Թեժ աշում՝ գիտության բնագավառում

16/08/2006 Զրուցեց Անուշ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Հայաստանը, որ ժամանակին համարվում էր տարածաշրջանի ամենահզոր գիտական երկիրը, այսօր հայտնվել է, մեղմ ասած, մահամերձ վիճակում։ Այն երկար ու բարդ ճանապարհը, որ մարդն անցնում է գիտական կոչում ստանալու համար, այսօր գնահատվում է ընդամենը 25.000 դրամ։ Դեռ ինչքա՞ն կշնչի մեր գիտությունը, երբ «շտապօգնությունը» միշտ սխալ հասցեով է գնում։ Կամ` ինչքա՞ն կարելի է դոփել նույն տեղում, երբ աշխարհը դուրս է եկել մարաթոնային վազքի։ Այս ու այլ հարցերի շուրջ զրուցեցինք ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հրանտ Մաթեւոսյանի հետ, ով այսօր արդեն ունի հստակ պատկերացումներ ու ծրագրեր՝ գիտությունը ճիշտ «ռելսերի» վրա բերելու համար։

– Հայաստանում գիտությունն ի՞նչը գցեց ճգնաժամի մեջ։

– Ամենակարեւոր հարցը, որ մենք չկարողացանք լուծել անկախացումից հետո, անկախ փորձաքննական ինստիտուտի ստեղծումն էր։ Գիտությունների այդ լայն սպեկտորից պետք էր ընտրել գիտության այն գերակա ուղղությունները, որոնք առաջնային են հանրապետության համար եւ որոնք ՀՀ կառավարությունն ի վիճակի է ֆինանսավորել: Դժվարությունը կայանում է նրանում, որ հանրապետությունում հնարավոր չեղավ իրականացնել արդարացի, անկողմնակալ եւ անաչառ փորձաքննություն, որը թույլ կտար այդ ուղղություններն ընտրել:

– 1992 թվականից ի վեր գիտության ֆինանսավորման եւ կառավարման ոլորտում ինչ-ինչ բաներ արվում են: 14 տարվա աշխատանքը մինչ օրս արդյունք չի՞ տվել։

– Սկզբում ընտրեցին գիտությունն` «ըստ թեմաների» ֆինանսավորման սկզբունքը: Հետագայում բացահայտվեցին այդ համակարգի թերությունները, եւ 2005թ. վերականգնվեց նաեւ նախկինում գործող «բազային ֆինանսավորում» համակարգը: Սակայն այս քայլը կատարվեց չափազանց պարզունակ ձեւով. եղած ֆինանսներն ուղղակիորեն բաժանվեցին, այսպես կոչված, «թեմատիկի» եւ «բազայինի»:

Գիտության կառավարման հարցում նույնպես կատարվել են մի քանի անհաջող փորձեր: Գիտության ոլորտը համակարգելու նպատակով ստեղծվեցին հասարակական հիմունքներով գործող մի շարք հանձնաժողովներ` 1991թ.՝ Կառավարությանն առընթեր, 1996թ.՝ վարչապետին առընթեր,1997թ.՝ ՀՀ նախագահին առընթեր (միայն մեկ նիստ տեղի ունեցավ), 1998թ. ՝ վարչապետին առընթեր (չունեցավ ոչ մի նիստ), 2005թ.՝ Ազգային ժողովին առընթեր: Թվարկված հասարակական հիմունքներով գործող խորհուրդների ճակատագրերը միանման էին՝ անպտուղ, քանզի դրանք բոլորն էլ միայն կիսաքայլեր էին դեպի խնդրի արմատական լուծումը:

– Գիտության առջեւ ծառացած խնդիրները կարո՞ղ են լուծում ստանալ, եթե կառավարությունն, այնուամենայնիվ, մեծ ֆինանսական օգնություն ցուցաբերի գիտությանը։

– Համոզված եմ, որ եթե այս պահին կառավարությունը նույնիսկ 3-4 անգամ մեծացնի գիտության ֆինանսավորման չափը, դրանից ընդամենը մի փոքր կբարելավվի գիտաշխատողի սոցիալական վիճակը, սակայն ֆինանսները կփոշիանան այնպես, ինչպես փոշիանում են այսօր: Այդ քայլը նույնիսկ չի ապահովի երիտասարդների հոսքը դեպի գիտություն: Իսկ առանց դրա ցանկացած ոլորտ դատապարտված է դանդաղ մահվան: Այսպես շարժվելով, մոտակա տարիների ընթացքում հանրապետությունը կկորցնի նաեւ այն կայացած գիտական դպրոցները, որոնք ձեւավորվել են երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում եւ հիմա էլ ունեն միջազգային մակարդակ:

– Երիտասարդ գիտնականներն արդեն այսօր էլ գրանտներ են շահում եւ մեկնում երկրից դուրս, որտեղ նրանց աշխատանքը գնահատվում է։ Իսկ ո՞ր գիտություններն են ամենատխուր վիճակում։

– Դրամաշնորհների միջոցով որոշ գիտություններ պահպանվեցին, եւ այդ ոլորտում երիտասարդներ ներգրավվեցին։ Սակայն հայագիտության, հայոց պատմության, այսինքն` ազգային էլեմենտ կրող գիտություններում գրանտներ չկան։ Ո՞ր միջազգային կազմակերպությունը գրանտ կտա, որ մենք հայագիտություն զարգացնենք։

– Այսօր ձեր սերնդի նվիրված գիտնականները դեռ պահում են գիտությունը, սակայն դուրս գնացող երիտասարդ կադրերին կորցնելով` ապագայում կկորցնենք նաեւ գիտությունը։

– Այո, չկա երիտասարդների հոսք դեպի գիտություն։ Գիտնականի աշխատավարձն այսօր 25.000 դրամ է։ Եթե այն 4 անգամ էլ բարձրացվի, միեւնույն է` երիտասարդ գիտնականն էլի կխուսափի գիտությամբ զբաղվել, որովհետեւ պետք է ընտանիք պահի։ Մեր սերունդը, որ անկախացումից հետո աշխատում էր, հիմա կա ու էլի աշխատում է։ Ամբողջ ցավն այն է, որ ետեւից մարդ չի գալիս, փոխարինող չկա։ Ու գիտական դադարը հենց այդ ժամանակ կգա։ Եվ սա լուրջ խնդիր է։

– Ձեր կարծիքով, ո՞րն է խնդրի լուծումը։

– Իմ կարծիքով, այդ ճանապարհը պետք է ունենա իրար հաջորդող երեք փուլ:

Առաջին փուլում անհրաժեշտ է կատարել կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ հանրապետության գիտական ոլորտի ղեկավարման համակարգում: Այսօրվա գիտության կառավարումը ջլատված է: Գործող ՀՀ օրենքները չեն հստակեցնում գիտության ղեկավարման տարբեր օղակների հարաբերությունները, իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը: Պետք է ստեղծել օրենսդրական նոր դաշտ:

Պետք է կենտրոնացնել հանրապետության գիտության կառավարումը մեկ կառույցում, որը պետք է զբաղվի գիտության, տեխնիկայի եւ առաջատար տեխնոլոգիաների հարցերով: Դա թույլ կտա տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ տարբեր նախարարություններում գիտության հարցերով զբաղվող օղակների եւ ՀՀ ԳԱԱ նախագահության ապարատի կրճատման հաշվին:

ՀՀ ԳԱԱ համակարգը պետք է հանդիսանա հանրապետության կառավարության հիմնական գիտական խորհրդատուն եւ հիմնական փորձագետը:

Երկրորդ փուլում անհրաժեշտ է կազմակերպել եւ հանրապետությունում անցկացնել գիտական ուղղությունների խիստ ինվենտարիզացիա։ Վերջին 15 տարիների վերլուծությունն ապացուցում է, որ գիտության ոլորտում հանրապետության ներքին ուժերով ուղղակիորեն անհնար է անկախ եւ անաչառ փորձաքննություն իրականացնելը: Գերակա ուղղությունների ամբողջական եւ իրական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է անցկացնել անկախ փորձաքննություն, որը թույլ կտա որոշել գիտական այն ուղղությունները, որոնք ունեն միջազգային մակարդակ: Այդ ինվենտարիզացիայի արդյունքում կլուծվի երկու հիմնական հարց: Առաջինը, կորոշվեն հանրապետությունում գիտության զարգացման գերակա ուղղությունները, եւ բյուջետային ֆինանսները չեն փոշիացվի: Երկրորդ` արդեն ձեւավորված գերակա ուղղություններին համապատասխան, տարբեր գիտական հիմնարկների միացումից կստեղծվեն խոշոր գիտական, գիտաարտադրական եւ գիտակրթական կենտրոններ:

Երրորդ փուլում անհրաժեշտ է խոշոր կենտրոնների ձեւավորումն ավարտել տարբեր հիմնարկների տրամադրության տակ գտնվող տարածքների օպտիմալացումով: Տեղին է նշել, որ ներկայումս տարածքները մնացել են նույնը, իսկ գիտաշխատողների թիվը 20 տարի առաջվա հետ համեմատած` չորս անգամ կրճատվել է:

Նշված երեք փուլերի իրականացման արդյունքում կունենանք գիտության զարգացման հայեցակարգ, հստակեցված օրենսդրական դաշտ, կենսունակ գիտական եւ գիտակազմակերպչական համակարգ, որը կապահովի հանրապետության գիտության գերակա ուղղությունների զարգացումը ակտիվ գործող եւ միջազգային մակարդակ ունեցող գիտական, գիտաարտադրական եւ գիտակրթական խոշոր կենտրոններում: Իհարկե, այսքանով չեն ավարտվում առաջարկները ու դրանք շարունակական բնույթ են կրելու։ Իսկ այն ամենն, ինչ ես ասում եմ՝ ռեալ են եւ իրագործելի։

– Իսկ ի՞նչ է արվում այսօր:

– Ավելի լավ է սկսեմ նրանից, թե ինչ չի արվել մինչ այժմ: Ամենակարեւորը` մշակված եւ հաստատված չի եղել գիտության զարգացման ռազմավարությունը եւ, բնականաբար, դրանից բխել են մնացած բոլոր դժբախտությունները: Փաստորեն, գիտաշխատողն ինքն է հարթել իր ճանապարհը եւ նույնիսկ զամանալի է, որ այդ պայմաններում գիտության որոշ ճյուղերում ներկայումս դեռեւս պահպանվել է այդքան բարձր մակարդակը: Այս երկար տարիների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիան իր «ակադեմիական» լռությամբ փաստորեն համակերպվել է ստեղծված իրավիճակին եւ չի կանգնեցրել գիտության քայքայման գործընթացը:

– Վերջերս Ռոբերտ Քոչարյանի եւ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի նպատակը գիտության բնագավառում մինչեւ 2007թ. արմատական փոփոխությունների իրականացումն է: Սա ինչ-որ բան կտա՞ մեր գիտությանը։

– Հույս ունեմ, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ընդունված որոշումները շահագրգիռ կողմերին կհանեն «ակադեմիական» նիրհից:

Երկու ամիս առաջ տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ ընտրությունները, փոխվեց ակադեմիայի ղեկավարությունը: Սպասվում է ԳԱԱ համակարգում գտնվող մոտ 30 ինստիտուտների տնօրենների նոր ընտրություններ: Ինստիտուտն այն օղակն է, որի տնօրենը պետական քաղաքականության իրականացնողն է: Մյուս կողմից, պետք է անընդհատ աշխատի հետադարձ կապը. տնօրենների լայնախոհ առաջարկները կարող են լուրջ ներդրում ունենալ պետական քաղաքականության փոփոխությունների գործընթացում: Նորընտիր տնօրենների կազմը յուրատեսակ «ինդիկատոր» է: Այն ցույց կտա, թե ՀՀ ԳԱԱ եւ գիտությունը ղեկավարող շահագրգիռ մյուս կառույցները գնո՞ւմ են ապագա առաջընթացի ճանապարհով, թե՞ մտադիր են մեկ անգամ եւս մի կերպ պահպանել ունեցած իրավիճակը: Այնպես որ` գիտության բնագավառում սպասվում է թեժ աշուն: Կապրենք` կտեսնենք: