Պարզվում է, որ երթեւեկության նշանները ոչ միայն չեն նպաստում ճանապարհներին կարգուկանոն հաստատելուն, այլեւ` հաճախ նյարդայնացնում են վարորդներին եւ նույնիսկ` վթարի պատճառ դառնում: «Նշանները վտանգավոր են»,- համոզված է հոլանդացի տրաֆիկ-ինժեներ Հանս Մոնդերմանը, քանի որ նշանների առատությունը տրաֆիկ-ինժեներների անզորության վկայությունն է:
«Ուրեմն նրանք չեն կարողացել ճիշտ կառուցել փողոցը, խաչմերուկը, հրապարակը»,- ասում է մեր երկրում անհայտ մասնագիտության տեր մարդը, ով ավտոճանապարհներ կազմակերպելու պատվերներ ստանում է ողջ աշխարհից. «25 տարի առաջ ես սկսեցի վերլուծել վթարները: Ժամերով կանգնում էի խաչմերուկներում եւ հետեւում վարորդների եւ հետիոտնի վարքագծին: Ինչո՞ւ է տեղի ունենում վթարը: Պատճառը նրանում է, որ ուրիշները չեն նկատում կամ էլ չեն ուզում նկատել դիմացինի սխալները: Իսկ սխալվում ենք բոլորս»:
Տրաֆիկ-ինժեները միաժամանակ ճարտարապետ, դիզայներ, սոցիոլոգ եւ հոգեբան է: Այդ մասնագիտությունը դասավանդվում է եվրոպական բուհերում: Ճանապարհային երթեւեկության ինժեները Եվրոպայում ինքն է որոշում, թե որտեղ պետք է դրվեն լուսացույցերը, երթեւեկության նշանները, որտեղ պետք է տեղադրել անցումները: Ոստիկանությունը նրա աշխատանքին խառնվելու իրավունք չունի: Այդ գիտության հիմքերը ձեւավորվել են թերեւս այն ժամանակ, երբ ճանապարհներին սկսեցին իշխել ավտոմեքենաները: Քաղաքների ճանապարհներին առաջինն անգլիացիները սկսեցին գիտականորեն մոտենալ: Հետագայում արդեն ամերիկացիները որոշեցին քաղաքներ նախագծել` մեքենաների եւ անցորդների համար առանձին օրենքներ սահմանելով: Ընդ որում` առաջնությունը տրվեց ավտոմեքենաներին: Այդ սկզբունքը շարունակում է գործել մինչ օրս: Սակայն փոխվում են նպատակները:
«Արդյո՞ք մարդու նպատակն Ա կետից Բ կետը հասնելն է: Դա միայն միջոց է: Իսկ նպատակը կյանքի որակի բարելավումն է, մարդու շուրջ հարմարավետ տարածություն ստեղծելը: Յուրաքանչյուր մարդ իրեն նույն պատմական եւ մշակութային մթնոլորտի մասնիկը պիտի զգա: Ժամանակակից քաղաքում շատ են օրենքները եւ քիչ է էթիկան: Ավտոճանապարհները պետք է ավելի մարդկային դարձնել: Եվ թող մարդիկ (նաեւ վարորդները, որոնք նույնպես մարդիկ են) այնտեղ իրենց մարդ զգան: Վատ թե լավ` նշանակություն չունի: Կարեւորը մարդկային գործոնն է»,- ասում է Հ. Մոնդերմանը:
Մարդուն չպիտի կաղապարեն հրամաններով: Իսկ նշանները, լուսացույցերը նույնպես հրամաններ են: Առօրյա կյանքում մարդը հրամաններով չի ուղղորդվում, այլ` հետեւում է հանգամանքներին: Եթե հրամանները շատ են, նա սկսում է ավելի շատ սխալներ թույլ տալ: Ըստ հոլանդացի մասնագետի` պետք է հանել ավելորդ նշանները եւ վերակառուցել խնդրահարույց խաչմերուկները: Ճանապարհի ճարտարապետությունն է վարքագիծ հուշում, այլ ոչ թե` նշաններն ու ասֆալտին արված գծերը:
Պետք է հաշվի առնել նաեւ, որ ճանապարհը չի կարող անհրապույր եւ միապաղաղ լինել: Որքան շատ են վառ գույների շենքերի ճակատները, օրիգինալ լապտերները, փոքր, ճաշակով արված քանդակներն ու ծաղկամանները, այնքան վթարի ռիսկայնությունը նվազում է: Օրինակ, Հ. Մոնդերմանի նախագծած Դրախտան քաղաքի հրապարակում շատրվաններ են տեղադրված, որոնք փոխում են իրենց բարձրությունը, երբ ճանապարհային տրաֆիկն առավելագույն խտության է հասնում:
Անվտանգ երթեւեկության գլխավոր նախապայմաններից է ճանապարհի եւ մայթերի հավասարաչափ լուսավորությունը: Հակառակ դեպքում` վատ լուսավորված հետիոտնային հատվածը դառնում է դիսկրիմինացիայի վկայություն:
Փողոցի կյանքը պետք է նույնքան ակտիվ լինի, որքան ավտոճանապարհի եռուզեռը: Մայթերի սրճարանները, բացօթյա ցուցահանդեսները լավ մթնոլորտ են ստեղծում: «Երթեւեկության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է որոշի, թե կոնկրետ այս դրվագում ո՞րն է ամենաճիշտ լուծումը, պե՞տք է արդյոք համառել, թե՞ լավ է դիմացինին առաջ թողնել»,- համոզված է Հ. Մոնդերմանը, ով վստահ է, որ մայթերն ու ճանապարհը պետք է նույն բարձրության վրա գտնվեն: Այդ սահմանագիծը պետք է սիմվոլիկ լինի, եւ արհեստական արգելակման ազդակները բնականներով փոխարինվեն: Վարորդի ոտքը ենթագիտակցաբար սեղմում է արգելակի «պեդալը», երբ քաղաք մտնող ճանապարհ է սկսվում, քանի որ ճանապարհի սկզբնական հատվածը վառ կարմիր գույնի սալիկներով է կառուցված: Դա ավելի արդյունավետ է գործում, քան արագության սահմանափակման նշանը: Իսկ այն հատվածներում, որտեղ հաճախ արագ սլացող մեքենաները խցանումներ են ստեղծում, Հ. Մոնդերմանը ճանապարհին եւ մայթերին ուրախ խճանկարային պատկեր է ստացել` շեղելով վարորդի ուշադրությունը եւ հրավիրելով նրան հայացք նետել շուրջը կատարվող իրադարձություններին: Այս դեպքում ճանապարհի գունազարդությունը լուսացույցի դեր է խաղում: «Ճանապարհի դիզայնը չի խանգարում նրան մեքենա վարել, պարզապես վարորդը սովորում է վերլուծել իր շուրջը կատարվող իրադարձությունները: Նա պատրաստ է փակ աչքերով անցնել փողոցը, որովհետեւ վստահ է` վարորդը հասցրել է նկատել իրեն եւ ճիշտ որոշում կայացնել»: Մարդկային գործոնն ավելի է գնահատվում, քան իրավականը: Երբ ազդակ-հրամաններն ավելի քիչ են, մարդիկ ճանապարհներին իրենց մարդու պես են պահում, դրանով իսկ նախապատվությունը տալով վարքագծի սոցիալական մոդելին: «Տրանսպորտը պետք է ծառայի քաղաքին, ոչ թե` քաղաքը տրանսպորտ սպասարկի»,- ասում է Հ. Մոնդերմանը: Քաղաքում մարդն իրեն պետք է զգա այնպես, ինչպես տանը, պետք է իր սեփական կյանքի տարածքն ունենա: Իսկ ճանապարհային քաոսից խուսափելու համար պետք է կիրառել ինքնակարգավորման սկզբունքը: Եվ հոլանդացիները, որոնք հայտնի են իրենց համարձակ սոցիալական էքսպերիմենտներով, այժմ փոփոխում են երթեւեկության կանոնները: «Եթե մարդուն սենդվիչի նման վերաբերվես, նա վաղ թե ուշ իրեն սենդվիչ կհամարի եւ սենդվիչի նման կմտածի: Նա սովորում է, որ իր փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում, կանոնները «վերեւից» են իջեցվում, եւ նրա սոցիալական վարքագծի նյարդն անզգայանում է: Պետք է թողնել, որ նա իր սեփական էթիկական չափումներն անի եւ ընտրության իրավունք ունենա: Օրենքները խստացնելով` մենք նրան գայթակղում ենք եւ դրդում խախտել այդ օրենքները` սկսած այն պահից, երբ թուլացնում ենք հսկողությունը: Ստացվում է, որ պետք է անընդհատ հսկել մարդկանց, հետեւել, հետեւողների թիվը շատացնել: Նաեւ` հետեւել, որ հետեւողներն ու հսկիչները անկաշառ եւ օբյեկտիվ լինեն: Հո չե՞նք կարող ամեն խաչմերուկում մի ոստիկան պահել: Մեր նպատակը կյանքի որակն է, եւ մարդն իր ներսում պետք է օրենքները կիրառի: Որքան այդ օրենքները մարդկային են, այնքան մեծ պատրաստակամությամբ նա կհետեւի դրանց»,- ասում է երթեւեկության փիլիսոփա Հ. Մոնդերմանը: