Թեեւ արդեն տասնչորս տարի է անցել, բայց շատ պարզ հիշում եմ մայիսյան այն օրը, երբ մտա «Երկիր» օրաթերթի խմբագրություն՝ Ղարաբաղից տեղեկություններ իմանալու։ Նախորդող օրերին Երեւանում բոլորը խոսում էին, թե ուր որ է մեր զինված ուժերը վերցնելու են Շուշին, ոմանք նույնիսկ կանխատեսում էին պատերազմի ավարտը՝ վկայակոչելով «Ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին» հայտնի խոսքը։
Խմբագրության սենյակները դատարկ էին։ Գլխավոր խմբագրի առանձնասենյակից ձայներ էին լսվում՝ ծիծաղ ու բացականչություններ։ Պարզ էր. մերոնք վերցրել էին Շուշին։ Մի բաժակ խմելուց եւ իրար շնորհավորելուց հետո, «Երկիրի» գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանն, ով հիմա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է, ինձ խնդրեց օգնել իրենց։ Հիշում եմ՝ պետք է «Երկիրի» համար հարցազրույց անեի ԱԺՄ կուսակցության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի հետ։
Հաջորդ օրը Վազգեն Մանուկյանի տանն էի, եւ, բնականաբար, մեր զրույցը վերաբերում էր Շուշիի ազատագրմանը։ ԱԺՄ-ի առաջնորդն, ով ընդդիմադիր էր այդ ժամանակվա իշխանություններին, նրանց մեղադրում էր Շուշիում տեղի ունեցածին պատշաճ հանդիսավորություն չհաղորդելու համար։ Ասում էր, թե նրանք պետք է փողոց հանեին մարդկանց՝ հնարավորություն տալով արտահայտել իրենց ցնծությունը, որն էլ աստիճանաբար կփոխարկվեր ազգային արժանապատվության։ Եվ շատ էր ափսոսում, որ չարեցին այդ բանը։
93-ին առաջին անգամ եղա Շուշիում։ Անմարդաբնակ մի տարածք էր՝ անդուռ-անլուսամուտ, այրված տներով։ Կենդանություն ու շունչ չկար։ Քայլում էինք անմարդաբնակ քաղաքի փողոցներով ու մտածում, որ այս քաղաքն անցյալի հետ կորցրել է նաեւ ապագան։ Ամեն ինչ այնքան ազդեցիկ ու տպավորիչ էր, որ ինձ նման մեկը կարող էր այդպիսի ձեւակերպում տալ։ Ես այդ օրն էլ էի հիշել «Երկիրի» խմբագրություն գնալս, հաղթական գործողության լուրն առնելս, հարցազրույց անելու պատվեր ստանալս ու Վազգեն Մանուկյանի տարակուսանքը, թե ինչո՞ւ չենք ցնծում։
Մի քանի տարի անց, երբ Շուշին իբր արդեն բնակեցվել էր, առիթ ունեցա ներկա լինելու Մուրացանի անվան դպրոցի բացմանը։ Սփյուռքահայ մի կազմակերպության նվիրատվությամբ նորոգված հսկա շենքի մոտ կանգնած էին աշակերտները, նրանցից քիչ հեռու՝ ծնողների ու հետաքրքրասերների մոտ երեք տասնյակի հասնող մի բազմություն։ Հանկարծ փոշի բարձրացավ։ Դպրոցի բակ մտան մոտ երկու տասնյակ արտասահմանյան շքեղ մեքենաներ՝ ջիփեր, մերսեդեսներ, BMW-ներ, նիսաններ՝ մի քանի սովետական նիվաների ու վոլգաների ուղեկցությամբ։ Հայաստանի նախագահ Քոչարյանն ու Ղարաբաղի նախագահ Ղուկասյանը եկել էին անձամբ բացելու նորանորոգ դպրոցը։
Երեխաները երգեցին, ուսուցիչները ռազմաշունչ ելույթներ ունեցան, նախագահները հավուր պատշաճի ճառ ասացին եւ՝ մոտենալով պատվանդանին, քաշեցին կիսանդրին ծածկող սավանը։ Երբ կիսանդրին երեւաց, ես հիշեցի աշակերտների եւ ուսանողների մոտ հաճախ կրկնվող մի սխալ։ Երբ հարցնում էին, թե որտեղ է ծնվել Մուրացանը, շատերը թյուրիմացաբար ասում էին՝ Ծովագյուղում, որովհետեւ Սեւանի ափին գտնվող այդ բնակավայրում էին տեսել անվանի վիպասանի կիսանդրին։ Հետո նկատեցի, որ Շուշիում հենց նոր բացված կիսանդրին ինչ-որ տեղ արդեն տեսել եմ։
– Էս արձանն ինձ շատ ծանոթ է,- ասացի կողքիս կանգնած մարդուն, ով՝ ենթադրելով կոստյում-փողկապից, իշխանավորների հետ եկածներից էր։
– Տեսած կլինես,- մի քիչ մտածելուց հետո ասաց մարդն ու ծիծաղելով ավելացրեց,- դեռ երկու օր առաջ Ստեփանակերտում էր կանգնած։
– Մուրացանի փողոցի՞ մոտ,- ճշտեցի ես։
– Հա՛։
– Հիմա էս արձանի պատրաստե՞լն էլ է մտնում դպրոցի նորոգման նախահաշվի մեջ։
– Չեմ կարա ոչինչ ասեմ։
Հետո մարդն ինձ պատմեց, որ տարիներ առաջ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նախագահ Գեւորգովը Բաքվի իշխանություններին մեծ դժվարությամբ համոզել էր վիպասանի ծննդավայրում տեղադրել գոնե մի կիսանդրի։ Մուրացանը, հայտնի է, Շուշիում է ծնվել, բայց արձանը տեղադրել էին Ստեփանակերտում։
– Գեւորգովն անձամբ էր հետեւում արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին,- ասում էր մարդը։
Վերջին անգամ Շուշիում եղա այս հուլիսի սկզբին։ Կեսօր էր։ Ամայություն։ Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքում միակ կենդանի շունչը մոմավաճառ կինն էր, ով իր կրպակում նստած` սպասում էր զբոսաշրջիկների։ Քայլեցի ամայի փողոցներով։ Շուշիի բնակչին էի փնտրում։ Մուրացկան հանդիպեց։ Դե հիմա որտե՞ղ չի հանդիպում։ Հանդիպեց երկրորդ մուրացկանը։ Հետո՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը…
Հիշեցի Վազգեն Մանուկյանի հետ արված հարցազրույցը՝ հաղթանակի ցնծություն, ազգային արժանապատվություն։ Հետո հիշեցի Շուշիի Ռեալական ուսումնարանի դիմացի մարգագետնում Հայաստանի կամերային նվագախմբի հիանալի համերգը՝ ռեալականի դիմապատը լույսերով ողողված, ազնվագույն գործիքների հնչյունները` գիշերվա պաղ օդի մեջ, մարդկանց ուրախ ու հուզված դեմքերը։ ՀԿՆ-ի ղեկավար Արամ Ղարաբեկյանը լրագրողներին ասում էր, թե Շուշին պետք է դառնա արվեստների միջազգային կենտրոն։
Այս ամենը դժվար թե հիշեի ու դժվար թե գրեի այս հոդվածը, եթե աչքովս չընկներ Շուշիում կատարվող պեղումների մասին պատմող մի հոդված, ուր ասվում է. «Պեղումները միանշանակ ապացուցում են, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել բրոնզե դարից ի վեր, հայկականության հետքերը նրա տարածքում վավերացվում են Փանահի հայտնվելուց առնվազն հինգ դար առաջ»։
Այս տողերը կարդացի ու հասկացա, թե Մուրացանի՝ Ստեփանակերտում տարիներ շարունակ կանգնած կիսանդրին ինչո՞ւ տեղափոխվեց Շուշի։ Մի հազար տարի հետո այնտեղ պեղումներ անող գիտնականները պետք է գտնեն կիսանդրին ու միջազգային հանրության աչքը խոթեն հայկականության հետքը։ Դա կլինի հավանաբար Բրայզայի, Ֆասյեի ու Մերզլյակովի հերթական վերամարմնավորումից հետո։