Ինը տարի առանց հոսանքի

16/08/2006 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Իսկ գյուղում Պարգեւ Վաշինգտոնի Համբարյանին պարզապես Պաշա են ասում: 10-րդ երեխան ունենալուց հետո է միայն այս ընտանիքի հոգսը մի քիչ թեթեւացել: Պետությունը բազմազավակ ընտանիքին միանվագ հատկացրել է 5 հազար դոլար: Երեք հազար դոլար էլ պահվում է բանկային հաշվեհամարում, եւ մինչեւ փոքր երեխայի չափահաս դառնալը կարող են ծախսվել միայն այդ գումարի տոկոսները: Պաշան 6 երեխաների հետ ինը տարի առաջ Արթիկից տեղափոխվել է Ղարաբաղ: Նա ծնունդով Արթիկի Սարատակ գյուղից է: Հենց այդ գյուղի ջոկատում մասնակցել է ռազմական գործողություններին: Այստեղ տեղափոխման առաջին տարին նա գյուղապետ է աշխատել:

«Արթիկում չէինք կարողանում ապրել` ուտելիք, վառելիք չէի հասցնում: Որոշեցինք գալ էստեղ տնտեսություն դնել: Էս օգնությունը մեծ բան էր: Գնացի էդ լրիվ փողին անասուններ առա, երեխեքին նվերներ, ուտելիք: Ամեն կովին 200 հազար դրամ եմ տվել, ընտիր կովեր են»,- ասում է նա:

Տունը, որտեղ ապրում են տասներկու հոգով, կիսաքանդ է: Ինը տարի շարունակ այս ընտանիքին էլ են անարդյունք խոստացել տունը վերանորոգել կամ նոր տուն կառուցել: Պաշան ասում է` եթե շինանանյութ լիներ, ինքը կկառուցեր տուն, բայց այս տարածքներում շինանյութ չկա: Հայկազյան գյուղում հոսանք չկա: «Ամռանը ոչինչ` օրերը երկար են, մութն ուշ է ընկնում: Ձմռանն է շատ դժվար առանց հոսանքի»,- ասում է Պաշան: Պաշայի հարեւանը` Արուսյակը, գյուղի բուժքույրն է: Ամուսինը զինվորական է: Երեք երեխա ունեն: Երեխաների համար երեք ամիսը մեկ անգամ տասը հազար դրամ ստանում է, իսկ իր աշխատավարձը տասնութ հազար է: «Ամուսինս` Սմբատը, զինվորական էր, իրեն տեղափոխեցին այստեղ, մենք էլ հետը եկանք: Դժվար է շատ, առանց լույսի հնարավո՞ր է ապրել»,- հարցնում է Արուսյակը: Նրանց երկու երեխաները ծնվել են Գյումրիում, երրորդը` Բերձորում: Գյուղացիները տներում դրել են մարտկոցներ եւ երեկոները մի քանի ժամով փոքր լամպեր են միացնում:

«Սկզբում շատ-շատ վատ էր պայմանները, բայց 59 ընտանիք կար այստեղ: Հիմա մնացել ենք 9 տուն` բոլորը վերջին երեք տարվա ընթացքում գնացին: Չհարմարվեցին էս կյանքին, առանց լույս չդիմացան, ապրել հնարավոր չէր, դրա համար էլ գնացին: Ամեն տարի մայիսին ասում են` մինչեւ դեկտեմբեր կունենաք, ու չենք ունենում: Մեզանով ո՞վ պիտի հետաքրքրվի, էնքան երեխաներ կան գյուղերում, որ պատվաստումներ չեն ստացել: Էս հինգ ամիս է` դեղորայք չեմ ստացել, պատվաստանյութն էլ ուշացնում են: Բերձորում էլ ասում են` Ստեփանակերտից դեռ չեն ստացել: Դե արի ծնողներին բացատրիր, որ պատվաստանյութը Ստեփանակերտից պիտի բերեն Բերձոր, որ բժիշկները գան ու պատվաստեն: Հիմա ավտոբուս էլ չկա, Բերձոր գնալը մեծ պրոբլեմ է: Ամուսնուս խնդրում եմ մեզ էստեղից շուտ հանի` ոչ լույս կա, ոչ տրանսպորտ, ջրհորի ջուր ենք խմում»,- ասում է բուժքույր Արուսյակը: «Էրեխես ըսավ` պապա, գնացել ենք Հայաստան, պատը կկսմթենք` լույս կվառե, կըսե քառակուսի յաշիկ եմ տեսել` մեջը մարդ կար»,- ասում է Պաշան, ու բոլորը միասին ծիծաղում են: «Էս կողմի ժողովուրդն իսկապես մեղք է, երեխուս տարա Հայաստան, հեռուստացույցը միացրել ենք` վախեցել է: Ուշադիր լույսին էր նայում, ուզում էր իմանալ, թե էդ ինչ է. պատից միացնում էր, անջատում»,- ավելացնում է Արուսյակը:

Այստեղ երբեմն հայտնվում են պաշտոնյաներ, գալիս հարցուփորձ են անում, հասցնում ինչ-որ խոստումներ տալ ու շտապ հեռանալ: Ծանր է լսել այս մարդկանց պատմությունները: Նրանց ներկայացրած բոլոր պահանջների մեջ լույսի պատմությունն առաջնահերթ է: Պետությունը ներկայացնող մարդիկ ամեն տարի խոստանում են այդ հարցը լուծել: «Երկրաշարժ եմ տեսել, բայց սա, իրոք, երկրաշարժից էլ վատ է: Երկրաշարժին գիտեիր, որ ինչ-որ մի վատ բան է եղել, պիտի դիմանաս: Գնում ես 10 կմ էն կողմ` լույս կա, բայց այստեղ` չկա: Հնարավոր չէ այստեղ մնալ: Երեխեքը դպրոցից գալիս են ժամը երեքին, մինչեւ հաց կուտեն` արդեն մութը կընկնի, ոչ էլ կարողանում են դաս սովորել: Դուք պատկերացնո՞ւմ եք էդ ինչ է` էս դարում լույս չունենալ, էն էլ մի օր չէ, մի ամիս չէ, այլ` ինը տարի է»,- ասում է Արուսյակը: Նույն վիճակն է նաեւ հարեւան գյուղերում: Հալե գյուղում երեք տարի առաջ կար 37 ընտանիք, այսօր մնացել է 7-ը: Քաշաթաղի շրջանի մոտ հիսուն բնակավայր առայսօր հոսանք չունի: Այս փաստերը միայն մի բան են հաստատում` կառավարությունը ձախողել է վերաբնակեցման ծրագիրը եւ շարունակում է նպաստել արդեն վերաբնակեցված տարածքների դատարկմանը:

www.hetq.am