Նորից հետաձգեցին

08/08/2006

Նախօրեին ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մինչեւ սեպտեմբեր հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածության արդեն մեկ անգամ հետաձգված հաստատման հարցը: Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մի քանի ամիս առաջ որոշել էր ժամանակից շուտ ետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին: Եվ Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ռ. Հոգլանդը Հայաստանում պետք է փոխարինի ներկայիս դեսպան Ջոն Էվանսին, որի հետկանչի հանգամանքը շատերը կապում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախորդ տարվա փետրվարին արված նրա հայանպաստ հայտարարության հետ: Ռ. Հոգլանդի թեկնածությունը մայիսին Սենատին առաջադրել էր ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Լսումները հետաձգելու համար անհրաժեշտ էր սենատորներից գոնե մեկի առաջարկը: Եվ ահա նախօրեին նման առաջարկ են արել դեմոկրատ սենատորներ Ջոզեֆ Բայդենը եւ նախագահի նախկին թեկնածու Ջոն Քերին՝ իրենց մտահոգությունները հղելով հանձնաժողովի նախագահ Ռիչարդ Լուգարին: Ջ. Բայդենն ասել է, թե նման առաջարկով հանդես գալու կոչով իրեն են դիմել մի քանի սենատորներ: «Երեքշաբթի օրվա լսումների արդյունքը մի նոր հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգների վարչակազմին՝ վերանայելու ցեղասպանությունն այլ բառերով որակելու քաղաքականությունը»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Սենատորներն են, որ պետք է օգոստոսի ընթացքում շարունակեն հարցադրումները, որպեսզի տեսնենք՝ ո՞ւր ենք հասնելու մինչեւ սեպտեմբեր»,- ավելացրել է Բ. Արդունին: ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանն էլ կարծիք է հայտնել, թե հետաձգումը նշանակում է, որ Ջ. Էվանսի պաշտոնազրկման, հայոց ցեղասպանության շուրջ ԱՄՆ-ի կեցվածքի, դեսպանի թեկնածու Ռ. Հոգլանդի՝ ցեղասպանության մասին արտասանած խոսքերի վերաբերյալ սենատորների շրջանում մտահոգություններ կան: Է. Չուլջյանի համոզմամբ՝ հաջորդ նիստը հետաձգել այլեւս չի հաջողվի, եւ այս ընթացքում սենատորները պետք է հստակեցումներ եւ պատասխաններ ստանան, որոնց հիման վրա պետք է Ռ. Հոգլանդի թեկնածության շուրջ որոշում կայացնեն: «Եթե թեկնածու Հոգլանդն իր տեսակետը չպարզաբանի, չհրաժարվի հայոց ցեղասպանությունը մերժող խոսքերից, նա չպետք է նշանակվի Միացյալ Նահանգների դեսպան Հայաստանում»,- պնդում է Էլիզաբեթ Չուլջյանը:

Ռ. Թ.