Վերջինս ազգությամբ շոտլանդացի է, ծնվել է 1946թ., Շոտլանդիայի Դանֆերմլայն քաղաքում։ 1964-ից հանդես է եկել «Ռեյթ Ռովերս», «Սանդերլենդ» եւ «Շեֆիլդ Ուենսդեյ» թիմերում։ Մարզչական կարիերան սկսել է հենց «Շեֆիլդում», 1977-1979թթ. եղել է այս թիմի խաղացող-մարզիչ։ 1986-ից մինչեւ 1988թ. Պորտերֆիլդը գլխավորել է շոտլանդական «Աբերդինը» եւ 86-87թթ. Չեմպիոնների գավաթում հասել մինչեւ քառորդ եզրափակիչ։ Այնուհետեւ աշխատանքը շարունակել է «Չելսիում», մինչեւ 1993թ.։ Թիմը նրա գլխավորությամբ դարձել է առաջին դիվիզիոնի հաղթող։
1993-ին ստանձնել է Զամբիայի հավաքականի ղեկը՝ հասնելով մինչեւ Աֆրիկայի առաջնության եզրափակիչ, որտեղ պարտվել է Նիգերիային։ Հետագայում Յ. Պորտերֆիլդը գլխավորել է Զիմբաբվեի, Օմանի եւ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականները։ 1995-96թթ. եղել է անգլիական «Բոլթոնի» գլխավոր մարզչի օգնականը։ Շոտլանդացու գլխավորած վերջին թիմը եղել է հարավ-կորեական «Բուսանը», որտեղ նա աշխատում էր 2002թ. նոյեմբերից։ Թիմից նա հեռացել է այս տարվա ապրիլին։ Ինչպես ասուլիսում նշեց Ռ. Հայրապետյանը, համեմատելով եղած մոտ 10 թեկնածուների արդյունքները, ընտրությունը կանգ է առել Յան Պորտերֆիլդի վրա։
Այն հարցին, թե ինչ նոր բան է ինքը տալու Հայաստանի հավաքականին, մարզիչը պատասխանեց. «Ուզում եմ նոր ոգի ստեղծել թիմում եւ բոլորին հնարավորություն տալ իրենց դրսեւորելու»։ Շոտլանդացի մասնագետը լավատեսորեն է տրամադրված։ «Հայկական ֆուտբոլը մեծ ապագա ունի, եւ հայ ֆուտբոլիստները մեծ ներուժ ունեն»,- ասում է նա, բայցեւ (որքան էլ տարօրինակ հնչի) խոստովանում, որ Հայաստանի հավաքականի վերջին տարիներին ցուցադրած ոչ մի խաղ չի տեսել։
Իսկ առջեւում Եվրոպա-2008-ի ընտրական փուլի հանդիպումներն են։ Սեպտեմբերի 6-ին մեր թիմը Երեւանում պետք է մրցի Բելգիայի հետ։ Կհասցնի՞ արդյոք մարզիչը ծանոթանալ ֆուտբոլիստներին, կատարել ընտրություն եւ նախապատրաստվել այդ խաղին։ «Առաջին խաղի համար նախապատրաստվելու ժամանակ քիչ է։ Ֆուտբոլում, ընդհանրապես, ժամանակը միշտ չի հերիքում»,- ասաց Պորտերֆիլդը՝ հույս հայտնելով, որ մեր թիմը կհասցնի նախապատրաստվել եւ հաջող հանդես գալ։
Ազգային հավաքականից բացի, Յան Պորտերֆիլդը գլխավորելու է նաեւ մյուս հավաքականները։ Սակայն չի մարզելու «Փյունիկը»։ Ի տարբերություն նախորդ մարզիչների, աշխատանքի ընթացքում շոտլանդացի մարզիչն ընտանիքով բնակվելու է Հայաստանում։ Պայմանագրի համաձայն, նա գլխավորելու է մեր հավաքականը մինչեւ 2007թ. վերջը։
Նշենք, որ Յան Պորտերֆիլդը թվով 5-րդ արտասահմանցին է, որը հրավիրվում է մարզելու մեր հավաքականը։ Մինչ այժմ մեր ազգային թիմը գլխավորել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, ֆրանսիացի Բեռնար Կազոնին եւ հոլանդացի Հենկ Վիսմանը։ Մեր ֆուտբոլիստները քիչ թե շատ նորմալ խաղ սկսեցին ցուցադրեցին Ստոյկիցայի օրոք, իսկ հաջորդների գալով՝ սկսեցին ավելի ու ավելի վատ հանդես գալ։ Այդ իսկ պատճառով, հայ ֆուտբոլասերները դեռեւս փոքր-ինչ թերահավատությամբ կարող են մոտենալ նոր մարզչին. ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում։
Հուսով ենք, որ Պորտերֆիլդի հայաստանյան ոդիսականը կտարբերվի իր նախորդներից, եւ վերջում չենք ափսոսա այս ընտրության համար։ «168 Ժամը» շնորհավորում է նոր մարզչին եւ հույս հայտնում, որ երկար սպասված հաջողություններին ականատես կլինենք գոնե նրա օրոք։