զուգարանում, սակայն զուգարան չգնան արգելել չենք կարող»,- ասաց հանձնաժողովի նախագահը։
Օգոստոսի 14-ի դրությամբ՝ ֆիզիկայի քննությունից ընդամենը 8 հոգի է արժանացել 20 միավորի, սակայն քիչ չեն նաեւ 15-19 միավորները։ Քննությունից կրտվողների թիվն այստեղ քիչ չէր՝ 591 հոգի։ Շատերն այս երեւույթը բացատրում են նրանով, որ հարցաթերթիկում դպրոցական ծրագրից դուրս հարցեր են եղել։ «Ֆիզիկա քննության ժամանակ դպրոցական ծրագրից դուրս հարցեր չեն եղել։ Այդպես կարծում են միայն ցածր միավորներ ստացած դիմորդները, երբ որեւէ հարցի չեն կարողանում պատասխանել»,- ասաց Ռ. Ավագյանը։ Նմանատիպ բողոքներ ունեին մաթեմատիկայի քննություն հանձնողները, որտեղ նույնպես առանձնապես բարձր միավորներ այս տարի չարձանագրվեցին. 11 հատ 20 միավոր, 1315 հատ անբավարար։ «Թեստերում մտցվեցին տրամաբանական հարցեր՝ 3-րդ, 4-րդ դասարանների դասագրքերից, որոնց համար որոշակի վարժեցված լինելն այլեւս պայման չէր, ստուգվում էր տրամաբանությունը։ Պատկերացրեք, որ այն երեխաները, ովքեր վարժված լուծում են ամենաբարդ խնդիրները, 3-րդ դասարանի խնդիրը չեն կարողանում լուծել»,- տեղեկացրեց ԿԳ նախարարը։ Ըստ նրա՝ սրանում նաեւ կրկնուսույցների մեղքը կա, քանզի «Երեխային օրական 20 խնդիր լուծել տալու փոխարեն` նրան պետք է տրամաբանել սովորեցնեն»։ Բայցեւայնպես, նախարարը համոզված է նաեւ, որ այսօր առանց կրկնուսույցի հնարավոր չէ բուհ ընդունվել։ «Այսօր ձեւավորվել է կրկնուսույցների մոնոպոլիա։ 12-ամյա ուսուցման ավագ դպրոցի ամբողջ իմաստն այն է, որ կրկնուսույցի ֆունկցիաները տեղափոխվեն դպրոց։ Եվ այդ կրկնուսույցները կարող են արդեն դասավանդել դպրոցում»,- ասում է ԿԳ նախարարը։ Ինչեւէ, 2006-2007թթ. բուհական քննություններն արդեն ավարտված են։ Խելացինե՞րը, թե՞ անխելքները վայելեցին ուսանող կոչվելու իրավունքը, մենք չէ, որ պետք է դատենք։ Իրականում ամեն տարի էլ գրեթե նույն պատկերն է՝ միշտ հայտնվում են մարդիկ, ովքեր «հավաստի աղբյուրներից» լսել են, թե ինչպես է «հարեւանի բութ տղան կաշառքով ընդունվել բուհ», իսկ իրենց «տղայի փայլուն գիտելիքներն արժանացել են անբավարար միավորի» եւ այլն, եւ այլն…