Վրացիներն իրենց երկրի ժամանակակից պատմությունը բաժանում են երկու մասի՝ մինչեւ վարդերի հեղափոխությունը եւ հեղափոխությունից հետո: Իսկ շատ հաճախ նաեւ ասում են՝ մինչեւ Սահակաշվիլին եւ Սահակաշվիլիից հետո: Հեղափոխությունից հետո` որպես դրական փոփոխություն, նրանք առաջին հերթին շեշտում են այն հանգամանքը, որ փողոցներում պետավտոտեսուչները մեքենաներն այլեւս չեն կանգնեցնում:
Վրաստանում այդ առումով հիմա երթեւեկությունն ազատ է, պետավտոտեսուչների գրեթե չես հանդիպի: Բայց եթե մի վարորդ, այնուամենայնիվ, խախտում է կատարում, հանկարծ, չգիտես՝ որտեղից, հայտնվում է պետավտոտեսուչն ու տուգանում այդ վարորդին: Կամ էլ եթե մի վարորդ ինչ-որ խնդիր ունենա եւ կանգնի ճանապարհին, վրացի պետավտոտեսուչը նրան անպայման իր օգնությունը կառաջարկի: Այդ վիճակից գոհ են հատկապես Վրաստան այցելած հայաստանցի վարորդները. այդ հանգամանքը շոյում է նրանց ինքնասիրությունը: Իսկ ավելի քաղաքակիրթ զանգվածն էլ ավելացնում է, թե Սահակաշվիլիից հետո իրենք ավելի զգուշավոր են դարձել, վախենում են ազատ արտահայտվելուց: Դա հաստատեցին նաեւ վրացի լրագրողները: Նրանք դժգոհում էին, որ դեմոկրատական լոզունգներով եւ ժողովրդավարական արժեքներ քարոզելով իշխանության եկած արեւմտամետ նախագահն ազատ խոսք չի սիրում: Իշխանությունները վերահսկում են գրեթե ամբողջ լրատվական դաշտը: Երբեմնի ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հիմա զբաղված է Սահակաշվիլու PR-ով: Վրացիներն ասում են, թե նույնիսկ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք իրենց մամուլն ավելի ազատ էր, քան արեւմտյան արժեքները քարոզող Սահակաշվիլու ժամանակ: Բացի այդ, վրացիները դժգոհում են, որ Սահակաշվիլին չի կատարում իր նախընտրական խոստումները, հատկապես` այն խոստումները, որոնք վերաբերում են արտադրական օբյեկտներ բացելուն եւ աշխատատեղեր ստեղծելուն: Նրանք նաեւ միանշանակ չեն վերաբերվում Սահակաշվիլու արտաքին քաղաքականությանը: Վրացիների մեծամասնությունը գտնում է, որ Սահակաշվիլին չպետք է կուլ գնա Ամերիկային եւ այդպիսով հակադրվի Ռուսաստանին: Նրանցից շատերը թեեւ Ռուսաստանին լավ չեն վերաբերվում, բայցեւ ընդգծված բացասական վերաբերմունք ունեն նաեւ Ամերիկայի նկատմամբ: Վրաստանում գնալով աճում է հակաամերիկյան տրամադրվածությունն այնպես, ինչպես Հայաստանում հակառուսական տրամադրվածությունն է ավելանում:
Հետխորհրդային կամ հետհեղափոխական Վրաստանը
Առաջինը, որ աչքի է ընկնում, Վրաստանի մի ծայրից մյուսը ձգվող ավերակների կույտերն են՝ փլատակների վերածված արտադրական ու հասարակական օբյեկտները, ինչ-որ բազաներ: Նույնիսկ Թբիլիսիի անմիջապես կենտրոնում կա հնուց մնացած կիսակառույց բարձրահարկ շենք, որը փչացնում է մայրաքաղաքի տեսքը: Ճիշտ է, նման ավերակների Հայաստանում էլ ես հանդիպում, բայց ոչ այնքան, որքան մեր հարեւան Վրաստանում: Թբիլիսիի փողոցներում էլ շատ հաճախ կարելի է դրամ խնդրող կամ աղբ քչփորող մուրացկանների հանդիպել: Իսկ մայրաքաղաքից հեռու՝ շրջաններում, հատկապես` փոքրիկ քաղաքներում, կարծես թե կյանքը կանգ է առել: Գորշ ու մռայլ շենքերից, անշուք ու դատարկ փողոցներից թշվառության հոտ է գալիս: Վրաստանում շատ են հատկապես այնպիսի փոքր քաղաքները, որոնք ստեղծվել են արտադրական կամ որեւէ այլ բազայի վրա: Խորհրդային կարգերի փլուզումից հետո այդ բազաներն էլ քանդվեցին, ու շրջապատող բնակավայրը կարծես թե անիմաստ ու մեռյալ քաղաքների վերածվեց: Ավելի պարզ պատկերացնելու համար այդ բնակավայրերը կարելի է համեմատել, ասենք, մեր Գեղարքունիքի մարզի Գագարինավանի հետ, որն ունի բազմաբնակարան շենքեր, բայց չունի քաղաքին բնորոշ աշխուժություն: Ոչ էլ հողատարածքներ ունի, որ բնակիչները գոնե հողագործությամբ հոգան իրենց ապրուստը: Տեղի բնակիչներն առեւտրով են զբաղվում կամ գործազուրկ են: Կյանքը մի փոքր աշխուժանում է գյուղատիպ բնակավայրերում, որտեղ հողագործությամբ զբաղվելու մեծ հնարավորություն կա:
Վրաստանի հնարավորությունները
Ընդհանրապես Վրաստանն ունի տնտեսությունը զարգացնելու մեծ հնարավորություններ: Նախ, որ ունի ծովափնյա հնարավորություն ու տարանցիկ ճանապարհներ եւ Հայաստանի պես շրջափակման մեծ վտանգի առջեւ չի կանգնի: Բացի այդ, Վրաստանի մի ծայրից մյուսը խիտ անտառներ են ձգվում ու լեռնային արագահոս գետեր են անցնում: Զարմանալի է, որ նման հնարավորություն ունեցող երկիրն էլեկտրաէներգիայի մեծ խնդիրներ ունի: Վրաստանը շատ մեծ հնարավորություն ունի անհրաժեշտ էներգիան տեղում արտադրել, հատկապես շատ մեծ հնարավորություն կա զարգացնել հիդրոէներգետիկան: Մինչդեռ մինչեւ հիմա չի վերագործարկվել նույնիսկ Ինգուրիի ՀԷԿ-ը: Այդ երկիրն ունի նաեւ ծովափնյա ու էկոտուրիզմը զարգացնելու շատ լավ պայմաններ, սակայն այդ ուղղությամբ էլ կարծես թե լուրջ քայլեր չի անում: Ծովափնյա տուրիզմը զարգացնելու համար չկան սպասարկման բարձր պայմաններ: Իսկ էկոտուրիզմը զարգացնելու համար մեծ խոչընդոտ են ճանապարհները: Թեպետ այս տարի տարանցիկ նշանակության որոշ ճանապարհներ արդեն վերանորոգվում են: Այդպիսի մեծ հնարավորություններով հանդերձ` շատ ցածր մակարդակի վրա է հյուրանոցային բիզնեսը: Թբիլիսիից դուրս դժվար է իջեւանելու տեղ գտնել: Իհարկե, խոսքը չի վերաբերում ծովափնյա շրջաններին: Ցածր է նաեւ մայրաքաղաքի հյուրանոցների սպասարկման մակարդակը: Սակայն վրացիները հպարտանալու մեծ տեղ ունեն այն առումով, որ բնությունը բավականին շռայլ է եղել այդ երկրի նկատմամբ: Շատ խիտ ու հսկայական անտառները ծայրամասերում փայտագործությամբ զբաղվելու հնարավորություններ են տալիս: Դա նաեւ որոշ չափով կլուծի մարզերի բնակիչների աշխատանքի խնդիրը: Սակայն այս ուղղությամբ էլ կարծես թե ոչինչ չի արվում: Այս երկիրն այցելած զբոսաշրջիկները սրամտում են, թե թուրքերը գալիս են Վրաստանի անտառները կտրում, տանում, կահույք են պատրաստում, հետո բերում վրացիներին են վաճառում:
Գեղեցիկ Թբիլիսին
Պարբերաբար կովկասյան մայրաքաղաքի դեր կատարող Թբիլիսին շատ հանգիստ ու գեղեցիկ քաղաք է: Սովորաբար որեւէ մայրաքաղաք այցելելիս, հատկապես եթե դա ԱՊՀ կամ կովկասյան երկրի մայրաքաղաք է, փորձում ես զուգահեռներ անցկացնել, համեմատություններ անել կամ տարբերություններ գտնել քո քաղաքի հետ: Այս առումով Թբիլիսին Երեւանի հետ համեմատած շատ տարբերություններ ունի: Ամենաառաջինը նկատում ես, որ այդ քաղաքը պատմություն ունի, հին՝ նախահեղափոխական Թբիլիսին պահպանվել է: Ի տարբերություն Երեւանի, այստեղ կենտրոնական փողոցների հին ու պատմամշակութային նշանակության շենքերը կանգուն են: Վրացիները նույնիսկ զարմանում են, թե ինչպե՞ս կարելի է քանդել հին ճարտարապետությունը, որպեսզի տեղում նորը կառուցվի: «Շատ այլ տեղեր կան, որտեղ կարելի է կառուցապատում իրականացնել,- նույնիսկ այդ կարծիքին է ազգությամբ եզդի տաքսու վարորդը: -Ինչպե՞ս կարելի է այս գեղեցիկ շենքերը քանդել: Իհարկե, լավ կլիներ, որ դրանք ամրացվեին, բայց դա այլ խնդիր է»:
Թբիլիսիի փողոցներով շատ հանգիստ կարելի է քայլել ու վայելել եվրոպական ոճով կառուցված քաղաքի գեղեցկությունը: Այստեղ հաստատ չես ճնշվի խիտ երթեւեկության, ավտոմեքենաների խցանումների ստեղծած անհարմար վիճակներից: Ինչ-որ առումով նույնիսկ զարմանալի է, որ այստեղ շատ ավտոմեքենաներ չկան: Քեզ չեն ճնշի նաեւ իրար գլխի լցված բարձրահարկ շենքերը, ամեն քայլափոխի հանդիպող ճոխ խանութներն ու ռեստորանները: Այստեղ առեւտրի կետերն ու հասարակական սննդի օբյեկտները շատ փոքրիկ են ու անշուք: Իսկ ամենազարմանալին այն էր, որ Թբիլիսիի փողոցներում սրճարաններ գրեթե չկային: Հայերը ծիծաղում են վրացիների վրա, թե նրանք աշխատող, ստեղծող ազգ չեն: Սակայն երբ նայում ես հայերի աշխատասիրության դաժան հետեւանքներին, մտածում ես, որ վրացիների ալարկոտությունն ավելի անվնաս է: Մինչեւ օրս պահպանվում են փայտից ու տարբեր գույնի ներկած դուրս ընկած պատշգամբներով մի քանի հարկանի հին տները, որոնք հատուկ հմայք են հաղորդում Վրաստանի մայրաքաղաքին: Ընդհանրապես Թբիլիսին շատ գեղեցիկ է իր գույներով ու առանձնահատուկ ճարտարապետությամբ:
Շատ տպավորիչ էր նաեւ վրացիների կրոնասիրությունը: Այդ սերը միայն եկեղեցիների մեծ քանակությամբ չի դրսեւորվում: Բայց արժե նշել, որ Թբիլիսին հարուստ է նաեւ գեղեցիկ եկեղեցիներով: Որ կողմը նայում ես՝ գմբեթ ու խաչ է երեւում: Եկեղեցիների կողքով անցնելիս շատ հաճախ կարելի է հանդիպել խաչակնքվող մարդկանց: Այդպիսի բան Հայաստանում չես տեսնի: Նրանց կրոնասիրությունը նույնիսկ հաց ուտելու եւ կենացներ ասելու ժամանակ է զգացվում: Եվ չգիտես՝ աստվածավախությո՞ւնն է, թե՞ քաղաքի հանգստությունն է թբիլիսցիների խաղաղ տրամադրության ու կենսակերպի պատճառը: Միգուցե պարզապես մարդկանցից է, որ քաղաքն այդքան հանգիստ է: Ամեն դեպքում, Թբիլիսի այցելելուց առաջին հերթին ափսոսում ես, որ հին Երեւանն այլեւս չկա:
Թբիլիսի-Երեւան