Մեկ ամսում Սահմանադրական դատարան է դիմել 223 քաղաքացի

08/08/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Յուրաքանչյուր անհատ քաղաքացի, արդեն մեկ ամիս է, ինչ իրավունք ունի դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան: ՀՀ առաջին Սահմանադրության համաձայն, այդ իրավունքը նախկինում տրված էր միայն ՀՀ նախագահին, ԱԺ պատգամավորներին, ինչպես նաեւ` հանրապետության նախագահի եւ պատգամավորության թեկնածուներին` ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը բողոքարկելիս: Եվ միայն սահմանադրական փոփոխություններից հետո անհատ քաղաքացիներին եւս նման հնարավորություն ընձեռվեց:

Սակայն քաղաքացիները ոչ բոլոր դեպքերում է, որ կարող են դիմել ՍԴ: Ինչպես սահմանում է Սահմանադրության 101-րդ հոդվածը` «ՍԴ կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»: Այսինքն` քաղաքացին բողոքարկելու է ոչ թե իր նկատմամբ կայացված իրավական ակտի արդարացիությունը, այլ թե` արդյոք իր նկատմամբ կայացված իրավական ակտը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրության դրույթներին: Եվ քաղաքացին դա անելու է ՀՀ եռաստիճան դատական համակարգն անցնելուց հետո: Բացի այդ, օրենքի դրույթի սահմանադրականությունը որոշելու խնդրով ՍԴ կարող են դիմել նաեւ դատավորներն ու գլխավոր դատախազը:

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի խոսքերով, այս մեկ ամսվա ընթացքում ՍԴ է դիմել 223 քաղաքացի, որոնցից գրանցվել եւ ընդունվել է 85-ի դիմումը: Սակայն այդ քաղաքացիների գերակշռող մասը ոչ թե բողոքարկել է օրենքի դրույթի սահմանադրականությունը, այլ այդ դիմումները վերաբերել են ամենատարբեր խնդիրների: Առուշան Հակոբյանի հավաստմամբ, իրենք յուրաքանչյուր քաղաքացու հետ անհրաժեշտ խորհրդատվություն են անցկացրել, եւ բոլորին բացատրել են, թե որ դեպքում նրանք կարող են դիմել ՍԴ:

Իսկ ՍԴ ստացված դիմումներից քննության է առնվել 10-ը, որոնք եւ հանձնվել են ՍԴ-ում ստեղծված երկու դատական կազմերին: Երեքական անդամից բաղկացած դատական կազմերը, որ ստեղծվեցին ՍԴ օրենքի վերջին փոփոխություններից հետո, ուսումնասիրում են քաղաքացիների դիմումները, եւ ՍԴ անունից որոշում կայացնում` այն քննության ընդունելու կամ մերժելու մասին: Դրանից հետո քննության ընդունված դիմումը ներկայացվում է ՍԴ աշխատակարգային նիստին, ինչից հետո նշանակվում է կոնկրետ դատական նիստի օր: Ի դեպ, անհատ քաղաքացիներից առաջին դիմումը հուլիսի 1-ին ներկայացրել էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Նա ՍԴ-ում վիճարկում է ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160 հոդվածի 1-ին մասը` դատարանից խնդրելով Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել այն: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող հոդվածի հիման վրա ընդհանուր իրավասության դատարանները հրաժարվում են քննության առնել ՀՀ կառավարության որոշումները, նախագահի հրամանագրերը եւ կարգադրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմումները: «Դատարանի քննությանը ենթակա չեն այն ակտերն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումները, որոնց` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշելը, Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է»,- ասված է Քաղդատօր-ի 160 հոդվածում: Այսինքն` այդ դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին եւ 18-րդ հոդվածներին: Քանի որ, ինչպես սահմանում է Սահմանադրության 18-րդ հոդվածը` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»: Եվ ելնելով այդ դրույթի տրամաբանությունից, յուրաքանչյուր քաղաքացի կարող է բողոքարկել նաեւ կառավարության որոշումները, նախագահի հրամանագրերը եւ կարգադրությունները: ՍԴ աշխատակազմի ղեկավարի տեղեկացմամբ, դատական կազմը Արտակ Զեյնալյանի դիմումը քննության առնելու մասին վերջնական որոշում չի տվել: Եվ դիմումի քննարկումը հետաձգվել է մեկ շաբաթով: Դատական կազմը մերժել է մեկ դիմումի քննություն: Հինգ գործ ներկայացվել է ՍԴ-ի քննությանը, մյուս երեք գործերն էլ դեռ ուսումնասիրվում են: Ի դեպ, մեկ հետաքրքիր հանգամանք. Սահմանադրական դատարանն իր գոյության ավելի քան 10 տարիների ընթացքում օրենքի սահմանադրականության վերաբերյալ ստացել ու քննել է ընդամենը 8 գործ: Ընդ որում, այն ժամանակ այդ խնդրով դիմելու իրավունք ունեին այդ օրենքներն ընդունող ԱԺ պատգամավորներն ու դրանք վավերացնող նախագահը: Իսկ վերջին մեկ ամսում, երբ արդեն նույն խնդրով ՍԴ կարող են դիմել նաեւ անհատ քաղաքացիները, նույն խնդրով ՍԴ է մուտքագրվել 10 գործ: Այսինքն` հասարակ քաղաքացիներն ավելի աչալուրջ են ՀՀ օրենքների նկատմամբ, քան այդ օրենքն ընդունողները: «Նույն օրենսդրական դաշտն է, այն լուրջ փոփոխությունների չի ենթարկվել, Սահմանադրական դատարանը չի փոխվել, գրեթե նույնն են մնացել նաեւ պատգամավորները: Եվ այս պարագայում օրենսդրական դաշտում առկա սխալները ոչ մեկը չի նկատել ու չի դիմել ՍԴ-ին: Իսկ այս մեկ ամսվա ընթացքում նույն օրենսդրական դաշտի նկատմամբ քաղաքացին բազմաթիվ սխալներ է գտել»,- ասում է Առուշան Հակոբյանը: Նրա մեկնաբանմամբ, դա բացատրվում է այն հանգամանքով, որ քաղաքացին ավելի աչալուրջ է եւ, բացի այդ, ինքն իր մաշկի վրա է զգում օրենսդրական բացթողումները: «Ցավով եմ ասում, բայց քաղաքացիներն օրենքների անկատարության պատճառով գնում ու պատին են դեմ առնում»,- ասում է Ա. Հակոբյանը: