Օրերս «168 Ժամ»-ի խմբագրություն ահազանգ եղավ, թե «Կառավարման ակադեմիայում ընդունելության քննությունների ժամանակ խախտումներ են եղել»։ Բողոքող քաղաքացին տվյալ ուսումնական հաստատության դիմորդներից մեկն էր՝ Գագիկ Սլոյանը, ով մեզ հետ զրույցում պատմեց իր հետ պատահածը։
«Հանրային կառավարում» ֆակուլտետ դիմած Գ. Սլոյանը բողոքում էր, որ Կառավարման ակադեմիայում նախքան ընդունելության քննությունների սկիզբը դիմորդներին չի բացատրվել քննությունների անցկացման կարգն ու դիմորդի իրավունքները (Կառավարման ակադեմիա ընդունվելու համար դիմորդը հանձնում է մեկ գրավոր թեստ եւ մեկ հարցազրույց)։
«Թեստից նորմալ գնահատական եմ ստացել` 15 միավոր, սակայն հարցազրույցից ստացա 1 միավոր, այն դեպքում, երբ մասնագիտական հարց չի հնչել, պատմել եմ ընդամենը կենսագրությունս»,- մեզ պատմում էր Գ. Սլոյանը։ Դիմորդն ուզում է հասկանալ՝ իր կենսագրության մեջ այդ ի՞նչն այն չէր եւ ինչո՞ւ նախօրոք չի հստակեցվել հարցազրույցի անցկացման կարգը, որպեսզի դիմորդը կարողանա պատկերացում կազմել քննության մասին եւ իմանա՝ ինչպե՞ս կարող է պաշտպանել իր իրավունքները։
«Հարցազրույցից երկու օր հետո, երբ ես անդադար պահանջում էի հարցազրույցի անցկացման կարգը, պատասխանատու քարտուղարն ինձ տալիս է այդ կարգը, որտեղից ես իմանում եմ, որ գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում իրավունք ունեմ երկու ժամվա ընթացքում բողոքարկել գնահատականս։ Այդ մասին մեզ չէին ասել եւ, փաստորեն, ես զրկվել եմ իմ այդ իրավունքից»։ Կառավարման Ակադեմիայում ընդունելության քննություններն արդեն ավարտված են եւ արդյունքներն ամփոփված, սակայն Սլոյանին սա շատ չի հուզում, նա որոշել է գնալ մինչեւ վերջ. «Ես պետք է ապացուցեմ, որ իրենք ակնհայտ ապօրինություն են արել եւ չեն թույլատրել ինձ բողոքարկել իմ գնահատականը։ Եթե իրենք այս պարզ խախտումը չընդունեն, ապա ես կդիմեմ դատարան եւ ամբողջ արդյունքները կպահանջեմ անվավեր ճանաչել»,- վրդովված ասում էր Գ. Սլոյանը։
«Սլոյանը հայտնի դեմք է»
Այսպես մեզ ասացին Կառավարման ակադեմիայում։ Ակադեմիայի ուսումնական գծով պրոռեկտոր Խաչատուր Բեզիրջյանն ընդունելության քննությունների ընթացքն, ընդհանուր առմամբ, նորմալ է համարում։ «164 դիմորդ ենք ունեցել եւ մեկ բողոքարկում՝ Սլոյան Գագիկ։ Իմ կարծիքով՝ սա նորմալ ցուցանիշ է։ Սլոյանն էլ բողոքում է նրա համար, որովհետեւ վճարովի է ընդունվել»,- ասաց պրոռեկտորը։
Կառավարման ակադեմիայի 2006-2007թթ. ընդունելության քննություններին մասնակցած դիմորդների մեծ մասը՝ թվով 76 դիմորդ դիմել է «հանրային կառավարում» մասնագիտության գծով։ Ընդունվել է 46-ը (այդ թվում՝ Գագիկ Սլոյանը), որից 16-ն՝ անվճար հիմունքներով։ «Իրավագիտություն» եւ «Կառավարում» մասնագիտությունների գծով դիմումները նույնպես քիչ չեն եղել (կառավարման գծով 39 դիմորդից ընդունվել է 29-ը, որից 13-ն՝ անվճար, իսկ իրավագիտության 21 դիմորդներից ընդունվել է 14-ը, որից 7-ը՝ անվճար)։ Անվճար հիմունքներով տեղեր չեն հատկացվել «հոգեբանություն» եւ «քաղաքագիտություն» մասնագիտությունների գծով։ Ըստ Խ. Բեզիրջյանի՝ սա պայմանավորված է նրանով, որ այս մասնագիտությունները «ոչ պրոֆիլային են համարվում եւ դրանց կարիքը դեռեւս չկա»։ Բոլոր մասնագիտությունների համար հանձնվում է մեկ թեստ եւ մեկ հարցազրույց։ Գագիկ Սլոյանին հուզող հարցազրույցի մասին խոսելիս Ակադեմիայի պրոռեկտորը հատկապես նշեց մի կետ, համաձայն որի՝ հարցազրույցն առաջին հերթին հոգեբանական բնույթ է կրում։
«Պետական կառավարման, հանրային կառավարման համար պետք են մարդիկ, ովքեր ունեն համապատասխան բնավորության գծեր։ Չէ՞ որ չինովնիկ ենք պատրաստում։ Երկրի դեմքը քաղաքացիական ծառայողն է, եւ քաղաքացին պետության մասին կարծիք է կազմում չինովնիկի հետ շփվելով։ Նա չպետք է լինի կոշտ, կոպիտ, անտաշ»,- բացատրեց Խ. Բեզիրջյանն՝ ավելացնելով, որ հարցազրույցի նպատակն է՝ բացահայտել ապագա չինովնիկին. ինչպես է նա հաղորդակցվում, որքանով է նա լիդեր, ինչպես է տրամաբանում եւ այլ մանրուքներ։
Մեր հարցին, թե ինչո՞ւ դիմորդներին նախապես չեն տեղեկացնում հարցազրույցի արդյունքները բողոքարկելու մասին, Ակադեմիայի պրոռեկտորն ասաց. «Մանվել Բադալյանը (քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը, որ մասնակցել է ընդունելության քննություններին.-Ա.Մ.) բանավոր կերպով, մեկ առ մեկ հայտարարել է բոլորի արդյունքները, եւ, ինչքան ես եմ հիշում, նա ամեն անգամ նշում էր բողոքարկման մասին։ Եթե անգամ մեկի դեպքում չի ասել այդ ամենը, կարող էին, չէ՞, հարցնել՝ ինչպե՞ս բողոքարկենք։ Նման հարց մենք չենք ունեցել այդ պահին»։
Կառավարման ակադեմիայի պրոռեկտորը հավաստում է, որ իրենց մոտ քննություններն արդար են եղել, եւ որպես ապացույց ասում է, թե «թեստերն անգամ գիշերն են կազմվել»։ «Թեստերի ժամանակ 20 թվանշան չի եղել, հարցազրույցում 5՝ ամենաբարձր նիշը չի եղել։ Դիմորդների 30 տոկոսը հարցազրույցից 0.5 եւ 1 միավոր է ստացել,- ասում է նա: -Ինչ վերաբերում է Գ. Սլոյանին, նա հայտնի դեմք է, քաղաքացիական ծառայության խորհրդում բազմիցս մասնակցել է մրցույթներին եւ ամեն անգամ մի պատմություն է եղել»։
Հ.Գ. Կառավարման ակադեմիան վերջին շրջանում մոդայիկ կրթական հաստատություն է դարձել, սակայն, ըստ ԿԱ-ի աշխատակիցների՝ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներն այս տարի այս բուհ չեն դիմել։ Նախորդ տարիներին այստեղ սովորել է ԱԺ նախկին փոխխոսնակ Յուրի Բախշյանի դուստրը, ով աչքի է ընկել իր բարձր գիտելիքներով։