Հետապնդումները շարունակվում են

08/08/2006

«Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը պնդում է, որ իր նկատմամբ Երեւանի Նուբարաշեն համայնքի ղեկավարի հետ ընդհարումից հետո որոշակի հետապնդումներ են իրականացվում: «Ազատություն» ռ/կ-ին լրագրողը հայտնել է, թե իրեն հրավիրել է իր վրա հարձակման գործը քննող քննիչ Հայկ Մանգոյանը եւ առաջարկել հրաժարվել թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանի դեմ ցուցմունքից, ըստ որի, վերջինս իր վրա ոչ միայն հարձակվել է, այլեւ կողոպտել՝ վերցնելով բջջային հեռախոսը եւ ձայնագրիչը: Բացի այդ, Շամշյանին երեկ հրավիրել է Էրեբունի համայնքի ոստիկանության հետաքննիչը եւ ասել, որ նրա դեմ մի քանի բողոք կա, մասնավորապես բողոքել է նրա վարձակալած տան տիրոջ ազգականը, թե Շամշյանը փչացրել է տան գույքը, խարդախության միջոցով չի կատարել անհրաժեշտ վճարումները, տանը մի քանի կեղծ անձնագիր է պահում: Մեկ այլ բողոք էլ ստացվել է երթուղային տաքսիների վարորդների կողմից, թե Շամշյանը խանգարում է իրենց աշխատանքը, Նուբարաշենն «ահ ու սարսափի մեջ է պահում»: Երեկ առավոտյան Շամշյանին զանգահարել է Էրեբունու ոստիկանության քննչական բաժնի պետի տեղակալ Վարդան Մեսրոպյանը եւ կանչել բաժանմունք՝ զրուցելու: Այստեղ նրան տեղեկացրել են, թե իր դեմ քրեական գործ կա հարուցված, սակայն ոչ գործի բովանդակությանը, ոչ էլ համապատասխան փաստաթղթին չեն ծանոթացրել: Այնուհետեւ նրան ուղեկցել են իր վարձակալած բնակարանը եւ այնտեղ ասել, թե բնակարանը պետք է խուզարկեն: Շամշյանը, որին ուղեկցում էին գործընկերներ եւ իրավապաշտպաններ, հրաժարվել է բացել բնակարանի դուռն առանց փաստաբանի ներկայության եւ հեռացել է տան մոտից: Ավելի ուշ լրագրողին զանգահարել է ընկերը եւ հայտնել, որ «բնակշահագործման գրասենյակից, ինչպես նաեւ` զինվորականներ եւ այլք, եկել են, դուռը կոտրում են, որ մտնեն տուն»: «Դուռը կկոտրեն, կմտնեն տուն, հնարավոր է՝ տանն ինչ-որ բան դնեն, հնարավոր է եւ` չդնեն, հնարավոր է` կահույքը վնասեն ու ասեն, թե ես եմ վնասել»,- նշեց լրագրողը եւ համոզմունք հայտնեց, որ այդ ամենը կազմակերպված է թաղապետ Մհեր Հովհաննիսյանի եւ վերջինիս հոր՝ «գազի Գարուշի» կողմից: Գլխավոր դատախազության խոսնակ Սոնա Տռուզյանն «Ազատությանն» ասել է, թե Դատախազությունում Շամշյանի դեմ հարուցված քրեական գործ չկա, սակայն «առանձին անձանցից ստացվել են բազում հայտարարություններ, նյութեր նրա կողմից կատարված տարբեր հանցանքների, քրեորեն հետապնդելի արարքների մասին, եւ այդ հայտարարությունները ստուգելու ուղղությամբ աշխատանքներ են կատարվում»: Նշելով, որ Էրեբունի-Նուբարաշեն համայնքների դատախազության վարույթում նման գործ չկա, նա միաժամանակ չի հերքել, որ «ինչ-ինչ քննչական գործողություններ գուցեեւ կատարվում են»: Գ. Շամշյանի դեմ հարձակում կատարելու մեջ կասկածվողներից մեկը՝ Նուբարաշենի թաղապետի եղբայր Ռուբեն Հովհաննիսյանը, երկու օր առաջ ազատ է արձակվել գրավի դիմաց: Հիշեցնենք, որ Շամշյանը մի շարք անձանց կողմից, որոնցից մի քանիսին ճանաչել է, հարձակման էր ենթարկվել հուլիսի 12-ի երեկոյան: Լրագրողը ոստիկանությանը հայտնել էր իր վրա հարձակված անձանց անունները, նշել հարձակման պատճառը` «Արդշինինվեստբանկ»-ի Մալաթիայի մասնաճյուղում խոշոր չափերի գումարների գողության գործի վերաբերյալ իր հոդվածը, ըստ որի, այդ հանցագործության մեջ կասկածվողները Նուբարաշենի թաղապետի ազգականներն են: Լրագրողի տված ցուցմունքների հիման վրա Ռուբեն Հովհաննիսյանը կալանվել էր: