Գնացքը մեկնել է

08/08/2006

«Հայաստանում, իրոք, կան որոշ ուժեր, որոնք սպառնում են նախագահ Քոչարյանին հրաժարականով, եթե նա համաձայնի ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակին»,- ըստ day.az-ի, ասել է ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը: Անդրադառնալով Մինսկի խմբի առաջարկներին, քաղաքագետը նշել է. «Ռամբույեում եւ Բուխարեստում Հայաստանը դրանք մերժեց: Այժմ որոշ պաշտոնյաներ նշում են, թե դրանք ընդունելի են, շատերը դեմ են, բայց նախագահ Քոչարյանն առայժմ լռում է»: Նամազովի խոսքերով, օրերս ՀՀՇ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, թե 8-ամյա անարդյունք բանակցություններից հետո Ռոբերտ Քոչարյանը հանգել է նույն փուլային տարբերակին, որը ժամանակին բերեց նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականին: Բացի այդ, ըստ քաղաքագետի, ՀՀՇ-ն մեղադրում է Քոչարյանին, որ ներկայիս պայմանները Հայաստանում ավելի վատն են, քան 8 տարի առաջ: «Հավանաբար, նրանք նկատի ունեն, որ 1997 թվականին օրակարգում էր ոչ միայն փուլային տարբերակը, այլեւ ադրբեջանական նավթը Հայաստանի տարածքով Թուրքիա արտահանելու տարբերակը: Ավելորդ է ասել՝ ի՞նչ դիվիդենտներ կստանար Հայաստանը: Այժմ, ինչպես ասում են, գնացքը մեկնել է»,- ասել է Էլդար Նամազովը: