ԿԲ-ն անհանգստության նշաններ է ցույց տալիս

08/08/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Ամեն ինչ գնում է այնպես, ինչպես պետք է։ Տնտեսական աճն առաջին 7 ամիսների համար կազմել է 11.9%։ Եթե աճի տեմպերը պահպանվեն, ապա 5-րդ տարին անընդմեջ մեր երկիրը կարձանագրի երկնիշ տնտեսական աճ։ Հունվար-հունիս ամիսների վիճակագրությունը հետաքրքիր է նրանով, որ բարելավվել են գրեթե բոլոր ցուցանիշները։ Արդյունաբերության ոլորտում, որտեղ վերջին մի քանի ամիսների ընթացքում անկում էր նկատվում, որոշակի աշխուժացում է արձանագրվել։ Թեեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալները փոքր են 1%-ով, սակայն հունիսին ունեցել ենք 2.5% աճ՝ մայիս ամսվա համեմատ։ Հունիս ամիսը, համաձայն պաշտոնական վիճակագրության, բարենպաստ է եղել նաեւ արտաքին առեւտրաշրջանառության տեսակետից, որը դարձել էր քննադատության հիմնական թիրախներից մեկը։ Մայիսի համեմատ հունիս ամսին արտահանումն աճել է 16%-ով, իսկ ներմուծումը` նվազել 0.3%-ով։ Նշենք, որ այս տվյալները ներկայացված են առանց ադամանդների, որոնք մեր արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն։ 7-ամսյա ժամանակաշրջանի (հունվար-հունիս) համար ցուցանիշները դեռ մտահոգիչ են՝ այս տարվա հունվար-հունիսի արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածին զիջում են 0.6%-ով, իսկ ներմուծման ծավալներն ավելացել են 19.9%-ով։

Ըստ ԱՎԾ-ի, հունիսը բարենպաստ է եղել նաեւ սպառողների համար. մայիս ամսվա համեմատ` գներն իջել են 1.2%-ով։ Վիճակագիրներն` ամենից մեծ գնանկում արձանագրել են պարենային ապրանքների շրջանում՝ 2.4%։ Իսկ պարենային ապրանքների մեջ միանգամից աչքի են զարնում ձկնամթերքը եւ բանջարեղեն/կարտոֆիլը։ Մայիսի համեմատ ձկնամթերքի գներն իջել են 19.5%-ով, իսկ բանջարեղենինը՝ 14%-ով։

Այսուհանդերձ, 2005թ. համեմատ գների մակարդակը մեր հանրապետությունում դեռ բարձր է 4.4%-ով։ Նախորդ ամիս այդ ցուցանիշը կազմում էր 5.7%։ Սակայն Կենտրոնական բանկն այն ժամանակ ավելի վստահ էր, որ նախատեսված 3%-ոց գնաճից շեղումներ չեն լինի, քան հիմա։ Դա արտահայտվում է վերաֆինանսավորման (ռեպո) տոկոսադրույքի բարձրացմամբ։ ԿԲ խորհուրդը հուլիսի 31-ի նիստում որոշում է ընդունել ռեպո տոկոսադրույքը բարձրացնել 0.25%-ով՝ դարձնելով 4.25%։ Փոքր-ինչ պարզաբանենք։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վարկ է տրամադրում առեւտրային բանկերին։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիքներից մեկն է, որի հիմնական նպատակը բանկային համակարգի կայունության ապահովումն է։ Տոկոսադրույքի միջոցով ԿԲ-ն կարողանում է ազդել նաեւ գնաճի վրա, քանի որ բանկերն իրենց վարկային քաղաքականությունն իրականացնելիս հիմնվում են հենց վերաֆինանսավորման տոկոսադրույքի վրա։

Պատկերավոր ասած, սա նշանակում է փողի թանկացում։ Փողի գինը տոկոսադրույքն է, երբ այն բարձրանում է, փողը դառնում է ավելի թանկ (քիչ մատչելի)։ Արդյունքում փողի ծավալը փոքրանում է՝ փոքրացնելով նաեւ գնողունակ պահանջարկը եւ մեղմելով ինֆլյացիան։

Եթե ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, նշանակում է` լուրջ հիմքեր ունի ենթադրելու, որ գնաճը գերազանցելու է կանխատեսված ցուցանիշը՝ 3%։ Իսկ որո՞նք են այդպես կարծելու հիմքերը։

Նախ, ըստ ԿԲ-ի, դեռեւս առկա են հումքային ապրանքների` մասնավորապես նավթամթերքների եւ մետաղների միջազգային գների սպասվածից բարձր աճի ռիսկեր։ Ըստ ԿԲ մասնագետների, դրանք հիմնականում պայմանավորված են ԱՄՆ դոլարի հնարավոր արժեզրկմամբ եւ աշխարհաքաղաքական իրադրության սրմամբ:

ԿԲ-ն այս անգամ եւս անդրադարձել է Հայաստան ներմուծվող հացահատիկի գների հնարավոր աճին՝ կապված Ռուսաստանում եւ Ուկրաինայում բերքի սպասվող նվազման հետ: Խորհրդի անդամների համոզմամբ, գնաճի նպատակային ցուցանիշի գերազանցմանը կարող են նպաստել նաեւ շինարարության եւ ծառայությունների ոլորտները, որտեղ արձանագրվել է նախատեսվածից բարձր աճ եւ եկամուտների ավելացում։

Կարեւորվել է նաեւ մինչեւ տարեվերջ սպասվող բյուջետային մեծածավալ ծախսումների հանգամանքը, թեեւ, ըստ ԿԲ-ի, դրանց ազդեցությունը նկատելի կլինի ոչ թե այս տարի, այլ 2007թ. առաջին կեսին։ «ԿԲ խորհուրդը հայտարարում է, որ առաջիկա 12-ամսյա ժամանակահատվածի համար վերոնշյալ գործոնները գնաճի տարեկան առավելագույնը 3% նպատակային ցուցանիշի գերազանցման էական ռիսկեր են»,- ասվում է օգոստոսի 1-ին հրապարակված վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրության մեջ։

«Էական ռիսկերի» մասին ԿԲ-ն հիշատակել էր նաեւ հուլիսի 4-ի արձանագրության մեջ եւ նշել առաջիկա ամիսներին տոկոսադրույքների հնարավոր ճշգրտման մասին։ Սակայն այն ժամանակ Կենտրոնական բանկի արձանագրության մեջ նպատակային ցուցանիշը ապահովելու «հույսի շող» կար։ «ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ էապես մեղմվել են 2006-ի գնաճի նպատակային ցուցանիշի գերազանցման՝ տարեսկզբից ձեւավորված սպասումները, եւ իրատեսական է համարում 2006 թ. վերջին մինչեւ 3% գնաճի ցուցանիշի ապահովումը» (հուլիսի 4-ին տեղի ունեցած ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունից):

Այս անգամ այդպիսի լավատեսություն չկա, ավելին, «…գնաճի նպատակային ցուցանիշին հասնելու գործընթացում ռիսկերը պահպանվում են, եւ դրանց դրսեւորումը դառնում է ավելի հավանական»։

Դժվար է ենթադրել, թե գնաճը նախատեսված ցուցանիշից որքանով կշեղվի։ Սակայն ԿԲ-ն ինքը չի բացառում, որ առաջիկա ամիսներին տոկոսադրույքները կարող են կրկին ճշգրտվել, ամենայն հավանականությամբ՝ աճման ուղղությամբ։