Պպզած մարդ

16/08/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Խոսքի դժվարություն ունեցող ինձ ծանոթ ու հատկապես անծանոթ մարդկանցից նախապես հազար ներողություն խնդրելով՝ ուզում եմ սկսել մի հին անեկդոտով։ Ուրեմն՝ կակազող մեկը փողոցում մի մարդու հարցնում է կակազողների դպրոցի տեղը։ «Ախպեր ջան, լավ էլ կակազում ես, դպրոցն ինչի՞դ ա պետք»,- պատասխանում է մարդը, ով հավանաբար թյուր պատկերացում ունի դպրոցի եւ առհասարակ կրթական համակարգի մասին։

Այս օրերին հանրապետության գլխավոր թեման ընդունելության քննություններն են։ Ոմանք դիմորդ ունեն տանը, ոմանք հետաքրքրվում են ծանոթների երեխաների ճակատագրով, ոմանց էլ հետաքրքրում է այս հույժ կարեւոր իրադարձության քաղաքական եւ հատկապես տնտեսական կողմը։

Ովքեր դիմորդ ունեն կամ ցավում են ծանոթների երեխաների համար, նրանց ավելի շատ հետաքրքրում է միավորների վիճակագրությունն ու ընդհանուր ֆոնի դինամիկան։ Ում քաղաքական եւ հատկապես տնտեսական կողմն է հետաքրքրում, նրանք ուզում են հասկանալ, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեկնարկային ի՞նչ հնարավորություններ ձեռք կբերի Նիկոլ Աղբալյանի ու Լեւոն Շանթի կուսակցությունը։ Չէ՞ որ բարգավաճածների եւ բարգավաճողների հետ գաղափարական մրցություն չի լինելու եւ «Հին ընկերները չեն դավաճանում» կարգի պաստառներ տպելու ու տարածելու համար ռեսուրսներ են հարկավոր։

Ինձ իրականում չի հետաքրքրում ոչ մեկը, ոչ էլ մյուսը։ Ինձ հետաքրքրում է այն, որ դպրոցն ահագին շախ-շուխուռով, ծափ-ծլնգոցով, վերջին զանգի զիլ զրնգոցով ավարտած ու կյանք մտած երեխաները հայտնվում են մի խոռոչում, որը պայմանականորեն կարելի է անվանել «անկրթությունների միջակայք»։ Ինչո՞ւ։ Որովհետեւ դպրոցի ու բարձրագույն ուսումնական հաստատության միակ կապը կրթություն չապահովելն է։ Երկուսում էլ՝ թե դասատուները եւ թե դասախոսները, որքան առիթ եմ ունեցել խոսելու, առանց երկմտանքի խոստովանում են, թե մատուցվող ծառայությունը հեռու է բավարար լինելուց։ Իսկ պարապելու ու քննություն հանձնելու կարճ ժամանակահատվածն իր հերթին ոչ մի կապ չունի դպրոցի եւ բուհի հետ։ Կրկնուսույցներն արդեն չեն էլ հարցնում, թե երեխան ոնց է սովորում դպրոցում։

Եվ այս պայմաններում, հուլիս-օգոստոս թեժ ամիսներին սկսվում է գլադիատորական մի ներկայացում, որի մասնակիցները մեր երկրի ապագան են։ Քննասենյակներում նստում են ինչ-որ մետրներ (իհարկե, կիլոմետրի հավակնություններով) եւ ներս մտնող տղային կամ աղջկան դիմավորում են «դե ասա, մի հատ տեսնեմ» կեցվածքով։ Այսինքն թե՝ աղջիկ ջան կամ տղա ջան, էդ ո՞նց պետք է մեկ տարում անգիր արած լինես տասը տարում չսովորածդ, որ սխալ չգտնենք։ Եվ գլադիատորական դաժան, բայց պարզ ներկայացումը ձեռի հետ վերածվում է նաեւ աբսուրդի թատրոնի։

Անգլերեն բանավոր քննության տեքստը թարգմանելիս անկրթության մի օջախը հենց նոր ավարտած եւ մյուսը մտնել ձգտող երեխայից պահանջվում է հաշվի առնել կոնտեքստը։ Այ քեզ բան, եթե լավ էլ կակազում եմ, էլ դպրոցն ինչի՞ս է պետք։ Կոնտեքստային իմաստից գաղափար ունեցող երեխային Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգն ի վիճակի՞ է տալ համապատասխան կրթություն, թե՞ պարզապես շոգին արձակուրդ գնալու հնարավորությունից զրկված մեկը ծովափնյա իր հանգիստը փոխարինում է դիմորդների վրա կայֆ բռնելով։ Ի դեպ, դիմորդն, ում հետ պատահել էր այս դեպքը (այս պատճառով ցածր գնահատական ստանալը), բարեխղճորեն զանգահարել էր իր ընկերոջն ու զգուշացրել, թե այսինչ տեքստի այս նախադասությունն այսպես կթարգմանես, որովհետեւ կոնտեքստ են պահանջում։ Ընկերոջն էլ, թարսի պես, նույն տեքստն էր ընկել եւ երբ նա հրամցրել էր կոնտեքստային տարբերակը, դարձյալ սխալ էր դուրս եկել։ «Չէ մի, չէ կոնտեքստ, քեզ մի ցույց տուր ստեղ»,- հավանաբար ասել էին խեղճ դիմորդին։

Մաթեմատիկայի քննություն հանձնող մեկի միավորները պակասեցրել էին միայն այն պատճառով, որ նույն խնդիրը կարելի է լուծել երկու ձեւով, իսկ դիմորդն ընտրել է դրանցից մեկը։ Պատմության քննության անհեթեթությունների մասին կարելի է երկար գրել, բայց ամենացայտունը Սմբատ զորավարի անվան տակ քաշված գիծն է։ Պարզվում է, որ հայ ժողովրդի պատմություն հանձնող դիմորդն անպայման պետք է գրած լիներ «հայոց Սմբատ զորավարը», որ հանկարծ քննողների մոտ կասկած չառաջանար, թե խոսքը վիետնամցի հրամանատարի մասին է։ Իսկ այս տարի իմ լսած անհեթեթությունների գագաթնակետը «պպզած մարդն» է։ Գերմաներենի բանավորը հաջողությամբ հանձնած մի դիմորդի, ով հավանաբար փորձել է պայքարել քսան միավոր ստանալու համար, հարցրել են. «Դե ասա, գերմաներեն ո՞նց կլինի պպզած մարդ»։ Դիմորդը չի հիշել։ Քննողներն ահավոր վիրավորվել են, որ գերմաներեն լեզվից քննություն հանձնող հայ երեխան չգիտե այդ հույժ կարեւոր արտահայտության գերմաներեն թարգմանությունը։

«Բա եղավ՞,- հավանաբար մտածել են քննողները,- էգուց-մյուս օրը, որ գնաս, ասենք, Գերմանիա կամ Ավստրիա, ու քեզ հարցնեն, օրինակ, Հայաստանի Ազգային ժողովի մասին, ո՞նց ես պատմելու, ո՞նց ես ներկայացնելու մեր պատմությունն ու մեր մշակույթը, վախենամ, թե «բորդյուր», «թզբեհ», «սեմուշկա», «չրթել» բառերի գերմաներեն համարժեքներն էլ չգիտես, գնա, գնա, քանի շատ չենք խորացել, թե չէ կարող ա մի քիչ էլ իջացնենք գնահատականդ եւ այլն, եւ այլն, եւ այլն…»։