Ռոբեր Գեդիկյանը ծնվել է Մարսել քաղաքում, եւ հենց Մարսելում էլ հիմնականում կատարվում են նրա ֆիլմերի գործողությունները: Ռ. Գեդիկյանը Մարսելի աղքատ թաղամասերը միշտ չափազանց իրատեսական է ներկայացնում: «Ինձ համար շատ կարեւոր է պատմել այն սոցիալական խավի մասին, որին ինքս եմ պատկանում»,- ասում է նա: Նրա հերոսները (շատ հաճախ` հերոսուհիները, որոնց մարմնավորում է Ռ. Գեդիկյանի կինը` դերասանուհի Արիան Ասկարիդը) սովորական մարդիկ են, որոնք ապրում, սիրում, դավաճանում են եւ փորձում իրենց հուզող հարցերի պատասխանները գտնել: Նա երկար տարիներ նույն դերասանական խմբի հետ է աշխատում:
Գրեթե բոլոր ֆիլմերում նկարահանվում են Ռ. Գեդիկյանի կինը` շատ հետաքրքիր եւ տաղանդավոր դերասանուհի Արիան Ասկարիդը եւ հայկական արմատներ ունեցող դերասան Ժերար Մեյլանը: Նման մոտեցումը Ռ. Գեդիկյանը սկզբունքային է համարում, քանի որ կերպարները շարունակական են դառնում, եւ հանդիսատեսն ավելի շատ է վստահում հերոսներին: «Ես ուզում եմ, որ հանդիսատեսը չկարողանա տարբերել, թե երբ են դերասանները խաղում եւ երբ են ուղղակի ապրում կադրում»,- ասում էր ռեժիսորը: Նրա հերոսներն իրենց խնդիրների լուծումը սեփական ներաշխարհում են փնտրում: Գեդիկյան ռեժիսորի համար ամենակարեւորը մարդու ինքնության խնդիրն է: «Երջանկությունը փողի մեջ է», «Մարիուս եւ Ժանեթ», «Մարի Ժոն եւ նրա երկու սերերը», «Մարսյան դաշտում զբոսնողը» (Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանի կյանքի վերջին օրերի մասին), «Իմ հայրը ինժեներ է», «Քաղաքում ամեն ինչ հանդարտ է» ֆիլմերը դրա վկայությունն են:
«Կյանքում միայն մեկ պայքար գոյություն ունի. դա հարուստների եւ աղքատների պայքարն է»,- ասում է ռեժիսորը: Հերոսներից շատերը փոխվել չեն ցանկանում, նույնիսկ հարստանալ չեն տենչում, քանի որ գիտակցում են, որ ավելի շատ բան կկորցնեն, քան կգտնեն: Շուտով Ռ. Գեդիկյանը նոր ֆիլմ է նկարահանելու: Ֆիլմը պատմելու է երեք ընկերների մասին, որոնք վերհիշելով իրենց անցյալը` փորձելու են պատասխանել հավերժ եւ «կնճռոտ» հարցերի: Գործողությունները տեղի կունենան Մարսելում: Ռ. Գեդիկյանի վերջին ֆիլմը նույնպես անցյալի եւ ներկայի կապերի մասին է:
«Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմի վերնագիրը միանգամից հուշում է, որ պատմությունն արմատների վերաիմաստավորման եւ Հայաստանի մասին է: Ֆիլմի գլխավոր հերոսուհին` Աննան (Արիան Ասկարիդ), ստիպված եւ չուզելով է թողնում Ֆրանսիան եւ գալիս Հայաստան: Նա իր հոր Հայրենիքի մասին ոչինչ չգիտի եւ չի էլ ուզում իմանալ, սակայն մի քանի օր արտասովոր եւ կոնտրաստներով լի Հայաստանում ապրելով, իր սրտում խաղաղություն է գտնում: Ֆիլմում շատ են սիրո պատմությունները, որոնք խոր անցյալից գալիս հասնում են մինչեւ մեր օրերը, երջանիկ ավարտ են ստանում: Իսկ Ֆրանսիայում ամուսին ունեցող Աննայի համար նման պատմությունը միայն նշմարվում է: Ինչպես Երեւանում ասաց Արիան Ասկարիդը` «Իմ հերոսուհին սեր է գտնում, բայցեւ մտքով հասկանում է, որ անկարող է սիրել»: Հերոսուհու հայրը, գիտակցելով, որ մահվան շեմին է կանգնած, գերադասում է վերադառնալ Հայրենիք եւ լինել այն հայուհու կողքին, ումից տարիներ առաջ բաժանվել էր: Իսկ մեկ այլ հերոսուհի, որի դերը կատարում է երիտասարդ հայ դերասանուհի Շողիկ Գրիգորյանը, ֆիլմի վերջում սիրահարվում եւ ամուսնանում է: «Ես ֆիլմեր եմ նկարահանում` չհիմնվելով հատուկ էֆեկտների եւ հնարքների վրա, այլ` հիմնական շեշտադրումն ընկնում է դերասանների վարպետության եւ սյուժեի պտույտների վրա»,- ասում էր Ռ. Գեդիկյանը: Ֆիլմի բոլոր գործողությունները Հայաստանում են ծավալվում, իսկ իրադարձությունները եւ հանգամանքները շատ ճշգրիտ եւ մանրակրկիտ վերլուծություն են ստանում: Հարուստ թաղամասերի ու ռեստորանների պատկերները փոխարինվում են ծայրաստիճան խղճուկ պայմաններում ապրող մարդկանց առօրյայով: Պատկերվում են Երեւանում գործող հանցավոր խմբավորումներն ու Հայաստանի տեսարժան վայրերը, կոռումպացված իշխանավորների ամենաթողությունը եւ աշխատավոր մարդկանց անելանելի կյանքն ու լավ կյանքի համար Հայրենիքը լքելու ցանկությունը: Ֆիլմում հայրենասիրական վեհ կոչեր եւ կեղծ կարգախոսներ չեն հնչում: Հայրենիքը մանրուքներից է սկսվում, իսկ այդ մանրուքների մասին բարձրաձայն չեն ասում, նրանց մասին կարելի է միայն շշնջալ, այն էլ` այն մարդու ականջին, ով հանգամանքների բերումով քո ընկերն է դարձել: Ակնհայտ է, որ անցյալ տարի նկարահանված ֆիլմի ֆոնը որոշ իմաստով կարելի է ժամանակավրեպ համարել, քանի որ այսօրվա Հայաստանն այլ դիմագծեր ունի: Սակայն մարդիկ են նույնը. ապրում են, աշխատում, երազում սիրո եւ լավ կյանքի մասին, ջերմությամբ խոսում իրենց պատմական Հայրենիքի մասին եւ միշտ պատրաստ են օտարներին` որպես Հայաստանի խորհրդանիշ, Մասիս սարը մատնացույց անել: «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ մրցանակի արժանացավ: Հարցազրույցը կինոռեժիսորի հետ կայացավ փառատոնի հովանավոր «Վիվա Սելլ»-ի աջակցությամբ:
– Սպասո՞ւմ եք, որ «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը տարբեր երկրներում հաջողություն կունենա եւ հետաքրքիր կլինի ոչ միայն հայերի համար:
– Ես երբեք որեւէ մի ազգի համար ֆիլմ չեմ նկարահանում, ուզում եմ, որ իմ պատմությունները հետաքրքիր լինեն բոլորի համար: Նույնիսկ ֆրանսիական պատմություններն այնպես եմ ներկայացնում, որ նրանք ողջ աշխարհինը դառնան: «ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը նկարահանելիս ուզում էի ոչ թե հայերի մասին պատմել, այլ հայ լինելու խնդիրը ներկայացնել: Թեեւ ֆիլմը ճանապարհորդության մասին է, եւ այդ բառը կա նաեւ ֆիլմի վերնագրում, սակայն դա մի երկրից մյուս երկիր կատարած սովորական ուղեւորություն չէ, ավելի լայն իմաստ ունի: Յուրաքանչյուր մարդ, ով Հայաստան է ուղեւորվում, միշտ իր ուրույն Հայաստանն է գտնում: Ես ֆիլմը Հայաստանում եմ նկարահանել ոչ թե այն պատճառով, որ ես հայ եմ, այլ` որովհետեւ Հայաստանն Արեւելքի եւ Արեւմուտքի խաչմերուկն եմ համարում: Ֆիլմի հերոսուհին տարբեր մարդկանց հետ հանդիպելով` ինքն իր համար իր Հայաստանի հավաքական կերպարն է հայտնաբերում: Որեւէ մեկի կարծիքը եւ պատկերացումը համընդհանուր լինել չի կարող: Ես շատ եմ ուզում, որ ֆիլմը մասսայական եւ ժողովրդական դառնա, այսինքն` հասկանալի լինի բոլորի համար: Ես ինքս շատ հասարակ ընտանիքում եմ ծնվել, իմ հայրը գրեթե անգրագետ էր եւ իր ողջ կյանքում Մարսելի դոկերում է աշխատել: Ես ուզում եմ, որ իմ ֆիլմերը հասկանալի լինեն նաեւ նրա պես մարդկանց համար:
– Սեփական արմատները վերագտնելու ցանկությունն այսօր ակտուա՞լ է Եվրոպայում:
– Այո, անհատի իդենտիֆիկացիայի հարցը շատ է բարձրացվում: Ներկայիս գլոբալացման դարում անհատի եւ անհատականության հարցը շատ սուր է դրված:
– Ձեր ֆիլմում շատ մանրամասն ներկայացված է Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքը, կենցաղը: Ֆիլմը կարո՞ղ է օգնել հայերին` ճիշտ վերլուծել Հայաստանի անցած ճանապարհը:
– Ես կինոյի մարդ եմ եւ իրողությունը քաղաքականացնել չեմ ուզում: Բայց իմ այս նոր ֆիլմով ցանկացա Հայաստանի քաղաքական կյանքը որոշ չափով վերլուծել եւ ցույց տալ հանդիսատեսին: Ուզում էի Հայաստանը ոչ միայն որպես լացուկոծի, ողբերգությունների, Եղեռնի երկիր ցույց տալ, այլ` ապացուցել, որ դա մի երկիր է, որտեղ սեր կա: Եվ մարդիկ սիրում են իրար, ժպտում են միմյանց, սեփական հողում իրենց երջանիկ են զգում: Հայաստանը կենդանի, ապրող երկիր է, որը պետք է դեպի առաջ նայի: Եվ առաջ շարժվի:
– Չե՞ք կարծում, որ ձեր պատկերած Հայաստանն այօրվա Հայաստանից տարբերվում է:
– Որոշ բաներ փոխվել են, բայց հիմնականում՝ ոչ:
– Ֆիլմից պարզ է դառնում, որ համակրում եք մի հերոսի` գեներալ Երվանդին, որը անշահախնդիր եւ միայն սեփական ուժերին վստահելով պատրաստ է Հայաստանը ոտքի կանգնեցնել: Կարծում եք` միայն էնտուզիազմով կարելի՞ է շատ բան անել:
– Իհարկե, ես նման մարդկանց հանդեպ հսկայական համակրանք ունեմ: Եվ իմ ողջ կինեմատոգրաֆիստական կյանքում կարծես թե մեկ շարունակական կերպար եմ ստեղծում, որը պատրաստ է թույլերի կողքին լինել, օգնել նրանց, առաջ գնալու հույս տալ: Նման մարդկանց պատկերելը ես իմ կյանքի նպատակն եմ համարում, որն իրականացնում եմ ոչ միայն իմ ֆիլմերի, այլեւ` ֆրանսիական թերթերում եւ ամսագրերում տպագրվող հոդվածներիս միջոցով: Կարծում եմ, բոլոր մտավորականների նպատակը թույլերին օգնելը պիտի լինի:
– Նկարահանման ընթացքում ի՞նչ դժվարությունների եք հանդիպել:
– Առանձնապես մեծ դժվարություններ չեն եղել: Մենք թույլտվություն ձեռք բերեցինք եւ կարողացանք եւ՛ Երեւանում, եւ՛ զորամասերի օդանավակայանում, եւ՛ Խոր Վիրապում նկարահանումներ անցկացնել:
– Ֆիլմում շատ են կատակերգական դրվագները: Դա օգնո՞ւմ է լուրջ խնդիրներն ավելի լավ ներկայացնելուն:
– Նման մոտեցումն ամենաճիշտն է, եւ ամբողջ աշխարհում գործում է կատակերգականը լուրջ ասելիքի հետ միասին ներկայացնելու գործոնը: Կատակերգական տարրերն օգնում են ֆիլմին` հանդիսատեսի համար սիրելի դառնալ:
– Կարոտի, նոստալգիայի թեման հայազգի ռեժիսորների ֆիլմերում կարծես միշտ կա:
– Իհարկե, ապրելով Ամերիկայում կամ Եվրոպայում` յուրաքանչյուր հայ իր նոր Հայրենիքից ինչ-որ բան է վերցնում, փոխվում է նրա ապրելակերպը, առօրյան, մշակույթը: Սակայն Հայաստանի կարոտը նրա սրտում երբեք չի մարում, նույնիսկ` եթե նա երբեք Հայաստանում չի եղել: Թեեւ կարծում եմ, որ Ամերիկայում ապրող հայերը շատ ավելի են ամերիկացիներին նման, քան հայերին: Կարող եմ Ֆրանսիայի օրինակը բերել եւ վստահ ասել, որ հայերը ուզում են հայ մնալ:
– «Ոսկե ծիրանի» ընթացքում հասցրե՞լ եք ժամանակակից հայ կինոյի հետ ծանոթանալ:
– Ոչ մի ֆիլմ չեմ դիտել, քանի որ շատ քիչ ժամանակ ունեի, բայց հուսով եմ, որ ֆիլմերից շատերը որոշ ժամանակ հետո կդիտեմ: