«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բուժքույր Նինել Իվանյանին ազատել են աշխատանքից: Պատճառաբանել են, թե վերջինս իր պարտականությունները ոչ պատշաճ կերպով է կատարել, հերթափոխը հակասանիտարական վիճակում է հանձնել եւ նախկինում բազմաթիվ նկատողություններ է ունեցել: Նինել Իվանյանն այժմ գործազուրկ է: Նրա համոզմամբ` իրեն աշխատանքից ազատել են իր ճշմարտախոսության եւ հիվանդների նկատմամբ պատշաճ վերաբերմունք պահանջելու համար: Նա վստահեցնում է, որ դիմել է դատարան, պայքարելու եւ ապացուցելու է, որ իրեն աշխատանքից անհիմն են ազատել: Միայնակ այս մայրն այժմ սոցիալական ծանր վիճակում է, իսկ իր
16- ամյա դստերը պահելու համար արյուն է հանձնում՝ դրա դիմաց ստանալով 5000 դրամ: 1977թ. սկսած` Նինել Իվանյանն աշխատել է «Արմենիա» բուժկենտրոնում: Իր ասելով՝ մշտապես ընդվզել է հիվանդներից գումար շորթող բժիշկների եւ բուժքույրերի դեմ, ինչի պատճառով էլ բուժանձնակազմն իր դեմ դավեր է նյութել՝ նպատակ ունենալով ազատվել իր նման ազնիվ աշխատակցից: Ն. Իվանյանը խմբագրություն էր այցելել՝ ահազանգելու բուժհաստատություններում կատարվող անօրինությունների, կաշառակերությունների եւ հիվանդանոց «ընկած» քաղաքացիների դեմ կատարվող ոտնձգությունների մասին: «Քանի որ ես հիվանդանոցի խոհանոցի մասին բոլոր օղակներում համարձակ պատմում եմ, գլխավոր բժիշկ Գարիկ Գրիգորյանն ինձ հոգեկան հիվանդի պիտակ է կպցրել, որպեսզի ասածներս լուրջ չընդունեն: Իսկ որպեսզի Գարիկ Գրիգորեւիչի սադրանքներին չհավատան՝ ես գնացել եմ Ավանի հոգեբուժական դիսպանսեր»,- ասում է Ն. Իվանյանը` մատնանշելով հոգեբուժական դիսպանսերի տրամադրած տեղեկանքն, ըստ որի, նա հոգեբուժական դիսպանսերում հաշվառված չէ: Նախկին բուժքրոջ ներկայացրած մեղադրանքները բավականին ծանրակշիռ են, իսկ դրանց համար նա պատրաստ է նույնիսկ դատարանի առջեւ պատասխան տալ: Նշենք, որ նա արդեն հայցադիմում է ներկայացրել դատարան: Այն, որ բուժհաստատություններում սկսած՝ հավաքարարից, վերջացրած՝ բժիշկներով` հիվանդների գրպանները դատարկում են, բոլորս էլ քաջատեղյակ ենք: Սակայն այդ «խոհանոցի» մասին մինչ օրս բուժաշխատող չի խոսել: Այնպես որ, մյուս կողմից էլ հավանաբար պետք է շնորհակալ լինենք «Արմենիա» բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Գ. Գրիգորյանից, որ իր աշխատակցին ազատել է աշխատանքից եւ, քանի որ վերջինս այլեւս աշխատանքը կորցնելու մտավախություն չունի, վկայում է հիվանդանոցում կատարվող դրամաշորթությունների մասին ուշագրավ մանրամասներ: «Գլխավոր բժիշկ Գարիկ Գրիգորեւիչը շատերին աշխատանքից ազատել է, որովհետեւ պարտադրել է փաստաթուղթ ստորագրել, իբր աշխատավարձ են ստացել, բայց 2 տարվա աշխատավարձերը ստորագրել է տալիս՝ դնում իր գրպանը, իսկ աշխատողներն իրենց կարիքներն ինչպե՞ս պիտի հոգան, պիտի նայեն հիվանդի գրպանին: Ես սա ասում եմ միանշանակ, աշխատողներին ստիպում է ստորագրել ու աշխատավարձերի գումարներն ինքն է վերցնում»,- հայտարարում է Ն. Իվանյանը՝ վկայելով, որ մի քանի արտակարգ մասնագետների իր այդ պահանջին չենթարկվելու պատրվակով գլխավոր բժիշկն ազատել է աշխատանքից: Ի դեպ, նույն հիվանդանոցի Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Էմմա Փաշինյանը մեզ տեղեկացրեց, որ իրեն ազատելով աշխատանքից` ստիպել են ստորագրել, իբրեւ թե 10 ամսից ավելի աշխատավարձ է ստացել, սակայն վերջինս հրաժարվել է փաստաթուղթը ստորագրելուց: Աշխատավարձի կուտակված գումարը մինչ օրս չեն տվել, նա հույս էլ չունի, որ իրեն կվճարեն` վստահեցնելով, որ այդ գումարները գլխավոր բժիշկը գրպանել է: Է. Փաշինյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ Նինել Իվանյանի ասածները բացարձակ ճշմարտություն են, եւ ինքը հաստատում է նրա ներկայացրած փաստարկները:
«Իրար պաս են տալիս»
«Արմենիա» բուժկենտրոնի գլխավոր բժիշկը, պարզվում է, հսկայական «նալոգներ» է պահանջում բուժաշխատողներից: «Ամեն մի վիրահատությունից բժիշկներից նալոգ է պահանջում»,- վստահեցնում է նախկին բուժքույրը, ում գլխավոր բժիշկն առաջարկել է 25.000 դրամ աշխատավարձից պահել, որպեսզի ուղարկի վերապատրաստման լիցենզավորում ստանալու համար: Երբ վերջինս հրաժարվել է «փողով» վերապատրաստվելու առաջարկից` Գ. Գրիգորյանին դա զայրացրել է. «Ասացի՝ ես քննություն կհանձնեմ եւ իմ գիտելիքներով կապացուցեմ, թե որքանով եմ արժանի վերապատրաստման: Ասեց՝ չե՞ս տա, չես էլ վերապատրաստվի: Ու սկսեցին գլխիս սարքել: Իսկ այն աշխատողներն, ովքեր ընդհանրապես բժշկությունից հեռու են, 25.000 դրամ տալով լիցենզիա են ստացել»: Ն. Իվանյանը վստահեցնում է, որ պետպատվերով բուժվող հիվանդներից գանձվող գումարների չափից ելնելով` պետպատվեր բառն ուղղակի ծիծաղելի է հնչում: Աստղաբաշխական թվերի գումար են պահանջում, իսկ եթե հիվանդը գումար չտա՝ «Չեն նայում, հիվանդը մեռնում ա»: Բացի գումարն առերես պահանջելուց` բուժաշխատողները մեծ փողեր են աշխատում հիվանդներին խաբելով: Վերջինս վստահեցնում է, որ դա արվում է ստվերային ճանապարհով: Օրինակ՝ հիվանդի համար պահանջվող դեղերի մի հսկայական ցուցակ են գրում ու պահանջում դրանք անմիջապես բերել, այլապես հիվանդի առողջական վիճակն աստիճանաբար վատանում է: Ընդ որում, նախապես մատնանշում են հիվանդանոցի մերձակայքում գտնվող դեղատունը՝ հորդորելով, որ այնտեղ էժան է: 50.000-100.000 դրամ կազմող ցուցակի դեղորայքը հիվանդի հարազատը հասցնում է, սակայն փաթեթում ներառված դեղորայքի մի մասը բուժաշխատողները յուրացնում են: «Արմենիա» բուժկենտրոնի հարակից տարածքում գտնվող դեղատունն այս առումով սերտորեն համագործակցում է բուժաշխատողների հետ: Հիվանդի համար իբրեւ անհրաժեշտ դեղորայքի մի մասը հիվանդանոցի աշխատողներն այդ դեղատանն են հանձնում` փոխարենը վերցնելով համապատասխան գումարը: «Դեղորայքը հիվանդներին չեն ներարկում, դիմացի դեղատանը հանձնում, փող են աշխատում: Դեղատան հետ կապի մեջ են, իրար պաս են տալիս: Բժիշկները հիվանդի հարազատին խորհուրդ են տալիս այդ դեղատնից գնել դեղերը, որովհետեւ իբր էժան է: Անգամ մահացող հիվանդների համար են դեղերի ցուցակ գրում, իսկ մեռնելուց հետո այդ դեղերն իրենց է մնում: Հենց հիմա գնացե՛ք, ստուգե՛ք, եթե ասածներիս մեջ մեկ բառ անգամ սխալ լինի, հերս անիծե՛ք»,- ասում է Ն. Իվանյանը: Վերջինս հայտարարում է, որ «Արմենիա» բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Գ. Գրիգորյանը լավ մասնագետներին ազատում է աշխատանքից, իսկ «փող բերողներին» պահում է: «Իր մակարդակից մի քիչ ցածր մարդկանց է պահում, որպեսզի կարողանա իշխել: Հներին ազատում է, նորերին է ընդունում, որովհետեւ նոր աշխատող ընդունելու համար մեծ փողեր է վերցնում: Անընդհատ շրջանառություն է ապահովում, որովհետեւ նոր աշխատող ընդունելու համար 2000 դոլարից սկսած վերցնում է, էլ չեմ ասում, թե ընթացքում ինչքան են մուծվում»,- վստահեցնում է այլեւս գործազուրկ Ն. Իվանյանն՝ ասելով, որ իր ազնվության համար իրեն հանեցին հիվանդանոցից, որովհետեւ ինքը չէր շորթում: Ասում է, որ այս փաստարկները ներկայացրել է ՀՀ վարչապետին, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանին, ՀՀ նախագահին, սակայն որեւէ մեկի կողմից արձագանքի չի արժանացել: Ըստ Ն. Իվանյանի` հիվանդանոցում աշխատելիս կամ «մաֆիայի» հետ պիտի շորթես, կամ քեզ կոպիտ կերպով խաղից դուրս կհանեն ու դեռ մի բան էլ կստորացնեն: «Մի ծանր հիվանդ էին բերել ռեանիմացիա, ես հերթապահում էի: Այդ ծանր վիճակում, արհեստական շնչառական ապարատը միացրած` տեսնեմ փող են վերցնում հարազատից ու իրար մեջ անում: Ասում եմ՝ չե՞ք ամաչում, որ կիսամեռ մարդը պառկած` դուք փող եք վերցնում, իրար մեջ բաժանում: Մեկ էլ տեսնեմ` բաժանմունքի վարիչը լսել է ասածս ու այն կողմից բղավում է, թե «Դուք քանի՞ գլխանի եք, դուք էդ ո՞վ դառաք, որ էս գործ տվողի մոտ հիվանդից փող եք վերցնում»,- պատմում է տիկին Նինելը, ով երկար տարիներ աշխատել է առողջապահական համակարգում: Ըստ նրա, արհեստական շնչառական ապարատով շնչող հիվանդին կարող են ուշադրություն չդարձնել միայն նրա համար, որ փող չունի: Ասածն ապացուցելու համար տիկին Նինելը մեզ լուսանկարներ տրամադրեց: Նկարում պատկերվածն «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժինն է, ուր, ինչպես գիտեք, տեղափոխվում են ծանրագույն վիճակի, մահամերձ հիվանդները: Բուժքույրերի աշխատանքը սկսվում է երեկոյան ժամը 9-ից, տեւում մինչեւ առավոտյան 9-ը, իսկ հերթափոխից հետո նրանց փոխարինողներ են գալիս: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերակենդանացման բաժնում գտնվող հիվանդների կյանքին վտանգ է սպառնում, հսկողությունը պետք է խիստ լինի: «Արհեստական շնչառական ապարատով կամ սիստեմա միացրած հիվանդներ են: Մենք՝ բուժքույրերս, ընդհանրապես մեր հերթափոխին իրավունք չունենք քնելու, նույնիսկ 1 րոպե, որովհետեւ մեր անփութության պատճառով կարող ենք հիվանդին կորցնել: Բայց, ինչպես տեսնում եք, սիստեման միացրած վիճակում քնում են: Ա՛յ, այսպիսի վերաբերմունք, որ քո պատճառով կարող է հիվանդը մեռնել, բայց քո մեղքի մասին նրա հարազատները չիմանան»:
Ի դեպ, «Արմենիա» բուժկենտրոնի գլխավոր բժշկի օգնական Հայկ Նավասարդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մասին հերյուրանքներ տարածողներն այն մարդիկ են, ովքեր ընկել են կրճատման տակ, եւ պետք չէ նրանց «ստերին» հավատալ: «Դրանք սուտ մեղադրանքներ են»,- ասաց նա, իսկ գլխավոր բժիշկ Գարիկ Գրիգորյանի հետ հարցազրույցը չկայացավ, քանի որ նա իր օգնականի միջոցով փոխանցեց. «Ես ասելու բան չունեմ, գրեք ինչ ուզում եք»: Մեր հարցին ի պատասխան` թե կարո՞ղ ենք գլխավոր բժշկի նման վերաբերմունքից ենթադրել, որ իր լռությունը համաձայնության նշան է, քանի որ վերջինս անգամ «լայեղ» չարեց անձամբ լսել իրեն ուղղված մեղադրանքները, օգնական Հ. Նավասարդյանը պատասխանեց. «Ենթադրեք ինչ ուզում եք եւ ոնց ուզում եք»: Մենք, անշուշտ, չենք պատրաստվում սուբյեկտիվ ենթադրություններ անել, պարզապես ներկայացնում ենք խմբագրությանը դիմած տիկնոջ փաստարկները, որոնց համար նա պատրաստ է դատարանի առաջ կանգնել: Մեր լրագրողական պարտքը երկրորդ կողմին լսելն էր, սակայն, ինչպես նշեցինք, գլխավոր բժիշկ Գարիկ Գրիգորյանը նպատակահարմար չգտավ մեզ հարցազրույց տալ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ «168 Ժամն» իր համարներից մեկում անդրադարձել էր երիկամների անբավարարությամբ հիվանդ Եղիշ Ղազարյանին, ով գտնվում էր «Արմենիա» բժշկական կենտրոնում: Վերջինիս հարազատները մեզ ահազանգել էին՝ ասելով, որ հիվանդին վիրահատել են, ապա 1000 դոլար պահանջել: Սպառնացել են` 1000 դոլարը չտալու դեպքում հիվանդանոցից դուրս չգրել այնքան ժամանակ, մինչեւ հիվանդի հարազատները գումարը տան: Իսկ Հեմոդիալիզի բաժանմունքի վարիչը մեզ վստահեցնում էր, որ «Արմենիա» բուժկենտրոնում բուժվող այդ հիվանդները բուժվում են բացառապես պետպատվերի շրջանակներում: Հիվանդ Եղիշի մասին պատմող մեր հրապարակման մեջ 1000 դոլարի մասին չէինք նշել միայն նրա համար, քանի որ հիվանդի կյանքը գտնվում էր նույն բժիշկների ձեռքում: Երեկ մենք տեղեկացանք, որ Ե. Ղազարյանն իր ավտոտնակը վաճառել եւ 1000 դոլարը տվել է բժիշկներին: Եղիշն ու նրա հարազատներն էլ հո հոգեկան հիվանդ չե՞ն, որ մեզ ահազանգել էին դրամաշորթության համար: