Բիդենը միացել է նախաձեռնությանը

08/08/2006

Ամերիկայի հայկական համագումարի փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ անդամ, սենատոր Ժոզեֆ Բիդենն օգոստոսի մեկին միացել է սենատոր եւ նախագահի նախկին թեկնածու դեմոկրատ Ջոն Քերիի նախաձեռնությանը՝ նպաստելով, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի ներկայիս դեսպան Ջոն Էվանսին Ռիչարդ Հոգլանդով փոխարինելու հարցը հետաձգվի եւս մեկ ամսով: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է սենատորներ Բիդենի եւ Քերիի նախաձեռնությունը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ռ. Հոգլանդի նշանակման կապակցությամբ դժգոհությունները սկսվել են այս տարվա հունիսի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին ուղղված սենատոր Ժ. Բիդենի նամակով, որում սենատորը պետքարտուղարին խնդրում էր պատասխանել մի շարք հարցերի, ներառյալ՝ այն հարցը, որ ըստ որոշ հաղորդագրությունների` ներկայիս դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվում այն բանի համար, որ «հայերի ցեղասպանությունը որակել է որպես ցեղասպանություն»: