Oգոստոսի 1-ին, Ալավերդու տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերում, հիվանդանոցի հետագա ճակատագրի մասին հեռուստադիտողի հարցին ի պատասխան, Հենրիկ Քոչինյանն ասաց, որ առաջիկայում հանրապետությունում սպասվելիք առողջապահական հիմնարկների օպտիմալիզացիայի արդյունքում Ալավերդու հիվանդանոցի, պոլիկլինիկայի եւ ծննդատան միացումով կստեղծվի առողջապահական կենտրոն: Չնայած Հ. Քոչինյանը 20 օր առաջ հիվանդանոցը սնանկ ճանաչելու եւ լուծարելու համար դատարան մտնելու հրահանգներ է տվել իր ենթականերին: Սակայն ամենազավեշտականը հիվանդանոցի 4 տարի աշխատավարձ չստացած բժիշկների աշխատավարձի պահանջի վերաբերյալ Հ. Քոչինյանի ասածն էր. «Չեմ հասկանում այն բանը, որ աշխատող բժիշկը փորձում է դատարանով իր չստացած աշխատավարձը ստանալ, այն պարագայում, որ նա ինքը գիտի, որ ծանրաբեռնված չի աշխատել: Ես հորդորել եմ բոլորին համբերատար լինել, հիմա կսպասեն` լավ, չեն սպասի` կփորձենք օրինական դաշտով, ինքը ճիշտ է, իր չստացած աշխատավարձը կստանա, այդ դեպքում նաեւ պետք է ուրիշ տեղ փնտրի աշխատանք»,- ասել է Հ. Քոչինյանը: