Փոխքաղաքապետը՝ թաղապետի թեկնածու

08/08/2006

Երեկ հրաժարական է ներկայացրել Երեւանի փոխքաղաքապետ, ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը: Մեզ հետ զրույցում Ա. Սահակյանն իր հրաժարականը մեկնաբանեց Աջափնյակ համայնքում աշնանը կայանալիք թաղապետի ընտրություններին մասնակցելու ցանկությամբ: «Աշնանը Աջափնյակ համայնքում տեղի են ունենալու թաղապետի ընտրություններ, որին ես առաջադրելու եմ իմ թեկնածությունը: Եվ բարոյական եմ գտնում, որ հիմիկվանից պետք է այդպես վարվել»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Սահակյանը: Իսկ ինչո՞ւ է Ա. Սահակյանն իր պաշտոնից հաժարական տալիս օգոստոսին, երբ Աջափնյակ համայնքում ՏԻՄ ընտրություններին դեռ բավական ժամանակ կա: Ըստ Ա. Սահակյանի` ինքը տարբերություն չի տեսնում, թե երբ է հրաժարական ներկայացրել, քանի որ, ի վերջո, օրենքի պահանջով, պետք է այդ քայլին դիմի: Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններին եւս Արման Սահակյանն իր թեկնածությունն առաջադրել էր Աջափնյակ համայնքի թաղապետի պաշտոնում: Սակայն ընտրվեց գործող թաղապետ, Նիգ-Ապարան հայրենակցական միության անդամ Արծրուն Խաչատրյանը: