ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կախված է իրադարձությունների հետագա զարգացումից: «Նախագահների հանդիպումը միշտ նախապատրաստում են արտգործնախարարները, եւ նախագահների հերթական հանդիպումը կախված է արտգործնախարարների հանդիպումից»,- «Trend»-ին ասել է Կասպրչիկը եւ հավելել, թե նախագահների միջեւ բանակցությունների հերթական փուլի հետ կապված կոնկրետ գաղափարներ առայժմ չկան: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ աշնանը Պրահայում հնարավոր հանդիպման անցկացման հարցին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը փաստել է, որ Վարդան Օսկանյանը այժմ արձակուրդում է, իսկ Էլմար Մամեդյարովը գտնվում է Շվեդիայում, ինչի պատճառով հարցի քննարկումը հետաձգվում է: Անդրադառնալով հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում տիրող իրավիճակին, Ա. Կասպրչիկն ասել է, թե տարեսկզբին այն բավական լարված էր, սակայն մայիսից նորմալացել է: «Կարծում եմ, այս տարի կողմերի զոհերի եւ վիրավորների թիվը չի գերազանցում 20-ը»,- ասել է նա: