Ղարաբաղում հանգստանալն էժան հաճույք չէ

16/08/2006 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Զբոսաշրջությամբ Ղարաբաղում զբաղվում են երկու գործակալություններ` «Ասպար»-ը եւ «Ստեփանակերտ-տուր»-ը, սակայն զբոսաշրջիկներն Արցախ են ժամանում նաեւ Հայաստանում գործող մի քանի կազմակերպությունների միջոցով, որոնց թվում կան նաեւ այնպիսիները, որոնք չեն համագործակցում ղարաբաղցի գործընկերների հետ:

Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է համապատասխան ենթակառուցվածքների ապահովման խնդիրը: Հայտնի է, որ զբոսաշրջիկներին հետաքրքրող տեսարժան վայրեր եւ պատմաճարտարապետական հուշարձաններ տանող ճանապարհները հիմնականում վատ վիճակում են, բացառությամբ Գանձասար եւ Շուշի տանող ճանապարհների: Գուցե հենց դա է պատճառը, որ հյուրերին միշտ այդ վայրերն են տանում:

ԼՂՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությունում տուրիզմի բաժին կա: Սակայն, ինչպես այս ոլորտի աշխատակիցներն են նշում, համակարգված ու կենտրոնացված չեն ոլորտի աշխատանքները: Զբասաշրջությամբ զբաղվողներին մտահոգում է նաեւ այն հարցը, որ հաճախ Հայաստանի տուրիստական ընկերությունները զբոսաշրջիկների հետ բերում են նաեւ իրենց զբոսավարներին, որոնք «Ղարաբաղի մասին երբեմն ճիշտ տեղեկություններ չեն ներկայացնում հյուրերին: Այստեղից էլ անճշտություններ են առաջանում»:

Քիչ թե շատ բավարար վիճակում են հյուրանոցները: Տարբեր կարգերի ու գների հյուրանոցներ կան: Հանրապետությունում գործում են ԼՂՀ կառավարության կից «Հյուրատունը», որտեղ մնում են հիմնականում կառավարության հյուրերը, «Լոտոս»,«Նաիրի», «Հեղնար», «Ղարս», «Անի Պարադիզ» եւ այլ հյուրանոցները: Ի դեպ, նշենք, որ «Անի Պարադիզ»-ը գործում է Մարտակերտի շրջանի Խնձրիստան գյուղում: Հյուրանոց է գործում նաեւ շրջանի Վանք գյուղում, որը կառուցվել է հայտնի բարերար Լեւոն Հայրապետյանի միջոցներով: Հյուրանոցների գները Ղարաբաղում տարբեր են: Օրինակ, «Նաիրի» հյուրանոցում մեկ տեղանոց համարն արժե 40 դոլար, երկու տեղանոցը` 60 դոլար, երեքը` 70, չորսը` 80 դոլար եւ լյուքս համարը` 100 դոլար:

«Ղարս» հյուրանոցում բոլոր համարները երկու տեղանոց են եւ արժեն 10 հազար դրամ, իսկ եթե համարը զբաղեցրած է 1 հոգու համար, ապա` 7.500 դրամ:

«Հեղնար»-ում մեկ տեղանոց համարը 15-18 հազար դրամ է, երկու տեղանոցը` 20-24 հազար դրամ, երեքը` 25-30 հազար դրամ, լյուքսը` 40 հազար դրամ, իսկ կիսալյուքսը` 25 հազար դրամ: Նշենք, որ բոլոր հյուրանոցների համարների գների մեջ մտնում է նաեւ նախաճաշը:

Պաշտոնապես գրանցված հյուրանոցներից բացի, Արցախում կան նաեւ սեփական տներ եւ բնակարաններ, որոնք վարձով տրվում են հենց տուրիստներին, քանի որ այդպես ավելի ձեռնտու է: Եթե տեղացիները բնակարանի համար ամիսը 30-40 հազար դրամ են վճարում, ապա տուրիստների դեպքում այդ գումարը 4-5 օրվա ընթացքում է դուրս գալիս: Մեր զրուցակիցներից մեկն ունի սեփական մեծ տուն, որի սենյակները տրամադրում է զբոսաշրջիկներին: «Համարյա տարվա բոլոր օրերին սենյակները զբաղված են լինում, քանի որ` եւ էժան են, եւ հարմար: Օրական 3 հազար դրամ է յուրաքանչյուրը վճարում: Եթե ամառային շրջանում արտասահմանից եկած հյուրերի ենք հիմնականում ընդունում, ապա մյուս օրերին` Հայաստանից ժամանածներին»,- մեր զրույցի ժամանակ նշեց նա:

Բացի գործող հյուրանոցներից, Ստեփանակերտի կենտրոնում` նախկին Ղարաբաղ հյուրանոցի տեղը «Սիրկապ Արմենիա» ընկերությունը նոր հյուրանոց է կառուցում, որը պետք է ավարտին հասցվի 2007 թվականին: Իսկ թե ինչ պայմաններ ու գներ կլինեն այդտեղ՝ դեռեւս հայտնի չէ:

Մասնագետների կարծիքով, Ղարաբաղում հանգստանալն այդքան էլ էժան հաճույք չէ, ինչը թերեւս լուրջ խոչընդոտ է երկրի զբոսաշրջության զարգացման համար: Սակայն, չնայած այս ամենին, մարդիկ գալիս են Ղարաբաղ, ոմանք էլ Ղարաբաղում հանգստանալն ավանդույթ են դարձրել: