– Ինչպե՞ս կմեկնաբանեք Իրանի շուրջ ստեղծված ներկայիս լարված իրավիճակը:
– Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները հիմնականում միտված են այդ երկրի` որպես տարածաշրջանային գերտերության, մասնատմանը: Արեւմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի, հիմնական մտավախությունն այն է, որ Իրանը հետագայում կարող է միջուկային զենք ստեղծել եւ դառնալ անկառավարելի գործոն: Սակայն Իրանը, որպես երեքհազարամյա պետական ավանդույթներ ունեցող երկիր, որն ունի բազմաշերտ պետական կառուցվածք, միջուկային զենք ունենալու դեպքում անգամ կարող է շատ ավելի վերահսկելի լինել, քան այսօր արդեն միջուկային զենք ունեցող շատ այլ երկրներ. օրինակ, Պակիստանը: Եթե նույնիսկ Իրանն ինչ-որ ժամանակ տիրանա միջուկային զենքին, ապա կստեղծվի տարածաշրջանային բալանս եւ հավասարակշռություն, եւ շատ խնդիրներ ու զարգացումներ այլ` ավելի խաղաղ ու կառավարելի բնույթ կստանան: Սակայն այսօր խոսքը ոչ թե միջուկային զենքի մասին է, այլ միջուկային էներգիան լոկ խաղաղ ճանապարհով օգտագործելու հարցն է արծարծվում: Վիճահարույցն այստեղ ուրանի հարստացման խնդիրն է միայն, որ Իրանը ցանկանում է իրականացնել իր տարածքում: Ինչպես նշեցի, որոշակի ուժեր` ինչպես Արեւմուտքում, այնպես էլ տարածաշրջանում, զգալի աշխատանք են տանում Իրանը մասնատելու ուղղությամբ, որը հիմնականում արտահայտվում է այդ երկրում արհեստական միջէթնիկ հակասությունների եւ ներքին խժդժությունների ստեղծման ֆորմատով: Սակայն Իրանը, հակառակ թվացյալ իր բազմազգության, մոնոլիտ պետություն է: Իրանը` որպես պետական կառույց, որեւէ այլ ցեղային միավորի` իր էթնիկ տարածքով կամ ինչ-որ հարակից տարածքներով, երբեք արհեստականորեն իրեն չի միացրել: Այս վիճակով այդ երկիրը գոյություն ունի արդեն 2600 տարի: Ոչ մի ցեղային միավոր այդ երկրում այսօր որեւէ բարոյական կամ իրավական իրավունք չունի հավակնել անկախ պետական կառույց ստեղծելու կամ որպես անկախ միավոր հանդես գալու: Հետեւաբար, արհեստական միջէթնիկ լարվածության ստեղծման փորձերը, վստահաբար կարող եմ ասել, դատապարտված են անհաջողության: Բացի այդ, Իրանի այսօրվա թեոկրատիկ վարչակարգը, ինչպես էլ այն գնահատենք, երկրում այլընտրանք չունի: Հավատացեք, ներկայիս իսլամական վարչակարգի երկընտրանքն Իրանի մասնատումն է:
– Իսկ գերտերություններին ինչո՞ւ է ձեռնտու Իրանի մասնատումը: Իրանից նրանք ի՞նչ վտանգ են տեսնում:
– ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը, իսկ մեր տարածաշրջանում` հատկապես Իսրայելը շահագրգռված են, որ Իրանի ներկայիս իսլամական ինքնաբավ վարչակարգը փոխարինվի ավելի կառավարելի, «դեմոկրատական» ռեժիմով: Իսկ հետեւանքների մասին այլեւս չեմ ասում. դա հենց նրանց ծրագրերի հիմնական մեխն է: Այստեղ, բնականաբար, չափազանց միամիտ կլինի, եթե մենք կարծենք, թե Արեւմուտքն անշահախնդրորեն ցանկանում է Իրան ներմուծել ժողովրդավարական կարգեր, որովհետեւ հենց Արեւմուտքի բազմաթիվ «արբանյակ» երկրներ կան, ինչպես, օրինակ, Սաուդյան Արաբիան, որոնք ոչ միայն դեմոկրատական չեն, այլեւ ավելի շուտ նման են միջնադարյան բռնապետությունների` իրավական եւ հասարակական ամենահոռի, հետամնաց կարգերով: Պարզ է, որ այստեղ դիտելի են զուտ քաղաքական նպատակներ եւ ուրիշ ոչինչ:
– Ձեր խոսքում նշեցիք, որ միջուկային պաշարների առումով Իրանը բավական վերահսկելի է: Ի՞նչ երաշխիքներ կան, որ միջուկային պաշարները բացառապես խաղաղ նպատակներով կկիրառվեն:
– Իհարկե, ինչպես ասացի, Իրանը դեռեւս չունի միջուկային զենք, եւ ես չգիտեմ` երբեւէ կունենա՞, թե՞ ոչ: Սակայն` ծանոթ լինելով Իրանի պետական կառուցվածքին, կարող եմ ասել, որ այն չափազանց բազմաշերտ է, կազմված իրար դինամիկորեն հակակշռող ատյաններից: Լինի միջուկային զենք, թե այլ` առաջնային կարեւորություն ունեցող որոշումներ, միեւնույն է` դրանք անցնում են բազմաբնույթ ֆիլտրներով ու զտման այլ գործընթացներով: Իրանը Պակիստանի կամ Կորեայի նման պետություն չէ, որտեղ ցանկացած որոշում կարող է կայացնել մեկ անձ կամ մարդկանց մի խումբ: Դրանից հետեւում է, որ, դիցուք, եթե երբեւէ Իրանում միջուկային զենք ստեղծվի, ապա դրա վտանգն ավելին չի լինելու, քան ՌԴ-ի կամ ԱՄՆ-ի դեպքում:
– Վերջին մի քանի տարիներին Իրանի եւ ընդհանրապես մահմեդական աշխարհի շուրջ ստեղծված վերաբերմունքը մինչեւ հիմա տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների հետեւանք չէ՞: Եվ արդյոք Արեւմուտքն այս ամենը չի՞ անում հենց իր անվտանգությունից ելնելով:
– Ոչ ոք մուսուլմանական տեռորիզմի առաջացմանն այնքան չի նպաստել, որքան Արեւմուտքը, այդ թվում` ԱՄՆ-ը: 20-րդ դարի կեսերին մուսուլմանական տեռորիստական խմբերի, օրինակ, թալիբների առաջացման հարցում հիմնական դերն ունեցել է նույն Արեւմուտքը: Մուսուլմանական ահաբեկչություն, որպես երեւույթ, մենք երբեւէ չենք ունեցել. իհարկե, եղել է վահաբական շարժումը, սակայն այն ավելի շուտ ուղղված է եղել մուսուլմանների, եւ հատկապես շիաների դեմ: Մուսուլմանական ֆունդամենտալիզմի անհաշտությունը հենց արեւմտյան արդյունք է: Թալիբների եւ, մասնավորապես, Բեն Լադենի խմբավորման ստեղծման մեջ ԱՄՆ-ի դերը հայտնի է: Այսպես կոչված, իսլամական ահաբեկչությունը ոչ մի կերպ չի կարելի գնահատել որպես հակաքրիստոնեական երեւույթ. ավելին, այդ շարժման մեջ (եթե այն պայմանականորեն ընդունենք որպես գլոբալ մի շարժում) ավելի շուտ տեսանելի են պրոքրիստոնեական տարրեր: Իսլամը երբեք չի խրախուսել տեռորիզմը եւ, ընդհանրապես, այս երեւույթը, ես կասեի, ավելի շուտ արեւմտյան քաղաքական արսենալի տարրերից է, որը որդեգրել են մուսուլմանները նախորդ հարյուրամյակում: Այսօր կան քրիստոնեական ահաբեկչական կազմակերպություններ, որոնք շատ ավելի դաժան են գործում, շատ ավելի անզուսպ ու անմարդկային են, քան իսլամականները:
– Իսկ Իրանյան հիմնախնդիրն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա:
– Մենք պետք է խորհենք, թե նմանօրինակ զարգացումները (մի կողմ թողնելով իրանական ժողովրդի իրական շահերը), ինչքանով է Հայաստանի օգտին: Կարծում եմ, այսօր Հայաստանում չի գտնվի որեւէ ողջախոհ մարդ, էլ չասեմ` խորամիտ քաղաքական գործիչ` անկախ նրա քաղաքական հակումներից` արեւելամետ «ազատական», կամ «արեւելամետ», որին նման հեռանկարը հրապուրիչ թվա: Պարզից էլ պարզ է, որ նմանօրինակ քաղաքական միտումները, եթե, Աստված մի արասցե, երբեւէ իրականություն դառնան, զգալի հարված է լինելու նախ եւ առաջ ՀՀ ազգային անվտանգությանը:
– Ձեր կարծիքով, Հայաստանի քաղաքական էլիտան ի՞նչ դիրքորոշում պետք է ունենա Իրանի հանդեպ: Չէ՞ որ, ինչ էլ ասենք, Իրանի այսօրվա վարչակարգը ոչ մի կերպ չենք կարող բնորոշել որպես ժողովրդավարական:
– Նախ, ժողովրդավարական եզրն ինքնին պայմանական հասկացություն է: Ամեն երկիր ունի իր առանձնահատկությունները, ազգային ավանդույթներն ու ազգային աշխարհայացքը. Իրանի այսօրվա վարչակարգը` ինչպես էլ այն գնահատենք արեւմտյան չափանիշներով, ժողովրդի գերակշիռ մեծամասնության պաշտպանությունը վայելող կառույց է: Հետեւաբար, ժողովրդավարական այն մոդելը, որ այսօր իշխում է Իրանում, այդ երկրի համար առավել օպտիմալ տարբերակն է: Եվ վերջին նախագահական ընտրությունները ասվածի լավագույն ապացույցն են: Հիմա հայ քաղաքական միտքն, ի վերջո, պետք է հասկանա, որ Հայաստանը` լինելով փոքր եւ դեռեւս վերջնականապես չկայացած պետականություն ունեցող երկիր, լինելով հարեւաններից երկուսի հետ համարյա պատերազմական իրավիճակում, իսկ երրորդի հետ դեռեւս անհասկանալի հարաբերությունների մեջ, իրավունք չունի իրեն շքեղություն թույլ տալու ներառնվելու արեւմտյան գլոբալ պրոցեսների մեջ` ինչպես քաղաքական, այնպես էլ աշխարհայացքային, արժեքային եւ այլն: Արեւմտյան դեմոկրատական մոդելների կիրարկումը պետք է պայմանավորվի տվյալ երկրների եւ տարածքների ազգային, մշակութային եւ աշխարհայացքային սուբստրատի բնույթով: Ասվածից բխում է, որ հայ քաղաքական միտքը պետք է նախ եւ առաջ մտահոգվի Հայաստանի ներքին կյանքով եւ մեր երկրում ժողովրդավարական գործընթացների ամրակայմամբ: Այս կամ այն երկրին տրվող արեւմտյան գնահատականների եւ պիտակների մեխանիկական կրկնումն այս կամ այն նորելուկ հայ «ազատականի» (որպես կանոն, նախկին կաշառակեր եւ երկրի թալանին մասնակցություն բերած անձ) կողմից ոչ միայն ծիծաղելի է, այլեւ որոշ դեպքերում կարող է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ստեղծել անցանկալի հոսանքներ եւ զարգացումներ: Ի վերջո, արեւմտյան արժեքներ կրելը չի նշանակում հախուռն կերպով պաշտպանել այն, ինչ քաղաքական նպատակներով արվում է Արեւմուտքում: Իհարկե, հասկանալի է, թե նորելուկ «ազատականներն» ինչու են այդպես կապկում ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատականները. արեւմտամետի իմիջ ձեռք բերելու եւ դրանից բխող օգնություններից անմասն չմնալու համար: Եվ, կարծում եմ, արեւմտյան շրջանները մեծ սխալ կգործեին, եթե Հայաստանում սպասվող առաջիկա ընտրական գործընթացներում այդ «ազատականներից» որեւէ մեկի վրա հաշիվ անեին:
Այնպես որ` այսօր Հայաստանի համար ավելի կենսական խնդիր, քան երկրում իրական ժողովրդավարության հաստատումն է` չկա: Ժողովրդավարությունը Հայաստանի համար ազգային անվտանգության հիմնական բաղադրիչն է: