«Գրավյալ տարածքները ռազմական ճանապարհով հետ վերցնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատրաստակամությանն առնչվող իրավիճակը փոքր-ինչ անեկդոտային բնույթ է ձեռք բերում, երբ պաշտպանության նախարարը մշտապես պատրաստվում է ձեռնարկել այդ»,- «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: «Պաշտպանության նախարարը չպետք է որեւէ հայտարարություն անի, այլ պետք է հարց բարձրացնի երկրի ղեկավարության առջեւ եւ սպասի հարձակման հրամանի»,- այդպես է փորձագետը մեկնաբանել ԱՀ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հերթական հայտարարությունը «ռազմական ճանապարհով տարածքների ազատագրման վերաբերյալ»՝ ավելացնելով, թե ռազմարշավ սկսելու եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու դեպքում Ադրբեջանի ռազմական խմբավորման ընդհանուր թիվը կանոնավոր զորքերի անձնակազմի հետ միասին կկազմի 180. 000 զինծառայող: «Մարտական գործողությունները կարող են սկսվել պաշտոնական հայտարարությունից հետո»,- ասել է նա։ Վերջինիս պնդմամբ, Ադրբեջանը ձեռնամուխ է լինում գրավյալ տարածքների ազատագրման մարտական գործողությունների: Մյուս տարբերակով` տարածքների ազատագրման մարտական գործողությունները կարող են սկսվել անակնկալ, որից հետո Ադրբեջանը կարող է ՄԱԿ-ին եւ հարեւան երկրներին տեղյակ պահել մարտական գործողություններ սկսելու նպատակի մասին: Խոսելով ադրբեջանական բանակի մասին` փորձագետը նշել է, որ բանակի անձնակազմը 71. 000 է, «թեեւ, ըստ բոլոր ցուցանիշների, այն պետք է լինի 80.000»: Փորձագետի կարծիքով, Ադրբեջանի ամենամեծ առավելությունը ցամաքային զորքերն են, որոնք աչքի են ընկնում ադրբեջանական բանակի մնացած զորատեսակների ֆոնի վրա: