«Ամառային շրջանը վտանգավոր է այն բանով, որ այդ սարսափելի շոգ պայմաններում չորս կողմը դռներն ու պատուհանները բացվում են, եւ երեխաները հայտնվում են միջանցիկ քամու անմիջական ազդեցության տակ: Հիվանդանում է հիմնականում ամենաթույլ օրգանը: Վիրուսը, ընկնելով օրգանիզմ, անպայման թափանցում է ինչ-որ բջիջի մեջ: Դրա համար վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների ժամանակ, երբ հարուցիչը գտնվում է բջիջի ներսում եւ բազմանում է, ավելի դժվար է պայքարել դեղանյութով, քան, եթե հարուցիչը գտնվում է բջիջից դուրս։ Երեխաների մոտ առավել տարածված է էնտերովիրուսը, երբ ախտահարվում է աղեստամոքսային համակարգը, կան վիրուսներ էլ, որ վնասում են շնչառական ուղիները»,- ասում է Երեւանի պետական բժշկական համալսարանի կլինիկական իմունաբանության եւ ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, Արաբկիր բժշկական կենտրոնի իմունոլոգ Լուսնթագ Կծոյանը: Միջավայրում առկա վիրուսներին դիմակայելու ամենաարդյունավետ եղանակը մասնագետը համարում է իմունոխթանիչ նյութերի ընդունումը, որն անպայման պետք է նշանակվի մանկաբույժի կամ կլինիկական իմունոլոգի կողմից: Իմունոխթանիչ հատկություններով օժտված են նաեւ վիտամիններ «Ա»-ն, «Ե»-ն, «Ցե»-ն: «Եթե երեխան հաճախ է հիվանդանում (նախկին չափորոշիչների համաձայն, տարվա մեջ 5-6, իսկ հիմա 9-10 անգամ հաճախականությամբ հիվանդացող երեխա է), դա անհատական մոտեցում է պահանջում, քանի որ ծնողը կարող է տարվա մեջ 5-6 անգամ հիվանդացող երեխային համարել իմունոդեֆիցիտային վիճակ ունեցող, որը կարիք ունի իմունոլոգիական հետազոտության (իմունոլոգիական հետազոտության կարիք ունեն նաեւ պարբերաբար 37-ից մինչեւ 37.2 ջերմություն ունեցող անձինք)»,-նշում է մասնագետը: Այս կարգի հետազոտություններ Հայաստանում` Արաբկիր բժշկական կենտրոնում, իրականացվում են դեռեւս 1979 թվականից:
Մանկական հասակում իմունոդեֆիցիտային վիճակը, ըստ Լ. Կծոյանի` պայմանավորված է նրանով, որ մինչեւ 2 տարեկան երեխայի իմունհամակարգը լիարժեք ձեւավորված չէ: Նորածինը իր կյանքի առաջին երեք ամիսները ապրում եւ հարուցիչների դեմ պայքարում է մորից ժառանգած հակամարմինների օգնությամբ: Նրա ասելով, երեքուկես ամսականից մինչեւ 6 ամսականը (կոչվում է ֆիզիոլոգիական-բնական իմունոդեֆիցիտային շրջան) ամենավտանգավոր շրջանն է, երբ երեխան պահանջում է մեծ ուշադրություն եւ խնամք: Ձեռքբերովի իմունոդեֆիցիտային վիճակների, իմունհամակարգի ցածր ցուցանիշների համար իբրեւ կանխարգելիչ միջոց մասնագետը խորհուրդ է տալիս երեխաներին չպահել ստերիլ պայմաններում: «Ես խորհուրդ եմ տալիս, որ երեխաները գորգի վրա չխաղան: Գորգը նաեւ շատ վտանգավոր է ալերգիայի իմաստով: Պետք է երեխաների սենյակում փափուկ իրերը նվազագույնի հասցնել, որովհետեւ մեր քաղաքը շատ փոշոտ է: Գորգի վրա կոշիկով քայլելը հայերի ամենախոշոր սխալներից է, ոչ մի քաղաքակիրթ երկրում այդպիսի բան չես նկատի»,- ավելացնում է իմունոլոգը: Նա խորհուրդ է տալիս իմունհամակարգի ամրապնդման համար հաճախ օգտագործել միս, որպեսզի օրգանիզմում սինթեզվեն հակամարմինների համար անհրաժեշտ քանակությամբ սպիտակուցներ: