Այս տարվա բուհական ընդունելության քննություններում մինչ օրս գրանցված ամենացայտուն երեւույթը ցածր միավորներն են: Մասնավորապես այն առարկաներից, որոնք համարվում են հիմնական` մրցութային։ Իսկ սա միանգամից կարող է մի քանի բան նշանակել.
1. Դիմորդները լավ պատրաստված չեն (ականատես ենք եղել, երբ բանավոր քննություններում դիմորդը տարրական գիտելիքներ չունի, օրինակ, ռուսաց լեզու, հայոց լեզու եւ գրականություն առարկաներից):
2. Թեստերում կան դպրոցական ծրագրերից դուրս հարցեր, այս մասին հավաստիացնում են դիմորդներն ու ռեպետիտորները (ամենավառ ապացույցն այն է, որ շրջանների երեխաները, ովքեր ռեպետիտորի մոտ պարապելու հնարավորություն չունեն, շատ վատ են հանձնում քննությունները, հիմնականում՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա առարկաներից):
3. Առարկայական հանձնաժողովներն այնքան էլ որակյալ կազմով չեն հանդես գալիս (այդ մասին պնդում են ռեպետիտորները, ովքեր առիթ են ունեցել տեսնել հանձնաժողովի անդամների թերացումները բողոքարկումների ժամանակ):
4. Թեստերի գնահատման համակարգը թերի է եւ ոչ հստակ (մասնավորապես բողոքում են հայ ժողովրդի պատմություն, ընդհանուր պատմություն եւ ստեղծագործական մրցույթ առարկաներից):
Գնահատականների ցածր լինելն այնքան էլ չէր մտահոգի դիմորդներին, եթե վերջիններս մտավախություն չունենային, որ քննության վերջին օրերին չի գրանցվի բարձր գնահատականների մեծ տենդենց (ինչը եւ պատահում էր նախորդ տարիներին, երբ քննությունների սկզբնական փուլում գնահատականների ցածր շեմը կտրուկ աճում էր)։ «Վերջին օրվա քննությունից ավելի բարձր արդյունքներ ենք ակնկալում, որովհետեւ պատահական դիմորդներն արդեն այլ քննություններից կտրվել են։ Բացի այդ, դիմորդները վերջին քննությանը ներկայանալիս ավելի համարձակ են լինում. փորձառություն են ունենում եւ կարողանում են տիրապետել հուզմունքը»,- քննության ժամանակ կանխատեսումներ էր անում Ստեղծագործական մրցույթ առարկայական հանձնաժողովի նախագահ Արծրուն Ավագյանը։ Օգոստոսի 3-ին այս քննության վերջին օրն էր եւ, չնայած Ա. Ավագյանի կանխատեսումներին, այս առարկայից բարձր գնահատականներ այդպես էլ չարձանագրվեցին։ Ամենաբարձր միավորն այստեղ 16-ն է, որին 110 դիմորդներից արժանացել է ընդամենը մեկ մասնակից, իսկ 15-ը կտրվել է։ Դժվար չէ արդեն ենթադրել, որ այս քննությունում գերիշխող գնահատականը 8-ն է՝ 21 հոգի։ Քննության առաջին օրը եղել է 6 բողոքարկում, որից միայն մեկի դեպքում է այն բարձրացվել 0.5 միավորով։ «Գրավորների որակը շատ ցածր է։ Անգիր արած շարադրություններ են՝ ուղղագրական սխալներով, սխալ կետադրությամբ, քիչ ծավալով, թեմայի շեղումներով, ստեղծագործական երեւակայությունից զուրկ»,- ասում է Ա. Ավագյանը։ Քննությունը տեւել է 4 ժամ, որի ընթացքում դիմորդը պարտավոր էր իր մտքերը շարադրել 4 էջով։ Սակայն քչերին է հաջողվել կատարել առաջադրանքը։
Ստեղծագործական երեւակայության պակասը, ինչպես բազմիցս նշել ենք, գիրք չկարդալու հետեւանք է։ Անգիր արած շարադրությունները խոսում են այն մասին, որ դիմորդը զուրկ է տրամաբանությունից եւ երեւակայելուց։ Ըստ Ա. Ավագյանի՝ այստեղ մեղքի մեծ բաժին ունեն նաեւ հայոց լեզվի քննության համար նախատեսված թեստերը, որոնք (ինչը շատերն են արձանագրում) չեն ստուգում երեխայի գիտելիքները, այլ զուտ վարժեցնում են թեստային համակարգին։ «Այդ թեստերի պատճառով երեխան ճիշտ ուղղագրություն, ճիշտ կետադրություն չգիտի։ Թեստերը ցույց չեն տալիս մարդու անհատականությունը»,- ասում է նա։
Ըստ Ա. Ավագյանի՝ դեռեւս չեն եղել դեպքեր, որ դիմորդի ստեղծագործական երեւակայությունը, միտքն այնքան փայլուն լինի, որ ուղղագրական սխալներն, այսպես ասած, երկրորդական համարվեն, եւ հանձնաժողովը նրա աշխատանքը գնահատելիս առաջնորդվի զուտ շարադրված ստեղծագործական մտքով։ «Գնահատման համակարգում կա այսպիսի մի կետ, համաձայն որի՝ եթե աշխատանքը լավն է, դիմորդն ունի ստեղծագործական ձիրք, երեք միավոր կարելի է բարձրացնել՝ անկախ ուղղագրական, կետադրական եւ ոճական սխալների քանակից»,- ասում է Ա. Ավագյանը։ Սակայն այս տարի նման դեպքեր չեն եղել. ընդամենը մի քանի աշխատանք 1 միավորով բարձրացվել է՝ քիչ թե շատ հետաքրքիր լինելու համար։ Շարադրությունն այնպիսի «աշխատանք» է, որտեղ միշտ գործում է սուբյեկտիվ գործոնը, եւ նույն աշխատանքը տարբեր դասախոսների մոտ կարող է արժանանալ տարբեր գնահատականների՝ անբավարարից մինչեւ գերազանց (խոսքը, իհարկե, ստեղծագործական աշխատանքի մասին է, ոչ թե ուղղագրական կամ կետադրական սխալների)։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս պետք է գնահատել այն դիմորդին, ով շարադրության յուրաքանչյուր թեմա կարող է հարմարեցնել իր տրամադրությանը։ Քննության օրերից մեկում դիմորդներին առաջադրված էր գրել «Նկարչական ցուցահանդեսում» թեմայով շարադրություն (մի թեմա էլ լինի)։ Մի աղջիկ որոշել էր իր շարադրությունը սկսել հետեւյալ կերպ. «Երեկ ես իմ քրոջ հետ գնացել էի նկարչական ցուցահանդես, որտեղ հանդիպեցի իմ սիրած տղային….»։ Պատմության շարունակությունը սիրեցյալի մասին էր, ով էլ հանդես էր եկել որպես ցուցահանդեսի, այսպես ասած, ամենահետաքրքիր «կտավը»։ Ստեղծագործական հետաքրքիր հնա՞րք, թե՞ պարտադիր կանոնների խախտում ընդունել այսպիսի աշխատանքը։ Պատկերացնում եմ, թե ինչ վառ երեւակայություն է ունեցել այս դիմորդը՝ կտավը սիրեցյալի հետ համեմատելու համար։ Սակայն հանձնաժողովի անդամներն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի պրագմատիկ մարդիկ են եղել եւ շարադրությունը գնահատել են անբավարար։ Թերեւս նրանց համար կտավը կտավ է, մարդը՝ մարդ։ Իսկ նկարչական ցուցահանդեսում, երեւի թե, չի կարելի մտածել սիրո մասին, չի կարելի կտավի դերում տեսնել կենդանի մարդու՝ սիրեցյալին, այլ պետք է միայն նայել նկարներին ու գրել, թե ինչպես էր շառաչում գետը, ալեկոծվում ծովը կամ դայլայլում թռչունը…
Հ.Գ. Դասախոսներից մի քանիսի հավաստմամբ՝ լինում են դեպքեր, երբ դիմորդը՝ սովորելով կամ, ավելի ստույգ, անգիր անելով ընդամենը մեկ թեմա՝ «Իմ հայրենիքը» կամ «Իմ առաջին սերը», ցանկացած թեմայի դեպքում գրում է իր անգիր արածը (Ոջիլի մասին պատմող հայտնի անեկդոտի նման): Դասախոսները, թերեւս, շատ լավ հասկանում են դիմորդների այս խորամանկ հնարքը եւ հենց այդ պատճառով պարտադրում են դիմորդներին կատարել առաջադրված հստակ պահանջը (արդյունքում տուժում են ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող երեխաները)։