Ինչպես հայտնի է, նախօրեին, ժամը 13:30-ի սահմաններում Աշտարակ-Գյումրի ճանապարհին՝ Ոսկեվազ գյուղի մոտակայքում, անհայտ անձինք «ՎԱԶ 21-09» առանց պետհամարանիշի ավտոմեքենայից կրակ են բացել այդ պահին մայթեզրին կանգնած երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպության ղեկավար, գործարար Ալեքսանդր Գիվոեւի ուղղությամբ:
Կրակոցներից սպանվել է ոչ միայն Ալեքսանդր Գիվոեւը, այլեւ մայթեզրին առեւտրով զբաղված մի կին՝ Գյուլնարա Կարապետյանը: Ա. Գիվոեւի սպանության փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել Արագածոտնի մարզի դատախազությունում: «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով ՀՀ Գլխավոր դատախազությանը, տեղեկացնում է, որ սպանությունից հետո հանցագործները, մոտ երկու ամիս առաջ գողացված «ՎԱԶ 21-09» մեքենայով մոտ 10 կիլոմետր հեռացել են, ապա այրել ավտոմեքենան, ինչից հետո հանցագործները դիմել են փախուստի անհայտ ուղղությամբ: Հետագայում այրված ավտոմեքենայում իրավապահները հայտնաբերել են այն ինքնաձիգը, որով կատարվել է սպանությունը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ Արագածոտնի մարզի դատախազությանը մոտ կանգնած աղբյուրների, դեպքից անմիջապես հետո համապատասխան մարմինները, պատճառաբանելով, թե բենզին չունեն, դեպքի վայր չեն հասցրել հատուկ վարժեցված շների, որպեսզի թարմ հետքերով հնարավոր լիներ գտնել հանցագործներին: Իրավապահներին չի տրամադրվել նաեւ ուղղաթիռ, որպեսզի իրականացվեն համապատասխան միջոցառումներ: Կան վարկածներ, թե սպանությունը պատվիրված է եղել դրսից, եւ կատարողները նույնպես Հայաստան են ներթափանցել արտերկրից: Հիշեցնենք, որ մոսկովյան տեղեկատվական աղբյուրներից մեկը հրապարակել էր քրեական աշխարհի ներկայացուցիչների մասին տեղեկատվություն, որոնց շարքում հիշատակվել էր նաեւ «Հայ-հույ» մականունով Ալեքսանդր Միտյայի Գիվոեւի անունը: