«Մեկուկես կիլոգրամ սունկն ինձ վրա «նստեց» 300 դոլար: Ինձ ու հարսիս շտապօգնության մեքենայով պատգարակի վրա Աբովյանից տեղափոխեցին Երեւան՝ Հանրապետական հիվանդանոց:
Բժիշկն ասում էր, որ նման թունավորումներից հազարից մեկն է փրկվում»,- պատմում է Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակչուհի Մարջիկ Մկրտչյանը, որը` չդիմակայելով Արզնի առողջարանի մերձակա տարածքի սնկերի առատությանը, հավաքել էր, տուն շտապել եւ արագ-արագ պատրաստելով՝ իր հարսի՝ 39-ամյա Մարիամ Բաբայանի հետ վայելել նախասիրած «դելիկատեսը»:
Կես ժամ անց, մեկուկես կիլոգրամ սունկ կերած հարսուսկեսուրի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է՝ ընդհուպ մինչեւ ուշաթափություն: Մարջիկ Մկրտչյանը վստահեցնում էր, որ դեղին գլխիկով այդ փոքր սնկերից ինքն էլի էր կերել, բայց «մարսել» էր: Հրաշքով փրկված Մ. Մկրտչյանը դեռեւս մտահոգ էր, քանի որ բժիշկներն ասել են, որ թունավորումից հետո արյան մեջ սպիտակ գնդիկները սկսել են ավելանալ:
Ըստ հանրապետության գլխավոր տոքսիկոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունքի բժիշկ Միքայել Գաբրիելյանի, այս տարի գրանցվել է սնկային թունավորումների 19 դեպք՝ մեկ մահվան ելքով: «Սնկից թունավորվում են հիմնականում ոչ ճիշտ ջերմամշակելու հետեւանքով. նույնիսկ պատահում է, որ այն հում վիճակում են ուտում, ինչպես հրազդանցի մի կնոջ մոտ էր, ինչն էլ դարձել էր մահվան պատճառ: Սուր թունավորումներից մահացության դեպքերն արձանագրվում են հիվանդանոց ուշ դիմելու պատճառով»,- ասում է Մ. Գաբրիելյանը: Ինչ վերաբերում է սուր թունավորումներից առաջացած մնացորդային հետեւանքներին, գլխավոր մասնագետը հնարավոր տարբերակներից նշեց միայն տվյալ սննդի նկատմամբ ալերգիկ ռեակցիան:
Տոքսիկոլոգիայի բաժանմունք դիմած հիվանդների մեջ գերակշռում են օձերից եւ կարիճներից տուժած քաղաքացիները: Անցյալ տարվա 28 դեպքի դիմաց այս տարվա մայիս-հունիս-օգոստոս ամիսներին կլինիկա է դիմել 29 մարդ՝ հիմնականում Արարատի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերից: Սեւ կարիճի խայթոցից տուժել է 7 մարդ: Նրանցից երկուսը դեռեւս հիվանդանոցում էին: Մեկը զինծառայող էր Արարատի մարզից, իսկ հաջորդը էջմիածինցի Մարկոսյան Միքայելն էր, որին օգոստոսի 6-ին գինովցած վիճակում խայթել էր, իր իսկ բնորոշմամբ, մկան մեծության սեւ կարիճը: Լեզուն ուռած եւ անգիտակից վիճակում նրան տեղափոխել էին կենտրոն: «Սեւ կարիճի թույնն ավելի վտանգավոր է, քան գյուրզայինը: Դրանց թույնը մահացու է: Պարզապես օձերի թույնն անդրադառնում է արյան, իսկ կարիճինը՝ ուղեղի վրա: Հայաստանը երբեք կարիճի հակաթույն չի ունեցել եւ հիմա էլ չունի, քանի որ այն շատ թանկ է, իսկ պահպանման ժամկետը կարճ է: Կծած մարդկանց քանակն էլ քիչ է»,- հավաստիացնում է հանրապետության գլխավոր տոքսիկոլոգը: Չնայած այն հանգամանքին, որ միայն այս տարի արդեն 7 մարդ տուժել է թունավոր կարիճներից եւ, բարեբախտաբար, ոչ անդառնալի հետեւանքներով, Առողջապահության նախարարարությունում որոշել են, որ Հայաստանին այդ շատ թանկ դեղամիջոցն անհրաժեշտ չէ: Ի դեպ, նախորդ տարիներին մեր երկրում կարիճի խայթոցից նաեւ մահվան դեպքեր են արձանագրվել: Մ. Գաբրիելյանի հավաստմամբ, կենտրոնը ներկա պահին ապահովված է միայն անտիգյուրզինի անհրաժեշտ քանակությամբ: Օձի եւ կարիճի կծելու դեպքում բժիշկ-մասնագետը խորհուրդ է տալիս չդիմել տնային ինքնաբուժության, այլ անհապաղ մարմնի խայթած տեղում սառը դնել, տուժողին անշարժացնել եւ տեղափոխել հիվանդանոց: «Օձ տեսնելուց պետք է նրան շրջանցել: Կողքով անցնելիս կարող է կծել, դա նրա պաշտպանական ռեակցիան է: Կծած տեղում չի կարելի կտրվածք անել եւ ծխախոտով այրել»,- զգուշացնում է Մ. Գաբրիելյանը:
Ինչ վերաբերում է երեխաների շրջանում քիմիական թունավորումների պատկերին, ապա թիվ 2 համալսարանական կլինիկական հիվանդանոցի ավագ կոորդինատոր Տիրուհի Չերքեջյանը տեղեկացրեց, որ մանկական սուր թունավորումների 45-50 տոկոսը կազմում են դեղորայքային թունավորումները: Նրա հավաստմամբ, ձմերուկից թունավորման դեպքեր առ այսօր չեն եղել: «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրենի բնորոշմամբ, ձմերուկից թունավորումը լինում է դրանում օգտագործված թունաքիմիկատների պատճառով: «Ես երկար տարիների բժիշկ եմ եւ չեմ լսել, որ երբեւէ, ինչ-որ մեկը ձմերուկից թունավորված լինի: Դա քիմիական, այլ ոչ թե սննդային թունավորում է»,- պարզաբանեց Է. Զարդարյանը: Շրջանառվող լուրերին ի պատասխան, թե` այս աննախադեպ շոգ օրերին երեխաների շրջանում տարածում ունեն աղիքային ինֆեկցիաները, ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրենը որակեց «պառավների եւ հարեւանների խոսակցություններ», որոնց պետք չէ հավատալ: «Շոգ ժամանակ մոտ 10 տոկոս ինֆեկցիոն՝ բակտերիալ հիվանդությունները շատանում են, սակայն ներկայումս մասսայական բռնկումներ չկան: Մեր հիվանդանոցի 300 մահճակալներից զբաղված են միայն 120-ը: Մնացածը դուք եզրակացրեք»,- նշեց ինֆեկցիոնիստ Զարդարյանը: