Ծննդյան տոներից մինչեւ հին Նոր Տարի

04/05/2005 Վարուժան ՆԱԶԱՐԵԹՅԱՆ, Լոս Անջելես-Երեւան

Այսօր ո՞վ չի սիրում տոներ: Սիրում են բոլորը, այդ թվում՝ նաեւ ամերիկացիները: Բայց նրանց վերաբերմունքն օրացույցի կարմիր օրերի նկատմամբ մի փոքր այլ է, քան մերը: Դրանից բացի, ամերիկյան օրացույցում տոներն ավելի շատ են, քան մերում կամ, ասենք, եվրոպականում: Սակայն ամերիկացիների ամենասիրած տոներն են Գոհաբանության օրը, Ծննդյան տոներն ու Նոր տարին: Եթե նկատի ունենանք, որ առաջին տոնն ընկնում է նոյեմբերի վերջին, իսկ մյուս երկուսը` դեկտեմբերին, դուրս է գալիս, որ ամերիկացիները քեֆ են անում 1,5 ամիս: Թեեւ «քեֆ անել» բառն այնքան էլ տեղին չէ գործածել ամերիկացիների նկատմամբ: Դա ավելի շատ բնորոշ է ռուսներին ու նախկին ԽՍՀՄ-ի մյուս ժողովուրդներին` քեֆ անել ուշաթափության հասնելու աստիճանի: Իսկ ամերիկացիների համար այս երկու ամիսները կապված են բազմաթիվ խնդիրների հետ: Իրեն հարգող յանկիի համար տոնը նշանակում է ընկնել խանութները` հարազատների, մտերիմների, բարեկամների ու գործընկերների  համար նվերներ գնելու: Միջին ամերիկացու համար տոնը նաեւ ծանր աշխատանքային օրերից հանգստանալու հնարավորություն է:  Ուզում եմ ասել, որ դժվար թե որեւէ ամերիկացի այդ օրերին ընկնի տնետուն ու մի լավ հարբի: Նրանք ավելի շուտ կնստեն տանն ու կհանգստանան նոր աշխատանքային շաբաթից առաջ:
Նախածննդյան օրերին Լոս Անջելեսը հիշեցնում է, եթե կարելի է այդպես արտահայտվել, խելագարված փեթակ: Ամենուր ավտոմեքենաների խցանումներ են, խանութներում հսկայական հերթեր են գոյանում: Այնքան նվերներ են առնում, որ միջին տարողության բեռնախցիկով միջին չափի ավտոմեքենան ի վիճակի չի լինում տեղավորելու այդ ամենը: Պետք է ասել, որ իրարանցումը պատահական չէ. այդ օրերին բոլոր խանութներում մինչեւ 75% զեղչեր են լինում: Փոխարենն այս օրերին Լոս Անջելեսը հսկայական տոնածառ է հիշեցնում: Փողոցներն ու խանութների ցուցափեղկերն ուղղակի խեղդվում են բազմագույն լույսերի մեջ: Էլ չեմ խոսում մասնավոր տների մասին, որոնք «ոտքից գլուխ» ծածկված են գույնզգույն լամպերով ու խաղալիքներով:
Գլենդելը, որպես մեծ Լոս Անջելեսի քաղաքներից մեկը, այս առումով բացառություն չի կազմում: Այստեղի հայերը բնիկ ամերիկացիների նման ձգտում են պահպանել ընդունված ավանդույթները, թեեւ այդ տոնն իրենցը չեն համարում: Բայց, ինչպես իրենք են ասում,  կաթոլիկների տոնացույցով Սուրբ ծնունդը նշելն ընդամենը հարգանքի տուրք է այն երկրի նկատմամբ, որտեղ ապրում են: Մեր հայրենակիցների բախտը բերել է. նրանք նշում են միանգամից մի քանի տոն` կաթոլիկական Սուրբ ծնունդը, Նոր տարին, հայկական Սուրբ ծնունդը եւ Հին նոր տարին: Նրանք ասում են, որ կարեւոր չէ, թե երբ է ծնվել Քրիստոսը, կարեւորն այն է, որ նա ծնվել է:
Նկատենք, որ ամերիկացիները Ծննդյան տոներին  սկսում են պատրաստվել դեռ դեկտեմբերի սկզբից: Եթե մեզ մոտ ընդունված է տոնածառը զարդարել Նոր տարուց մի երկու օր առաջ ու հավաքել Հին Նոր տարուց ոչ շուտ, ապա նրանք տոնածառը դնում են մինչեւ դեկտեմբերի 5-10-ը ու խաղալիքների հետ միասին դեն նետում Ծննդյան տոներից անմիջապես հետո: Սուրբ ծնունդը համարվում է ընտանեկան տոն, այդ օրն ամերիկացիները, նաեւ՝ տեղի հայերը, նստում են տոնական սեղանի շուրջ , որի գլխավոր զարդը տոնական հնդկահավն է: Իսկ հաջորդ օրը քաղաքն ասես մեռնում է, ամեն ինչ լուռ է ու խաղաղ: Քաղաքացիները հանգստանում են` նստած հեռուստացույցի առաջ: Իսկ եթե փողոցում պատահաբար ավտոմեքենա տեսնեք, վստահ եղեք, որ ղեկին նստածը հայ է, որ հին, երեւանյան օրերի սովորության համաձայն՝ հյուր է գնում բարեկամներին կամ ընկերներին:
Այնուամենայնիվ, այստեղի հայերը թեեւ տոնում են Սուրբ ծնունդը, բայց անհամբերությամբ սպասում են Նոր տարվան, որ սեղանին շարեն խոզի բդերը, պասուց տոլման ու ամենատարբեր սալաթներ: Մի խոսքով, այստեղի հայկական սեղանը ոչ մի բանով չի տարբերվում երեւանյան սեղանից: Այդ օրը, որպես կանոն, հայերի մեծ մասը նայում է բացառապես հայկական հեռուստաալիքներ: Եթե ուշադիր նայես, նրանց աչքերում կարելի է նկատել թեթեւակի թախիծ:  Նրանք ասում են, որ Երեւանում ուրիշ տեսակ էր, ուրախությունը շատ էր: Հենց միայն կեսգիշերից հետո հյուր գնալն ինչ ասես արժեր: Համ էլ ի՞նչ Նոր տարի՝ առանց ձյան: Մի խնդիր եւս կա. բանն այն է, որ այստեղ մեծացած երեխաները ոչ մի կերպ չեն հասկանում ծնողների կարոտախտը: Մի անգամ ականատես եղա այսպիսի խոսակցության. հայրն աչքերը լցրած պատմում էր որդուն, թե ինչպես էին տոնում Նոր տարին Հայաստանում: Որդին ուշադիր լսեց հորն ու հարցրեց.«Ինչի՞ էիք ոտքով հյուր գնում, ոչ թե մեքենայով: Ու ինչների՞դ է պետք ձյունը, ցուրտ է, չէ՞: Տոներն ավելի լավ է նշել դիսկոտեկում»:
Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելորդ են: