Ապերն ազատության մեջ է

08/08/2006

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ օրերս կալանավայրից վաղաժամկետ ազատ է արձակվել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով դատապարտված Հովհաննես Հարությունյանը` Ապեր մականունով: ՀՀ Արդարադատության նախարարությունից երեկ հաստատեցին այդ տեղեկությունները` հավելելով, որ Հովհաննես Հարությունյանն ազատ է արձակվել պայմանական վաղաժամկետ հիմքով` հուլիսի 12-ին: Սակայն այլ մանրամասներ պարզել մեզ չհաջողվեց: Իսկ ահա մեր աղբյուրների պնդմամբ, Ապերի ազատ արձակումը տեղի է ունեցել ներման խնդրանքով ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմելուց հետո: Թե նախագահի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունում ի՞նչ հիմքով են բավարարել նրա խնդրանքը, նախագահականից առայժմ մեզ պարզել չհաջողվեց:

Հիշեցնենք, որ հիմնականում հենց Ապերի «ցուցմունքների» հիման վրա է կալանավորվել Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արմեն Սարգսյանը: Ըստ դատաքննության նյութերի` Ապերը եղել է սպանության պատվիրատուի եւ կատարողների միջեւ կապող օղակը: Ավելի պարզ ասած` Ապերն ուղղակի ցուցմունք է տվել Վազգեն Սարգսյանի եղբոր` Արմեն Սարգսյանի դեմ` նրան ներկայացնելով որպես սպանության պատվիրատու: Եվ բոլոր ամբաստանյալների միջից միայն Ապերն էր, որ ստացել էր ամենամեղմ պատիժը: Նրան դատապարտել էին ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամանակով: Բայց հիմա, փաստորեն, նրան վաղաժամկետ պայմանականով ազատ են արձակում: Իսկ ինչպես են կատարվածը մեկնաբանում «Հանրապետություն» կուսակցությունում: «Նշված քրեական գործով մենք մեր դիրքորոշումները հայտնել ենք: Մնացածը թողնում ենք հասարակության հետեւությանը, թեեւ համոզված ենք, որ հասարակությունն իր հետեւությունները վաղուց արել է»,- Ապերի ազատ արձակման փաստին այսպես արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը:

Ա. ԳԱԼՈՅԱՆ