«Ազնիվ լինելը ձեռնտու է»

21/08/2006

Ռուբեն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահն է եւ 1992 թվականից ղեկավարում է այդ կազմակերպությունը։ Իսկ 2005-ից ղեկավարում է «Ռոսգոսստրախ» ԲԲԸ-ն։ Ամերիկյան Առեւտրի պալատի կողմից նա ճանաչվել է տարվա գործարար` «Ռուսաստանում բիզնեսի զարգացման մեջ զգալի ներդրման եւ մասնագիտական էթիկայի բարձր նորմերին հետեւելու համար»։ Համաշխարհային տնտեսական ֆորումը Ռուբեն Վարդանյանին ներառել է «Ապագայի 100 համաշխարհային լիդերների» ցուցակում։

Ռուբեն Վարդանյանի բիզնեսն իր մասշտաբներով զգալիորեն զիջում է ռուսաստանյան օլիգարխների հարստություններին։ Սակայն ՌԴ գործարար հասարակությունում Ռ. Վարդանյանը փոքր հեղինակություն եւ ազդեցություն չունի։ Նա այնպիսի մարդու համբավ ունի, ով հավատում եւ ուրիշներին էլ հավատ է ներշնչում բիզնեսում «արդար խաղի» ուժի, երկարաժամկետ նպատակների եւ Ռուսաստանի ապագա զարգացման նկատմամբ։

Վարդանյանն իր բիզնեսը սկսել է զրոյից։ Հիմնել է մի կազմակերպություն, որն արժեթղթերի շուկայում առաջատար դիրք է զբաղեցնում, եւ եղել է Ռուսաստանի համար նոր ներդրումային ճյուղի ստեղծողը։

– Ձեռնարկատիրական ունակությունը հավանաբար բնածին ժառանգական ձիրք է։ Դուք ձեր մեջ զգո՞ւմ եք ձեռնարկատիրոջ գեները։

– Կարծում եմ, իմ մոտ հակառակն է։ Ես մեր ընտանիքում ամենաանտաղանդն եմ։ Հայրս առանձնաշնորհ մարդ ու տաղանդավոր ճարտարապետ է, քույրս` հայտնի երգահան, իսկ ես… պարզապես մանկության տարիներին շատ գրքեր եմ կարդացել։

– Այսինքն, ուզում եք ասել, որ բիզնեսում ձեր առաջընթացը հաջողված փո՞րձ է։

– Դժվար է ասել։ Բայց մի անգամ ես հանկարծ ցանկացա իմ խելքով փող վաստակել` ինքնուրույն կառավարելով ճակատագիրս եւ միեւնույն ժամանակ մնալով ազնիվ մարդ։ Փորձի մասին կարելի խոսել միայն այն տեսանկյունից, որ ճյուղը, որում ես կայացա որպես գործարար, Ռուսաստանի համար իսկապես նոր էր։ Ինչ-որ պահի ես հասկացա, որ սովետական համակարգը բացարձակ անարդյունավետ է։ Հայրս դասախոս էր, ընտանիքս պատկանում էր մտավորականների վերնախավին, բոլորն արդար աշխատում էին, իսկ փողը միշտ չէր բավականացնում։ Սակայն, երբ սկսվեցին Գոբարչովի տնտեսական ռեֆորմները, մասնավոր ձեռնարկատերերին թույլ տվեցին սեփական բիզնեսը հիմնել, բոլորը շտապեցին փող վաստակել։ Ինձ անհետաքրքիր էր սովորական ձեւով փող աշխատելը։ Ես ուզում էի օգտագործել միտքս, գիտելիքներս, ինչ-որ նոր բան փնտրել, այլ ոչ թե զբաղվել հասարակ առեւտրով։

– Եվ դուք դարձաք բրոքե՞ր։

– Այժմ դժվար է պատկերացնել 80-ական թվականները։ Ես բանակից վերադարձա 1988-ին, բայց ժամկետային ծառայության մեջ լինելով` հասցրեցի կարդալ Սամուելսոնի «Տնտեսագիտություն» գիրքը։ Ինձ թվում էր, թե ես հասկացել եմ` ինչպես են գործում կապիտալիզմի կանոնները։ Եվ ահա, բանակից հետո ես սկսեցի աշխատանք փնտրել։ Շուրջս ստեղծվում էին համատեղ ձեռնարկություններ, կոոպերատիվներ, երկրում սկսեցին համակարգիչներ հայտնվել։ Բայց ես սկսեցի փնտրել նրանց, ովքեր զբաղվում էին ֆոնդային շուկայով։ Հասկանում էի, որ կապիտալիզմում դա առանցքային բաղադրատարր էր։ Ես այդ ժամանակ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էի։

– Մի գործարար խոստովանել է. «Եթե ես ժամանակին իմանայի, որ շուկան հավերժ է, ապա լրիվ այլ ձեւով կկառուցեի իմ կյանքը»։

– Այն ժամանակ ինտուիցիաս ինձ շատ բան էր հուշում, մասնավորապես` որ շուկան հավերժ է։ 1991-ին ես ծանոթացա Պիտեր Դերբիի հետ (նա այդ ժամանակ Chase-ից տեղափոխվել էր «Դիալոգ բանկ»)` ռուսական ծագումով ամերիկացի գործարար, որը հրավիրվել էր «Դիալոգ բանկը» ղեկավարելու, եւ ով նպատակ ուներ ինքնուրույն ստեղծել ներդրումային բանկ։ Իսկ ես այդ ժամանակ դեռ դիպլոմային աշխատանքս էի գրում։ Եվ ինքս ինձ որոշեցի. «Մի 5 տարի կաշխատեմ «Տրոյկա դիալոգ» բանկում։ Եթե դրանից հետո ՌԴ-ում շուկայական տնտեսություն չլինի, ինչ-որ այլ բանով կզբաղվեմ»։

Այդ ժամանակ ընդամենը 22 տարեկան էի։ Սկզբում «Տրոյկա դիալոգի» գլխավոր տնօրենը Վլադիմիր Կուզնեցովն էր` Ռուսաստանի առաջին մասնագետներից մեկը, ով Արեւմուտքում MBA աստիճան էր ստացել։ Սակայն 1992-ին նա տեղափոխվեց Goldman Sachs, եւ ես զբաղեցրեցի նրա պաշտոնը։ Այդ պահին ընկերությունում աշխատում էին ընդամենը 10 հոգի եւ հիմնականում խորհրդատվական ծառայություններ էին մատուցում։

– Դա նշանակում է` դուք հենց սկզբից մտադիր էիք արագ եւ արկածախնդիր ձեւով փո՞ղ աշխատել։ Այսինքն, եթե կարելի է այդպես արտահայտվել, նպատակներին հասնող մա՞րդ եք։

– Հենց այդպես։ Դա ունի իր դրական եւ բացասական կողմերը, եւ 23 տարեկանում ես ստիպված էի շատ մեծահասակների համոզել, որ Ռուսաստանում ամեն ինչ նորմալ կլինի, որ պետք է աշխատել «երկար ժամանակահատվածի համար», որ ֆոնդային շուկան կզարգանա, որ «Տրոյկա» խումբը ճիշտ ընկերություն է, որ ես ճիշտ մենեջեր եմ։ Երբ ես գլխավոր տնօրեն էի, ոչ ծառայողական աշխատասենյակ ունեի, ոչ էլ մեքենա։ Դա գործին լիովին ինքնանվիրում էր։

Ես մեքենա ձեռք բերեցի միայն 1993-ին (այն էլ Դերբին ինձ ստիպեց դա անել), երբ «Տրոյկան» առաջին շահույթը ստացավ եւ մենք կարողացանք աշխատակիցներին հավելավճարներ տալ։

– Ձեր տեսանկյունից ովքե՞ր են այժմյան ձեռնարկատերերը։ Բիզնեսմենների առաջին խումբը, ինչպես հայտնի է, ի հայտ եկավ 90-ականներին։ 90-ականների կեսերից բիզնես սկսեցին հիմնել նոր մարդիկ` հիմնականում նախկին մենեջերները, ովքեր օժտված էին ձեռնարկչատիրական տաղանդով, փնտրում էին իրենց տեղը եւ կոնկրետ նպատակ էին հետապնդում։ Դա այդպե՞ս է։

– 90-ականների սկզբին բիզնեսի զարգացման համար ներքին շուկան բացարձակ անհետաքրքիր էր։ Հիմնականում զարգանում էին արտահանմանն ուղղված ճյուղերը։ Իսկ հետո շատ մենեջերների համար հնարավորություն ստեղծվեց սեփական գործ սկսել, որովհետեւ որակական փոփոխություններ տեղի ունեցան, սկսեց մեծանալ ներքին շուկան։ Մարդիկ զգացին դա, շատերը բիզնեսը սկսեցին զրոյից եւ հաջողությամբ զարգացնում են այն։

– Իսկ կոնկրետ ովքե՞ր են սկսում զրոյից։

– Նախկին պետական չինովնիկները, զինվորական ծառայությունից հեռացած զինվորականները, մեծ ընկերություններում աշխատած մենեջերները։

– Եվ դուք բիզնեսի ստեղծման համար առանձնահատուկ պրոբլեմներ չե՞ք տեսնում` կապված 90-ականների ճգնաժամի հետեւանքների հետ։

– Ընդհակառակը։ Այժմ նոր հնարավորություններ են ի հայտ եկել։ Ինձ ասում են. «Վերջ։ Լավ ժամանակները վերջացել են»։ Բայց դա հիմարություն է։ Ռուսաստանը հնարավորությունների չմշակված դաշտ է։ Ցանկացած ճյուղում կարելի է հաջողության հասնել, ստեղծել զարգացող ընկերություն։ Հարցը ժամկետների եւ ջանքերի մեջ է։ Պարզապես որոշ ճյուղերում «մուտքի տոմսը» թանկացել է։ Բայց միլիոն կամ միլիարդ դոլարներ աշխատելը խնդիր չէ։ Դա արդեն ամբիցիաների հարց է։ Գլխավորն «արդար խաղի» ուժին, երկարաժամկետ նպատակներին եւ սեփական հաջողությանը հավատալն է։

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի»