ՀՀ հաջորդ նախագահը կուսակցական կլինի, եթե …

18/08/2006

Տ. Թորոսյանի խոսքերով՝ այս երկրներում ժողովրդավարության կառույցները որպես այդպիսին գոյություն ունեն, սակայն շատ կարեւոր է, որ այդ կառույցները բովանդակություն ստանան: «Այդ խմբի երկրները, ի վերջո, պետք է կամ լիարժեք բովանդակություն հաղորդեն այդ ժողովրդավարական կառույցներին, ունենան կայացած ժողովրդավարություն, կամ կարող են վերջնականորեն այդ կառույցները բովանդակազրկվել եւ դառնալ ընդգծված ավտորիտարիզմ ունեցող երկրների ժամանակակից ցուցափեղկ: Եվ այս հստակությունը մտցնելու համար` այդ երկրներն ունեն մի քանի տարի ժամանակ»,- նշել է խորհրդարանի խոսնակը: Վերջինս նշել է նաեւ, թե ըստ մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների (EBRD, Heritage Fondation եւ այլն)` տնտեսության ասպարեզում Հայաստանը վերջին տարիների ընթացքում ունեցել է շատ լավ հաջողություններ: ԱԺ խոսնակի խոսքերով՝ այստեղ կարեւոր դերակատարություն է ունեցել այն հանգամանքը, որ Ռ. Քոչարյանը եկավ հենց գործադիր իշխանություն եւ շատ լավ պատկերացնում էր եւ՛ խնդիրները, եւ՛ անելիքները: «Շատ կարեւոր էր, որ կուսակցությունները, որ աջակցում էին պարոն Քոչարյանին, լրացնեին քաղաքական ասպարեզը եւ ժողովրդավարության ասպարեզում այն բացը, որն իրեն զգալ է տալիս, որովհետեւ իրենք էին, որ ունեին քաղաքական ասպարեզում փորձառություն: Պետք է ասեմ, որ դա առանձնապես չհաջողվեց»,- ասել է Տ. Թորոսյանը: Ըստ նրա, եթե կուսակցություններն իրոք գիտակցեն իրենց դերակատարությունը եւ վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ, որոնցում թերացել են, քայլեր անեն, ապա Հայաստանի հաջորդ նախագահը կլինի կուսակցության անդամ: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք անհանգստացնող չէ գործարարների չափազանց մեծ ներկայությունը խորհրդարանում, նա պատասխանել է. «Եթե գործարարի հայտնվելը խորհրդարանում կարող է երկրի համար վտանգ ներկայացնել, ապա Իտալիան վաղուց պետք է վերացած լիներ երկրի երեսից (երկիրը տարիներ շարունակ ղեկավարեց գործարար, ընդ որում, որն ուներ բացարձակ ազդեցություն լրատվամիջոցների վրա)»: Անդրադառնալով իշխող կոալիցիայի կազմից «Օրինաց երկիր» կուսակցության դուրս գալուն, ԱԺ խոսնակն ասել է, թե «Օրինաց երկիրը», գնահատելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր հնարավորությունները, գտավ, որ իր համար ավելի շահեկան կլինի, եթե մեկ քայլ ետ անի, այսինքն` գնա ընդդիմություն եւ մեկ տարվա ընթացքում գործելով այնտեղ` այդ կարգավիճակով գա ընտրություններին: «Սա մարտավարության ընտրության խնդիր է եւ հենց այդպես էլ պետք է գնահատվի»,- ասել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:

Ռ. Թ.