Չիորս գյուղ հարս չեն գալիս

16/08/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Միջոցառումը կազմակերպել էր «Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնը» (ԿՏԲԿ)` REC KAUCASUS-ը: Ութ գյուղերի ներկայացուցիչները ներկայացրին իրենց համայնքների ջրի, ճանապարհների, հոսանքի եւ բազմապիսի այլ խնդիրները, որոնց պատճառով բնակիչները լքում են իրենց ծննդավայրը: Միջոցառումը նպատակ ուներ դոնոր կազմակերպություններին ներկայացնել այս խնդիրները եւ լուծման ծրագրեր առաջարկել: Իսկ ընդհանուր ծրագիրն ուներ «Լեռնային շրջանների կայուն զարգացում» անվանումը: Դոնոր կազմակերպություններն արդեն ֆինանսավորել էին ԿՏԲԿ-ի ներկայացրած փորձնական ծրագրերը, որոնց արժեքը 1000-ական դոլար էր: Հիմա պետք է ֆինանսավորվեն շատ ավելի տարողունակ ծրագրեր:

Հայաստանից ծրագրում ընդգրկված էին Սյունիքի մարզի Շվանիձոր եւ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղերը: Օրինակ, Շվանիձորը ներկայացրել էր խմելու ջրի մատակարարման հետ կապված 13.000 եվրո արժողությամբ մի ծրագիր, որն արդեն հավանության էր արժանացել: Շվանիձորը Երեւանից գտնվում է 410 կմ հեռավորության վրա, սահմանամերձ է Իրանին եւ ունի 343 բնակիչ: Գյուղն իր ջրամատակարարումը ստանում է քահրիզների միջոցով: Քահրիզները ստորգետնյա անցքեր են, որոնք ամբարում են ջուրը, որը հետո ջրբաժան խողովակների միջոցով հասնում է բնակիչներին: Շվանիձորի գյուղապետ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գյուղի 47 ընտանիք զրկված են ինքնահոս ջրից, որովհետեւ նրանց տները կենտրոնական քահրիզից 200 մ բարձրության վրա են գտնվում: Հիմա պետք է նոր քահրիզ կառուցվի, որպեսզի այդ ընտանիքներն էլ ինքնահոս ջուր ունենան: Ընդհանրապես, այս ծրագրերը նպատակ ունեն ամրապնդել սահմանամերձ գյուղերը, ապրելու համար նպաստավոր պայմաններ ստեղծել, որպեսզի բնակիչները չլքեն, հեռանան: Երեւանից 97 կմ հեռու գտնվող Ելփին գյուղը ներկայացրել էր 5000 եվրո արժողությամբ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագիրը: Իսկ Թբիլիսիից 380 կմ հեռավորությամբ գտնվող Չիորա գյուղի համար սննդի վերամշակման ծրագիր էր ներկայացվել: Չիորան ունի 250 բնակիչ, շրջկենտրոն Օնից գտնվում է 30 կմ, իսկ Հյուսիսային Օսեթիայից` 27 կմ հեռավորության վրա: Գյուղի ճանապարհը դեպի շրջկենտրոն սարսափելի քարուքանդ վիճակում է, մի կողմը անտառապատ սարեր են, մյուս կողմից հոսում է Ռիոնի գետը: Գետի վրայի գերաններով կառուցված երբեմնի կամուրջը քանդվել է եւ ճանապարհը հիմա անցնում է անմիջապես գետի միջով: Ամեն մեքենա չի կարող անցնել այդ ճանապարհով: Իսկ շրջկենտրոնից գյուղ ավտոբուս չի գալիս: Ընդհանրապես այդ գյուղը գտնվում է սարերի ու անմիջապես անտառի մեջ: Անտառը սկսվում է տների բակից: Գյուղը որքան որ Թբիլիսիից է հեռու, գրեթե նույնքան էլ քաղաքակրթությունից է հեռու: Չիորայի բնակիչները տարին մեկ-երկու անգամ են կարողանում գնալ Օն, այն էլ խիստ անհրաժեշտ գնումների եւ բժշկի գնալու համար: Բնակիչներն ասում են, որ ձմռանը ճանապարհները 2-3 ամիս մնում են ձյան հաստ շերտի տակ: Մեր զրուցակից Էլզան պատմում է, որ անցած ձմռանն իրենց հարեւանի երեխան հիվանդացել էր, շրջկենտրոն հիվանդանոց հասցնելու համար մեքենա չկարողացան գտնել, տրակտոր վերցրին: Սակայն բուքն այնքան ուժեղ էր, որ տրակտորը խրվել էր ձյան հաստ շերտի մեջ ու չէր կարողացել դուրս գալ: Երկու ժամ հետո հիվանդ երեխան տրակտորի մեջ մահացել էր: Իսկ անցած շաբաթ, երբ այնտեղ սահմանամերձ գյուղերի զարգացման ծրագրեր էր քննարկվում, որին բացի համայնքապետերից ներկա էին Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու դոնոր կազմակերպությունների ղեկավարները, Չիորայում հոսանք չկար: Պարզվեց, որ արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հոսանք չկա: ԿՏԲԿ-ի փորձնական 1000 դոլարանոց ծրագրով կառուցվել էր Չիորայի անտառում գտնվող անասնապահի տունը: Այդքան գումարով ընդամենը հատակն էր տախտակապատվել ու մի քանի պատուհան դրվել, այն դեպքում, երբ այդ տունը գտնվում էր անտառի մեջ ու տախտակը՝ ինչքան ուզես:

Այդ անանցանելի ճանապարհների պայմաններում դժվար թե Չիորայում ինչ-որ արտադրություն ստացվի: Պարզ է, դոնորները չեն կարողանա այնքան գումար տալ, որ գյուղից շրջկենտրոն 30 կմ հատվածը սարքվի: Սակայն այսպիսի ծանր պայմաններում էլ լրիվ անիմաստ է դառնում որեւէ նման ծրագրի նախաձեռնումը: Հատկապես այն դեպքում, երբ գյուղը հոսանք չունի: Միգուցե կարելի էր նախ հոսանքի խնդի՞րը լուծել:

Չիորայի բնակիչները պատմում են, որ իրենց գյուղում երեք ազգանուն կա, այսինքն` բնակիչները մեծամասամբ իրար բարեկամ են: Գյուղի շատ տղամարդիկ հարսնացու չգտնելու պատճառով ամուրի են ծերացել: Ոչ մի տեղից Չիորա հարս չեն գալիս: Չիորացիներն այս խնդրի շուրջ թեեւ կատակում էին, սակայն լուրջ մտահոգված էին: Նրանք մտածում են, որ ի վերջո գյուղը դատարկվելու է:

Թե՛ վրացիներով բնակեցված Չիորայի, թե՛ հայերով բնակեցված Շվանիձորի եւ թե՛ մյուս վեց գյուղերի ներկայացուցիչները գտնում են, որ բոլոր ծրագրերն ու խնդիրները ներկայացվեցին շատ գեղեցիկ: Սակայն դրանք իրականություն դարձնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է պետական աջակցություն, ապա ծրագիրն իրականացնողների հոգատար վերաբերմունք, որպեսզի հատկացված գումարները ծախսվեն նպատակային: