Այս շաբաթվա ամենացնցող տնտեսական նորությունը, հարկավ, տարադրամի հերթական արժեզրկումն էր: Ֆինանսական շուկայում կատարվող գործընթացներին մեր մամուլն անդրադառնում է տարբեր բառապաշարով: Իշխանամետ, այսինքն` «պատասխանատու» մամուլն այն որակում է «ազգային դրամի արժեւորում»: Չեմ թաքցնի, որ ինձ ավելի ճշմարտանման է թվում «տարադրամի արժեզրկում» արտահայտությունը, որն ավելի հաճախ օգտագործում են անկախ փորձագետները: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը նոր-նոր էր հրապարակել 2006թ. առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Արտառոց տնտեսական աճ չի արձանագրվել: Հետեւաբար, դրամի արժեւորման համար օբյեկտիվ, այսինքն` տնտեսական հիմքեր կարծես չկան: Ֆինանսական շուկան էլ կայուն վիճակում էր: Տարադրամի վերջին կտրուկ արժեզրկումն արձանագրվել էր մայիս ամսին: Հետո՝ կայունացել` մեկ դոլարը 415-420 դրամի միջակայքում: Ու հանկարծ` նոր ցնցում: Միջազգային տնտեսական գործընթացներով այն բացատրել այս անգամ չի ստացվի: Որովհետեւ միջազգային շուկայում հակառակ գործընթացներ են: Իսկ ներքին շուկայում ընթացող պրոցեսներն էլ բավական դժվար է միանշանակ պատասխաններով բացատրել: Նախ` պարբերաբար պաշտոնապես հայտարարվում է, որ ամառային ամիսներին ներքին շուկայում ուժեղանում է տարադրամային ճնշումը: Հայաստանում այս ամիսներին տուրիստների քանակը նկատելիորեն աճում է: Ամառը հայրենիքում անցկացնելու են գալիս վերջին տարիներին արտագաղթածները: Հայաստանում նրանց ծախսած գումարն էլ հենց որակվում է «տարադրամային ճնշում»: Եթե հավատանք պաշտոնական տվյալներին` հենց ամառային ամիսներին է աճում տրանսֆեր կոչվածը: Իսկ այդ տրանսֆերները մեր իշխանություններին հանգիստ չեն տալիս: Նախորդ տարիներին ՀՀ ԿԲ-ն պնդում էր, որ օգնություն եկող այդ գումարները խախտում են երկրի ֆինանսական շուկայի հավասարակշռությունը: Նախորդ շաբաթ Առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարարն ավելի առաջ գնաց՝ խոսքը ֆինանսականից տեղափոխելով էթնիկ հոգեբանության ոլորտ: Նա հայտարարեց, որ այդ օգնությունները ազգին ալարկոտ են դարձնում: Պաշտոնական այս բացատրությունները կարելի է պակաս արժանահավատ համարել: Որովհետեւ թե՛ տուրիստների քանակի, թե՛ տրանսֆեր-օգնությունների ծավալի աճը նկատելի է ամռան սկզբից: Մինչեւ վերջին շաբաթը այս՝ տարադրամային ճնշումներին զուգընթաց` ներքին շուկայում աճում էր նաեւ դրամական զանգվածը: Հուլիս ամսին այն աննախադեպ ծավալ ուներ՝ գերազանցվեց 225 մլրդ դրամի ցուցանիշը: Փողի զանգվածի աճը ներքին շուկայում հավասարակշիռ վիճակ էր ստեղծել: Կարելի է ենթադրել, որ այն խախտվեց ՀՀ ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականության արդյունքում: Հուլիսի երկրորդ կեսին ներքին շուկայում փողի բազան կրճատվեց մոտ 10 մլրդ դրամի չափով: Հայկական դրամի պակասելը կարող էր դառնալ տարադրամի արժեզրկման պատճառ: Եվ արդեն այս շաբաթ ԱՄՆ դոլարն արդեն արժեր 405-410 դրամ:
«Ինչո՞ւ հենց այս պահին ԿԲ-ն կրճատեց փողի բազան» հարցն ունի մեկ ենթադրություն-պատասխան: Վերջին մի քանի տարիներին օգոստոս ամսի երկրորդ շաբաթից սկսած տարադրամի կուրսը զգալիորեն աճում էր: Եվ այսօր գրանցված ազգային դրամի այս «արժեւորումը», կարելի է ենթադրել, որ մեր իշխանությունների համար այդ տհաճ գործընթացի յուրատեսակ նախապատրաստություն է: Օգոստոսի երկրորդ կեսին սպասվող տարադրամի աճն այս անգամ արդեն այդքան նկատելի չի լինի: Այս բացատրությունով ես հնարավորինս խուսափեցի մեկ այլ կարծիք-բացատրությունից, որի համաձայն` տարադրամի կուրսի անկումն առեւտրային կապիտալի սպեկուլյատիվ պատվերն է: Այսպես կարծողները մատնանշում են այն փաստը, որ օգոստոսը առեւտրային կապիտալի համար իր նշանակությամբ ու ծավալներով երկրորդ ամիսն է: Այս ամսին կատարվող առեւտուրն իր ծավալներով զիջում է միայն դեկտեմբերին: Ուսումնական տարվա սկզբին բնակչությունը փորձագիտական տվյալներով առնվազն 50 մլն դոլար է հանում շուկա: Հայաստանում սեպտեմբերի 1-ը մոտ 500 հազար աշակերտ ու ուսանող նոր հագուկապով, նոր գրենական պիտույքով ու պայուսակով է դիմավորում: Այս առեւտրային աշխուժացման ակնկալիքով առեւտրային կապիտալը ձգտում է հնարավորինս նվազեցնել տարադրամի «գինը»` այն ավելի էժան ձեռք բերելու նպատակով:
Դրամի արժեւորումը լրացուցիչ եկամուտ է ապահովում ներմուծող գործարարներին: Փոխարենը` որպես լրացուցիչ հարկ` ծանրանում է տնտեսության իրական հատվածի՝ արտադրողների վրա: Այն հատկապես լուրջ հարված է արտահանողների համար: Բայց նրանք չեն երկրի ներքին շուկայում տարադրամի պաշար ապահովողները: Հետեւաբար` նրանց շահերը հաշվի առնող չկա: Իրենք էլ բավարար չափով կազմակերպված կամ հարուստ չեն իրենց շահերի լոբբինգ ապահովելու համար:
Հ.Գ. Տարադրամի կուրսի անկման այս օրերին ՀՀ Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունում մշակվում է 2007թ. պետական բյուջեն: Ֆինանսական այս փաստաթուղթը սովորաբար հաշվարկվում է ԱՄՆ դոլարի որոշակի փոխարժեքով: 2006թ. պետբյուջեն, օրինակ, հաշվարկված էր մեկ դոլարի դիմաց 420 դրամ փոխարժեքով: Ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարությունն առայժմ պաշտոնապես չի հայտարարում, թե ինչ փոխարժեքով է հաշվարկվում եկող տարվա պետբյուջեն: Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ տարադրամի կուրսի կտրուկ անկումը մեր իշխանություններին կզրկի ազգային դրամով արտահայտված տնտեսական աճով հպարտանալու հնարավորությունից: Փոխարենը հնարավորություն կտա, ասենք, 2 մլրդ դոլարանոց բյուջե ունենալ: Ափսոս միայն, որ հպարտության հիմքում իրական բարիք չի լինի: