Հուլիսի 31-ին ԱՄՀ-ն հայտարարել է, որ դոլարը 15-35%-ով գերագնահատված է, ինչը կապված է ԱՄՆ-ի արտաքին առեւտրի ռեկորդային դեֆիցիտի հետ: Եվ եթե այն չնվազի, ապա, ըստ ԱՄՀ փորձագետների, ամերիկյան տնտեսությունը կհայտնվի ճգնաժամում: 2006թ. հունվարի 1-ից մեկ դոլարի գինը ճապոնական իենի նկատմամբ ընկել է 2,9%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 7,1%-ով:
Պարզ ասած` ԱՄՆ-ը ավելի շատ է ներմուծում, քան արտահանում, այսինքն, ավելի շատ է դոլար տալիս աշխարհին, քան ստանում է: Այդ պատճառով էլ դոլարի նկատմամբ առաջարկը մեծանում է, գինը` նվազում: ԱՄՀ փորձագետները ենթադրում են, որ դոլարի արժեզրկումը կապված է շուկայական գործոնների հետ: Սակայն առանձին երկրներում այս մեխանիզմն «աղավաղված է»: Օրինակ, Հայաստանում, երբ դոլարի փոխարժեքն անկման միտում ունի, սակայն ամեն օր կարող է բնակչությանը նոր անակնկալներ մատուցել: Ոչ ոք այս ֆենոմենին հստակ բացատրություն չի տալիս: «Շուկա է, առաջարկն ու պահանջարկն են փոխարժեքը ձեւավորում»,- ասում են մասնագետները եւ ԿԲ-ն:
Եթե Հայաստանում դոլարի փոխարժեքի ձեւավորումը դիտարկենք ոչ թե տեսական, այլ գործնական տեսանկյունից, հետաքրքիր պատկեր կստանանք: Մեր երկրում դոլարն այն «ապրանքն» է, որի նկատմամբ պահանջարկը կարելի է համարել հաստատուն: Այսինքն, անկախ փոխարժեքից, եթե մարդիկ դոլարի կարիք ունեն, գնում են այն: Կամ հակառակը, եթե քաղաքացին արտասահմանից տրասֆերտ է ստացել ու պետք է դոլարը վերածի դրամի, դա անում է առանց փոխարժեքին նայելու: Թերեւս սա կարող է ընկած լինել փոխարժեքի ձեւավորման մեխանիզմի հիմքում:
Օգոստոսի 1-ին Երեւանի փոխանակման կետերում դոլարի առքի գինը հիմնականում 405 դրամ էր: Օգոստոսի 2-ի համար ԿԲ-ն սահմանեց 1 դոլար=412,54 դրամ հաշվարկային փոխարժեքը: Նույն օրն առավոտյան Տիգրան Մեծ փողոցի արտարժույթի բոլոր փոխանակման կետերում դոլարը գնում էին 410 դրամով, վաճառում 413 կամ 414 դրամով: Հասկանալի է, որ 1 գիշերվա մեջ արտարժույթի առաջարկն ու պահանջարկը նման ազդեցություն չէին կարող թողնել փոխարժեքի վրա:
Հակված ենք կարծելու, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը ձեւավորում է այն սուբյեկտը, ով բառացիորեն շուտ է արթնանում: Որեւէ փոխանակման կետի աշխատակից երազում տեսել է, որ այսօրվա փոխարժեքը լինելու է, օրինակ, 410 դրամ: Առավոտյան վեր է կենում եւ իր փոխանակման կետի ցուցանակին փակցնում է հենց այդ թիվը: Նրա մրցակիցները, որոնց թիվը սովորաբար մեծ է լինում նույնիսկ նույն փողոցի վրա, այլ փոխարժեք սահմանել չեն կարող, մրցակցությունը թույլ չի տալիս: Իսկ փոխանակման կետերն արդեն համոզվել են, որ որքան էլ սահմանեն փոխարժեքը, միեւնույն է` իրենց հաճախորդների թիվը չի նվազի: Կարեւորն այստեղ դոլարի առքի ու վաճառքի գների միջեւ տարբերությունը պահպանելն է, քանզի փոխանակման կետերը հենց դրա հաշվին են գումար վաստակում:
Բանկերն այս պարագայում այլընտրանք չունեն: Փոխարժեքի սահմանման գործում նրանց դերը մեծ չէ: Նրանց առաջարկած փոխարժեքը պետք է մոտ լինի փոխանակման կետերի սահմանած թվին, այլապես նրանք հաճախորդներ չեն ունենա: Յուրաքանչյուր օրվա ընթացքում ԿԲ-ն հավաքում է երկրում արտարժույթի առք ու վաճառքի օրական ծավալները, դրանց փոխարժեքը, միջինացնում է այդ տվյալները եւ հաջորդ օրվա համար սահմանում է հաշվարկային փոխարժեքը: Փաստորեն, այս շղթան հանգեցրեց նրան, որ դոլարի փոխարժեքը բառացիորեն ձեւավորվեց փողոցում: Չենք կարծում, որ արտարժույթի փոխանակման կետերը մանրակրկիտ ձեւով ամեն օր ուսումնասիրում են արտարժույթի նկատմամբ առաջարկի ու պահանջարկի մեծությունը: Դա նրանց ամենեւին էլ պետք չէ:
Սակայն Հայաստանում արտարժույթի առք ու վաճառքով զբաղվում են ոչ միայն բանկերն ու փոխանակման կետերը, այլեւ տոնավաճառները: Իհարկե, նրանք դա անում են անուղղակի ձեւով եւ օրենքի խախտումով: Օրենքի համաձայն, տոնավաճառում իրավունք չունեն արտարժույթով առեւտուր անել: Բայց ոչ մի առեւտրական այսօր չի հրաժարվում ապրանքի դիմաց դոլար վերցնել: Ի՞նչ փոխարժեքով: «Առավոտյան աշխատանքի գալուց հետեւում ենք փոխանակման կետերի սահմանած փոխարժեքին: Մենք իրավունք չունենք դրանից շեղվելու»,- ասում է «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցը: Սակայն հայտնի է, որ Երեւանի տարբեր հատվածներում դոլարի փոխարժեքի միջեւ 2-3 դրամի տարբերություն սովորաբար լինում է: Տոնավաճառները հաշվի են առնում մոտակա փոխանակման կետերի տվյալները: «Բայց երբ հաճախորդն ասում է, որ, օրինակ, մի քիչ առաջ Կասյանի վրա դոլարի փոխարժեքը ոչ թե 413 դրամ էր, այլ` 415, մենք ստիպված ենթարկվում ենք նրան»,- ասում է տոնավաճառի աշխատակիցը:
Ստացվում է, որ նույնիսկ տոնավաճառներում հաշվի են առնում միայն «փողոցային» փոխարժեքը, որի ձեւավորման մեխանիզմները Հայաստանում հեռու են տրամաբանական լինելուց:
Իսկ ինչո՞ւ ԿԲ-ն փոխանակման կետերի «հախից չի գալիս»: Երկրի գլխավոր ֆինանսական կառույցին դա ամենեւին էլ ձեռնտու չէ: Փոխանակման կետերի առկայության դեպքում փոխարժեքի ձեւավորման մեխանիզմներն աղավաղված են: ԿԲ-ն արդեն սովորեցրել է, որ իրենից բացատրություն չպահանջեն դոլարի արժեզրկման կամ արժեւորման վերաբերյալ: Իսկ եթե փոխանակման կետերը չլինեն, դժվար թե ԿԲ-ն հեշտությամբ խուսափի մեկնաբանությունից:
Հ.Գ. Եթե աշխարհի մյուս երկրներում էլ դոլարի փոխարժեքը ձեւավորվում է այնպես, ինչպես Հայաստանում, ապա ԱՄՆ-ի հնարավոր ֆինանսական ճգնաժամի վերաբերյալ ԱՄՀ փորձագետների հայտարարությունն ընդամենը «բլեֆ» է: