Երբ լոսանջելեսյան օդանավակայանում ծանոթներն ու հարազատները պաստառներով անհամբեր սպասել են Կ. Հովասափյանի վերադարձին, շատ անտեղյակ մարդիկ մոտեցել ու հարցրել են. «Իսկ ո՞վ է Կարո Հովասափյանը, քաղաքական կամ պետական գործի՞չ, ազգային հերո՞ս, թե՞ հայտնի երգահան է»: Սակայն, երբ իմացել են, որ Կարոն ալպինիստ է, եղել է Հյուսիսային եւ Հարավային բեւեռներում, Մակինլի եւ Ակոնկագուա գագաթներին եւ հաղթանակած վերադառնում է Էվերեստից, նրա նկատմամբ հետաքրքրությունն ավելի է մեծացել:
Կ. Հովասափյանը ծնվել է 1959թ. օգոստոսի 9-ին Թեհրանում: 1969թ. ներգաղթել է Հայաստան՝ բնակություն հաստատելով Չարենցավանում: 1978թ. ծառայել է սովետական բանակում, Իրկուտսկ եւ Նովոսիբիրսկ քաղաքներում: 1982թ. տեղափոխվել է Սոչի, իսկ 1989թ.-ից բնակվում է ԱՄՆ-ում: 12 տարեկանից Կարոն զբաղվել է ըմբշամարտով, գրականության միջոցով ծանոթացել է հայտնի բեւեռախույզներին ու լեռնագնացներին: Ինչպես ասում են, նա իր անվան տերն է: Ծնողները նրան անվանակոչել են «Լալվարի որսկանը» ստեղծագործության հերոսի պատվին: Եվ չեն սխալվել: Կարոյի բնակարանի պատին կոկորդիլոս է կախված, որը հենց նրա որսն է: 1997թ. Կանադայի հյուսիսում բնակվող հնդկացիական ցեղի մի առաջնորդ՝ Ֆրանկ Լեւելեթ անունով, Կարոյին հրավիրել է իրենց մոտ: «Ես նրանց մոտ ապրեցի մեկ ամիս՝ հնարավորինս ուսումնասիրելով նրանց սովորույթները եւ ծանրագույն պայմաններում գոյատեւելու կանոնները: Անմոռանալի օրեր էին: Մարդիկ ապրում են բնությանը ներդաշնակ: Եվ եթե ես ապրելով ընդամենը մեկ ամիս՝ այսքան բավականություն ստացա, ապա վստահորեն կարելի է ասել, որ նրանք երանության մեջ են ապրում»,- պատմում է Կարոն:
Բարձունքների նկատմամբ Կարոյի տածած մեծ սերն իր պատմությունն ունի: Իրանում նրա պապը մի սալաքարի վրա գրել է. «Պարտեզը պատկանում է Ալմաստ Հովասափյանին»: Հայաստան ներգաղթելիս Հովասափյանների ընտանիքն այն բերել է իր հետ: Կարոյի հորեղբայրը ցանկություն է հայտնել սալաքարը բարձրացնել Արագածի գագաթը: Առաջին անգամ անփորձության պատճառով չի հաջողվել դա անել. մինչեւ գագաթը մնացել է ընդամենը 80 մետր: Սակայն դրանից մեկ տարի անց Կարոյենք վերջապես սալաքարը հասցրել են Արագածի ամենաբարձր գագաթը: «Առաջին անգամ կյանքում ես ապրեցի մի զգացում, որը, թերեւս, խոսքերով չես բացատրի, այն պետք է ապրես: Երեւի դա էլ ինձ իր հետ տանում է մինչեւ օրս»,- ասում է ալպինիստը: Կարոյի նվաճումները նոր թափ են ստանում 1996թ., երբ բոլորովին պատահական, օդանավի մեջ նա հանդիպում է ծագումով անգլիացի, կանադաբնակ հայտնի բեւեռախույզ Լորի Թեքսթերին, որի մասին Կարոն գրականությունից շատ էր տեղեկացել: Կարոն Լորիին հայտնում է Հարավային բեւեռ գնալու իր ցանկության մասին, իսկ Թեքսթերը չի մերժում: «Պարզվեց, որ այստեղ հատուկ ֆիզիկական պատրաստակամություն է պետք, ու ինքն անձամբ պետք է ստուգի, որովհետեւ կարող ես գնալ, ու Աստված մի արասցե, չգալ: Պետք է տքնաջան մարզվել: Իսկ ես նախկին դինամոյական եմ, ըմբշամարտիկ, ունեցել եմ այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Նորայր եւ Անդրանիկ Մուշեղյանները, ավագ մարզիչ Սպարտակ Բեջանյանը, որոնց գիտելիքներն իմ հետ են մինչեւ օրս: Այնպես որ «թեստը» բարեհաջող հանձնեցի (26 կմ-անոց մարաթոն) ու պատրաստ էի արշավելու: Բայց դա ինձ չէր բավարարում, ու ես, Լորիից թաքուն, գնում էի սարերն ու մեքենայի անիվներ էի քարշ տալիս հետեւիցս: Երբ խումբը հավաքվեց ուղեւորվելու, մարդիկ, տեսնելով ինձ, կարծեցին, թե արշավախմբին մի բեռ ավելացավ: Բայց ես եւ Լորին գիտեինք, որ ես պատրաստ եմ»,- լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է Կ. Հովասափյանը:
Եվ իրոք, նա պատրաստ էր: 2000թ. նոյեմբերին 10 հոգուց բաղկացած միջազգային խումբը սկսեց արշավը, որն ավարտվեց 2001թ. հունվարի 10-ին: 10-ից 8-ը հասան Հարավային բեւեռ: Կարոն իր հետ վերցրել էր հայկական դրոշը, որը նրան նվիրել էին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանից: Ալպինիստը խոստացել էր, որ այդ դրոշը կբարձրացնի երկրագնդի 7 աշխարհամասերի բարձրագույն գագաթները: Եվ դա նրան հաջողվեց. Կարոն առաջին հայն է, ով եղել է Հյուսիսային եւ Հարավային բեւեռներում եւ աշխարհի բարձրագույն կետերում ծածանել է հայկական եռագույնը: Բայց Էվերեստին հասնելու համար մեր հայրենակիցը շատ փորձություններ է անցել: Քանի որ մայիս-հունիսին եղանակն Էվերեստի վրա բարենպաստ է, ալպինիստները որոշում են հենց այդ ամիսներին սկսել արշավը: 8 երկրների 21 հոգանոց խումբը նախօրոք պլանավորում է Էվերեստ բարձրանալ Տիբեթի կողմից: Սակայն Նեպալում խումբը հարձակման է ենթարկվում մաոիստական կազմակերպության կողմից, ինչի հետեւանքով լեռնագնացներից մեկը վիրավորվում է եւ չի կարողանում շարունակել ճանապարհը: Մոտ 2 ամիս ալպինիստները մարզվում են, բազաներ են ստեղծում, հարմարվում տեղական կլիմային: Նրանք հաճախ են լսում դալայ-լամաների պատմությունները, ովքեր իրենց կյանքի մեծ մասն անցկացրել են լեռան միջին գոտիներում: Խումբն առաջին բազան ստեղծում է 5200 մետր բարձրության վրա, մյուսները՝ 6500, 7100, 7700, 8300 մետրի վրա: 8300 մետր բարձրությունից մինչեւ Էվերեստի գագաթն ընկած հատվածն անվանում են Մահվան գոտի: Եվ չնայած բոլոր դժվարություններին՝ 2005թ. մայիսի 30-ին աշխարհի ամենաբարձր գագաթի 8841 մետրը 5 ալպինիստ հաղթահարել էին, որոնցից առաջինը Կարո Հովասափյանն էր: Բայց նա երկրորդ անգամ չի բարձրանա Էվերեստ: «Որովհետեւ չեմ ուզում վերապրել նույն զգացումները: Այնտեղ մի քանի օր մենք զգում էինք, թե ինչպես է մահը հետապնդում մեզ: Ցավոք, իմ ընկերներից մեկը մահացավ թթվածնի պակասից, մյուսը կորցրեց տեսողությունը, իսկ ռուս բժիշկ Իգորը սառեցրեց ոտքը»,- պատմում է Կարոն: Նրա խոսքերով, 2 բեւեռների նվաճումն արժեցել է շուրջ 70.000 դոլար: Իրենք՝ եղբայրներով փայտամշակման գործարան ունեն եւ կահույքի պատրաստման պատվերներ են կատարում: Գումարի մի մասն այդտեղից է գոյացել, իսկ մյուս մասն, առանց շահադիտական նկատառումների, Կարոյին տվել են իր մտերիմ ընկերներն ամբողջ աշխարհից: Եվ իրոք, Կարոն ալպինիստների շրջանում մեծ հեղինակություն է վայելում: «Այդ մեծահոգի հայը շատ եռանդուն է», «Նա ամենադժվար պահերին օգնում է ընկերներին», «Մենք բոլորս անկեղծորեն սիրում եւ հարգում ենք նրան»,- այսպես են ընկերներն արտահայտվում Կարոյի մասին: Թերեւս միայն ալպինիստի մայրն է, որ չի համակերպվում որդու ընտրած ուղու հետ: «Թող նա տուն վերադառնա, կտեսնեք, թե ինչպես կպատժեմ նրան: Նա միշտ ինձ լարված վիճակում է պահում: Արդեն քանի տարի է՝ անքուն գիշերներ եմ անցկացնում»,- լացակումած ասել է Կարո Հովասափյանի մայրը՝ բարի ու համեստ տիկին Սիրանը:
Իր նվաճումներով Կարոն չի բավարարվում: Սեպտեմբերին նա պլանավորել է իրականացնել իր մանկության երազանքը՝ բարձրանալ Արարատի գագաթը: Իսկ նոյեմբերին կբարձրանա 7-րդ աշխարհամասի՝ Անտարկտիկայի ամենաբարձր կետը՝ Վինսոնյան զանգվածն, ինչից հետո հայկական դրոշը կնվիրի Հայաստանին: Ի դեպ, Կարո Հովասափյանը բոլոր գագաթները նվաճելիս անպայման Եղիշե Չարենց է արտասանում:
Հ.Գ. Մեր տեղեկություններով` Կարո Հովասափյանը սեպտեմբերին կայցելի Հայաստան: