Ինչպես պայքարել միջատների դեմ

08/08/2006

Ամռանը որոշ շրջաններում մոծակները շատանում են։ Ձեր հանգիստը չփչացնելու համար պետք է իմանալ, թե ինչպես կարելի է նրանցից հեշտությամբ ազատվել։ Ամենահուսալի միջոցներից մեկը դիմեթիլֆտալատն է։ Այդ հեղուկից մի քանի կաթիլ կաթեցրեք ձեռքերի ափերին, շփեք մարմնի բաց տեղերը։ Հեղուկը երբեք չպետք է թափանցի աչքերի մեջ։ 2-3 ժամ մոծակները ձեզ չեն անհանգստացնի։

Մեկ բաժակ ջրին ավելացրեք 1 փաթեթ դարչին։ Այդ լուծույթի մեջ եռացրեք թանզիֆի կտորը։ Չորացրած թանզիֆը կարելի է գցել գլխարկի վրա եւ դրանով ծածկել դեմքը կամ թանզիֆը կախել վրանի մուտքի մոտ։ Մոծակները դարչինի սուր հոտը չեն տանում։

Վատ չի օգնում նաեւ անիսոնի յուղը, որը նույնպես քսում են մարմնի բաց մասերին։

Մոծակի խայթոցի քորը կարելի է վերացնել անուշադրի սպիրտով կամ կերակրի սոդայի լուծույթով (1 թեյի գդալ սոդա` 1 բաժակ ջրին)։

Որպեսզի մոծակները եւ մժեղները սենյակ կամ վրան չթափանցեն, կարելի է տաք պղնձյա թիթեղի վրա շատ քիչ քաֆուր լցնել։ Դրա գոլորշուց մոծակները փախչում են։

Ուտիճների դեմ բորաթթվից բացի օգտագործվում են նաեւ վարունգի թարմ կեղեւները։

Եթե նկուղում որդեր կամ մրջյուններ են հայտնվել, դրանք կարելի է ոչնչացնել հատակին աղ ցանելով։ 2-3 օր անց պետք է ավլել ու թափել սատկած միջատները։

Որպեսզի ճանճերը սենյակ չմտնեն, պատուհանի շրջանակներին քացախ քսեք։

Ճանճերի դեմ շատ լավ միջոց է ազարիոն ծաղիկը, իսկ ծաղկի փոշին` ցեցերի։

Սենյակից ճանճերը քշելու ամենահասարակ միջոցն այնտեղ ձարխոտ (տՈտՏՐՏՑվՌՍ) դնելն է։ Ճանճերը չեն կարողանում տանել ձարխոտի հոտը։

Որպեսզի ալյուրի եւ բրնձի մեջ որդեր ու միջատներ չառաջանան, դրանց տոպրակների մեջ պետք է դնել 2-3 գլուխ սխտոր։

Բրդյա իրերը ցեցերից պաշտպանելու համար օգտագործեք օծանելիք։ Ցեցը չի կարողանում տանել օծանելիքի հոտը։

Դուք, իհարկե, լսել եք, որ մեկ ցեցը մեկ տարվա ընթացքում կարող է ոչնչացնել 30 կգ բուրդ։ Ցեցը չի խորշում մորթուց, մետաքսից, փետուրից, բամբակից եւ… նույնիսկ սինթետիկ գործվածքներից։ Հասուն ցեցը վտանգավոր չէ, իսկ երբ ձու է դնում, նրանից դուրս են գալիս թրթուրներ, որոնք ամեն ինչ խժռում են։

Կան ցեցերի մի քանի տեսակներ։ Ամենատարածվածը հագուստի ցեցն է, որը փչացնում է բրդյա գործվածքները, գորգերը, մուշտակները։ Դրանք բոլորը սնվում են բրդով, բնական մետաքսով։ Ցեցերի որոշ տեսակն էլ սնվում է ալյուրով, հացահատիկով, երբեմն նաեւ` սինթետիկ կտորներով։

Ցեցերի առաջացումը կանխելու համար ամենից առաջ անհրաժեշտ է բնակարանը շատ հաճախ մաքրել, պարբերաբար փոշեծծիչով մաքրել գորգերն ու փափուկ կահույքը։

Ցեցը չի սիրում ոչ ցուրտը, ոչ շոգը, ոչ էլ արեւի պայծառ ճառագայթները։ Ուստի գարնանը, նախքան ձմեռային հագուստները տեղավորելը, դրանք մի քանի ժամ թողեք արեւի տակ, լավ թափ տվեք եւ խոզանակով մաքրեք։