ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակիցները երեկ կեսօրին տուն են ուղարկվել 40 աստիճանը գերազանցող շոգի պատճառով։ Ամենայն հավանականությամբ, աշխատակիցներին տուն ուղարկելուց հետո նախարար Վարդան Այվազյանն իր առանձնասենյակում նստել ու սկսել է մտածել մի որեւէ հով տեղ հանգստանալու մասին ու հիշել է Սեւանը։ Իսկ Սեւանի մասին հիշելիս, ինչպես գիտեք, մարդու գլխում միանգամից ծագում է որսորդությամբ զբաղվելու միտքը՝ ասենք` ճայերի որս, այն էլ` ատրճանակով։ Սակայն մեր նախարարներն օրենքը խախտել չեն սիրում. որսորդությամբ զբաղվելու համար պետք է թույլտվություն լինի։ Եվ պրն Այվազյանը երեկ հրաման է ստորագրել, որով թույլատրվել է սիրողական որսը ՀՀ տարածքում։ Համաձայն այդ հրամանի` օգոստոսի 19-ից հոկտեմբերի 29-ը կարող եք որսալ լոր, օգոստոսի 19-ից հոկտեմբերի 29-ը՝ կտցար, հոկտեմբերի 2-ից դեկտեմբերի 31-ը`աղավնիներ (թխակապույտ եւ անտառային, տատրակ), ջրլող թռչուններ՝ բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ)` 2006 թ. սեպտեմբերի 15-ից 2007 թ. մարտի 15-ը, նապաստակ` 2006 թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը, քարակաքավ` նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը, աղվես` 2006թ. նոյեմբերի 15-ից 2007թ. փետրվարի 28-ը: Իհարկե, «Սիրողական որս-2006»-ին կարող եք մասնակցել, եթե թռչնագրիպից չեք վախենում, գիտեք` որն է մրտիմը, եւ ամենակարեւորը՝ տարբերում եք, թե որոնք սուլել գիտեն, որոնք ոչ։ Համենայնդեպս, այսպես է գրված Վարդան Այվազյանի ստորագրած հրամանի մեջ: Նշենք, որ ճայերի մասին հրամանում ոչինչ չկա։