Չկարգավորված հակամարտությունն ընդամենը պատրվակ է

08/08/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի տասներկու տարիների ընթացքում թերեւս առաջին անգամ Արեւմուտքում բարձրաձայն կարծիքներ են հնչում այն մասին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրականում այնքան էլ չեն ուզում հասնել վերջնական խաղաղության, որովհետեւ հակամարտության չկարգավորված լինելը նրանց հնարավորություն է տալիս դա օգտագործել որպես պատրվակ եւ խուսափել ժողովրդավարական բարեփոխումներից։ Այլ կերպ ասած, առաջին անգամ Արեւմուտքում բարձրաձայն ասում են այն, ինչը վաղուց արդեն հայտնի է եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի հասարակություններին։ Սա, իհարկե, չի նշանակում, թե Արեւմուտքում նոր են հասկացել այս ճշմարտությունը։ Այլ հարց է, որ նրանք միայն հիմա են որոշել բարձրաձայն խոսել այդ մասին։ Այսինքն, ըստ էության, միջազգային հանրության շեշտադրումները փոխվել են։ Եթե նախկինում միջազգային հանրությունը մեզ համոզում էր, թե հակամարտության վերջնական կարգավորման դեպքում Հայաստանն ու Ադրբեջանը տնտեսական վիթխարի օգուտներ կունենան (Հայաստանը դուրս կգա շրջափակումից եւ կինտեգրվի տարածաշրջանային տնտեսական ծրագրերին, իսկ Ադրբեջանը հանգիստ կվայելի նավթային եկամուտները), այսօր տնտեսական շահի փոխարեն մեզ ժողովրդավարություն են առաջարկում։ Կարգավորեք հակամարտությունը, եւ ձեր երկրներն իսկապես ժողովրդավարական կդառնան։

Ստացվում է կախարդական շրջան. քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը ժողովրդավարական չեն, հակամարտությունը չի կարգավորվի, բայց մյուս կողմից` քանի դեռ հակամարտությունը չի կարգավորվել, մեր երկրները ժողովրդավարական չեն դառնա։ Ի՞նչ անել, ինչպե՞ս ճեղքել կախարդական այս շրջանը։

Ամբողջ խնդիրն այն է, որ առ այսօր միջազգային հանրությունը չի ֆիքսել, թե ինչու տասներկու տարի շարունակվող բանակցային գործընթացը հաջողությամբ չի պսակվում։ Խնդիրն ամենեւին էլ մոտեցումների տարբերությունը չէ, ոչ էլ` փուլային-փաթեթային բանավեճը։ Խնդիրն այն է, որ երկու կողմերի վերջնական նպատակներն են տրամագծորեն հակադիր։ Թե որն է հայկական կողմի վերջնական նպատակը` վաղուց հայտնի է։ Նախկին իշխանությունների օրոք ձեւակերպումը հնչում էր մոտավորապես այսպես. «Ղարաբաղում 3 հազար տարի հայեր են ապրել եւ եւս 3 հազար տարի պիտի հայեր ապրեն»։ Ներկա իշխանությունների ձեւակերպումը մոտավորապես նույնն է. «Ղարաբաղը պիտի ուղղահայաց կախվածություն չունենա Ադրբեջանից, պիտի ունենա անվտանգության միջազգային երաշխիքներ եւ հուսալի ցամաքային կապ Հայաստանի հետ»։ Այսինքն` ձեւակերպված է, թե կոնկրետ ինչ է պետք, որպեսզի Ղարաբաղում եւս 3 հազար տարի հայեր ապրեն։

Հայտնի է նաեւ Ադրբեջանի վերջնական նպատակը։ Այն է` Ղարաբաղում չպետք է հայեր ապրեն։ Այս նպատակը պաշտոնապես ձեւակերպված չէ, բայց Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւն իր պաշտոնավարման վերջին տարիներին մի հետաքրքիր հարցազրույց էր տվել, որտեղ պատմել էր, թե ինչպես է ինքը դեռեւս խորհրդային տարիներին ամեն ինչ արել` հայերին Ղարաբաղից դուրս մղելու համար։ Ու վերջում ափսոսանք է հայտնել, որ երկարատեւ ու հետեւողական այդ գործընթացը Նախիջեւանում ստացվել է, իսկ Ղարաբաղում` ոչ։

Մի խոսքով, նպատակները տրամագծորեն հակադիր են. մենք ձգտում ենք, որ հայերն ապրեն Ղարաբաղում, իսկ ադրբեջանցիները ձգտում են հայերին այնտեղից դուրս մղել։ Եվ ակնհայտ է, որ քանի դեռ այս նպատակներն իրար հակասում են, կարգավորման հասնել հնարավոր չի լինելու։ Հետեւաբար` առաջին հերթին պետք է համաձայնության գալ հենց նպատակի հարցում։ Եվ միջազգային հանրությունը, մեր խորին համոզմամբ, պիտի ձգտի հենց վերջնական նպատակը համաձայնեցնել։ Այսինքն` պիտի արձանագրվի, որ Ղարաբաղում հայեր են ապրել եւ շարունակելու են ապրել, եւ միայն դրանից հետո պիտի կետ առ կետ քննարկվի, թե կոնկրետ ինչ է պետք դրա համար։ Օրինակ, պիտի քննարկվի, թե հնարավո՞ր է Ղարաբաղում հայերի անվտանգ գոյությունն առանց անկախ պետության կարգավիճակի եւ առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի, հնարավո՞ր է լիարժեք ռազմական եւ տնտեսական անվտանգություն` առանց սեփական բանակի, սեփական Սահմանադրության, սեփական դրամական միավորի եւ այլն։ Պարզ ասած, կարող է քննարկման առարկա դառնալ ոչ թե ԼՂՀ ապագա կարգավիճակը (դա միանգամից խնդիրը տեղափոխում է «պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի» ոլորտ եւ մեզ դնում ոչ շահեկան վիճակի մեջ), այլ կարող են առանձին-առանձին քննարկվել լիակատար անկախության բաղադրիչները (Սահմանադրություն, բանակ եւ այլն)։

Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա իրականում դա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի հետ կապ չունի։ Եվ ասվածի լավագույն ապացույցն  Իսրայելն է, որն արդեն 60 տարի գտնվում է պերմանենտ պատերազմի մեջ եւ լիարժեք ժողովրդավարական երկիր է։ Այլ հարց է, որ մեր իշխանությունները համառորեն չեն ուզում տեսնել այդ օրինակը։ Թեեւ` նրանց նույնպես կարելի է հասկանալ. մի քանի օր առաջ ռազմական գործողությունների ժամանակ այդ երկրի խիստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի որդին ծանր վիրավորվել էր։ Իսկ նման օրինակները հազիվ թե շատ ոգեւորեն մեր իշխանություններին։