Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարից հետո երկրի բացարձակ իշխանությունն անցավ «Հանրապետական խունտային»: Երեկ «Փաստարկ» ակումբում նման կարծիք է հայտնել Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Ըստ նրա, 1998-ից հետո սա արդեն երկրորդ դեպքն է, երբ «ռազմական մեքենան եւ պատժիչ ապարատը բռնակցվում են մի կուսակցության, որի ձեռքում է եւ՛ պառլամենտական, եւ՛ գործադիր իշխանությունը»: Դ. Հակոբյանի խոսքերով՝ այս ամենի սկիզբն «Օրինաց երկրի» «գահընկեցությունն» էր, ինչը նա անվանեց «սողացող հեղաշրջում»: Իսկ ՀՀԿ-ի համագումարից հետո, մարքսիստների առաջնորդի պնդմամբ, վերջնականապես պալատական հեղաշրջում իրականացվեց:
«Դա կոչվում է բոնապարտիզմ, խունտիզմ, բլանկիզմ, քաղաքական ավանտյուրիզմ»,- բացատրում է հանրապետության գլխավոր մարքսիստը: Վերջինիս խոսքերով՝ Սերժ Ազատիչը չի լինի Սերժ Ազատիչ, եթե աշնանային շրջանը չսկսի «արքայական գամբիտով»՝ գրոհելով նախագահի պաշտոնը: Իր այս կանխատեսումը նա հիմնավորում է նրանով, որ այսօր, մինչ խորհրդարանական ընտրությունների մարաթոնի սկսվելը, չկան ավելի հարմար ու նպաստավոր պայմաններ:
Ըստ Մարքսիստական կուսակցության ղեկավարի, միջազգային դիվանագիտական ատյանները հուշում են, որ Արցախի հարցի դիվանագիտական փուլը «հանգել է կրախի», եւ այսօր մեր երկրին օդի եւ ջրի նման գոնե մեկ տարվա դիվանագիտական թայմ-աուտ է անհրաժեշտ, որպեսզի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը վերջացնի իր կարիերան եւ 2007-ի վերջին ԱՄՆ նախագահ դառնա Հիլարի Քլինթոնը, որպեսզի մերձավորարեւելյան քաղաքականությունը լրիվ շրջադարձ կատարի: Հենց այս ամենն էլ, ըստ Դ. Հակոբյանի, ՀՀ նախագահի՝ ժամանակից շուտ հրաժարական տալու ամենագլխավոր նախապայմանն է: Բացի այդ, Հայաստանի մարքսիստների առաջնորդը մտածում է, որ ՀՀԿ-ն չպետք է թույլ տա, որ իր ախոյանները մինչեւ մայիս ձեւավորվեն, ընդարձակվեն, ամրապնդվեն: «Կամ Սերժ Սարգսյանը մինչեւ հունվար կլինի նախագահ, կամ չի լինի ընդհանրապես, այսինքն՝ նախագահի հրաժարականն իր կամոք կլինի մաքսիմում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին»,- վստահեցնում է Դ. Հակոբյանը: Ըստ նրա, եթե Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հունվար չզիջի նախագահի պաշտոնը, դա հակասություն կառաջացնի նախագահի ու պաշտպանության նախարարի միջեւ, ինչից կօգտվի երրորդ ուժը: Իսկ եթե մարքսիստների առաջնորդը սխալվի իր կանխատեսումներում, եւ ՀՀԿ-ն այդպես էլ չհասկանա, որ հիմա է նախագահի պաշտոնը «գրոհելու» ամենահարմար պահը, այդ դեպքում էլ Դ. Հակոբյանը պատասխանում է՝ Հեգելին հղում անելով. «Ավելի վատ իրենց համար»: Մարքսիստական կուսակցության ղեկավարի խոսքերով՝ այսպես կոչված, ընդդիմադիր դաշտի սուբյեկտներն անգամ ուշադրության արժանի չեն: «Տեսեք, ովքեր են ընդդիմադիր: Հինգ նախկին վարչապետներ վազում են իշխանության` Խոսրով Մելիքիչից մինչեւ Դարբինյան Արմեն, մինչեւ Վազգեն Մանուկյան, եւ այլն, եւ այլն: Այդ անհատներն արդեն մերժված են հասարակության կողմից: Հարց է ծագում. ո՞ւր են գնում, ի՞նչ ընդդիմություն: Ռեւանշիզմ է, ոչինչ ավելի: Ընդդիմությունն ընդդիմություն է իր ալտերնատիվ գաղափարական մտքով»,- ասում է Դ. Հակոբյանը: Վերջինս երեկ շատ խոսեց ՀՀԿ-ի հավակնությունների մասին: Հայտնի է նաեւ, որ բավական մեծ հավակնություններ ունի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, իսկ բոլորովին վերջերս որոշ ՀՀՇ-ականներ կարծիք հայտնեցին, թե իրենք ապագա ԱԺ-ում մեծամասնություն են լինելու: Վերջն ի՞նչ է լինելու: Սա ի՞նչ է նշանակում: Այս հարցին Դ. Հակոբյանն այսպես պատասխանեց. «ՀՀՇ-ի հարթակի տղաների ժամանակներն անցել են: Կարծում եմ, որ հասարակությունը մերժում է նրանց մուտքը քաղաքականություն: Այսօրվա Հանրապետականից մինչեւ ՀՀՇ, սրանք բոլորը նույն կեղծ ժողովրդավարներն են` քաղաքական տարբեր մուտացիաներով: Նույն հանրապետականները, նույն մնացած, այսպես կոչված, լիբերալիզմի ուժերը, բոլորը ՀՀՇ-ի մետամորֆոզիկ ձեւերն են»: Բանախոսի գնահատմամբ՝ երկրի բարոյական եւ քաղաքական անկումն այն աստիճանի է հասել, որ սպառնում է հայությանը վերացնել որպես ամբողջական ժողովուրդ: Եվ այս պարագայում Դ. Հակոբյանը գտնում է, որ այսօր առաջին հերթին անհրաժեշտ է գաղափարական նոր սերնդափոխություն` հանուն ազգի եւ ազգային գենոֆոնդի կենսաբանական անվտանգության: «Երկրորդ` հարկավոր է նոր կենսաբանական անվտանգության հայեցակարգ, երրորդ` հարկավոր է նոր ազգային հայեցակարգ եւ ազգային գաղափարախոսություն, չորրորդ` հարկավոր է նոր ագրարային քաղաքականություն, վեցերորդ` հարկավոր է նոր ընտրական իրավունք` համընդհանուր ընտրական իրավունք, եւ յոթերորդ` հարկավոր է նոր Սահմանադրություն»,- կարծում է Դ. Հակոբյանը: