Ջուդան ծեծեց կողոպտիչներին

08/08/2006

Կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Զաբ Ջուդան վերջերս ստիպված եղավ վերհիշել ռինգում անցկացրած օրերը։ Չորեքշաբթի օրն առավոտյան, երբ Ջուդան իր շքեղ ոսկյա զարդերով քայլում էր Մանհեթթենի փողոցներից մեկով, նրա վրա հարձակվեցին երեք հոգի՝ կողոպտելու նպատակով։ Սակայն բռնցքամարտիկն իրեն չկորցրեց եւ փախուստի մատնեց հարձակվողներին։ Ավելին, Ջուդան սկսեց նրանց հետապնդել իր դեղին «Լամբորջինիով»։ Անհաջողակ կողոպտիչների մեքենան բախվեց ծառին։ Նրանցից մեկը փորձեց փախչել եւ նետվեց տաքսու մեջ։ Սակայն վարորդը, որը միջադեպին ականատես էր եղել, իր ուղեւորին իջեցրեց ուղիղ ոստիկանատան դռների առաջ, որտեղ նրան անմիջապես ձերբակալեցին։ «Դա տխմարների մի խումբ էր, որոնք չէին վերահսկում իրենց արարքները։ Նրանք սխալ թիրախ էին ընտրել»,- հայտարարել է Ջուդան։