«Շատ բան մի գրի, էդ երկու բառը հերիք է»,- ասում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Հենզել Դարբինյանը: Սակայն այդ երկու բառից հետո նա եւ իր հարեւանները սկսեցին մանրամասն ներկայացնել իրենց կյանքի հոգսերն ու դժվարությունները: Նրանք հավատացնում էին, որ նույն դժվարին վիճակում են նաեւ Տավուշի, Լոռու, Սյունիքի ու Հայաստանի մյուս բոլոր մարզերի գյուղացիները: Մասիսը թեեւ իր կարգավիճակով վերջին տարիներին քաղաք է դարձել, բայց բնակիչների մեծ մասն ապրում է գյուղացու կյանքով:
«Այս անծայրածիր դաշտը տեսնո՞ւմ ես՝ ծերից ծեր խոպան է, մենակ ես եմ պոմիդոր ցանել,- ասում է Հենզելը: -Ես էլ ցանել եմ, հավաքել ու նստած նայում եմ վրեն, թե ի՞նչ անեմ, որտե՞ղ վաճառեմ»:
Մասիսցի Հենզելը դաշտում բարկ արեւի տակ իր աշխատանքի դժվարություններն այնքան պատկերավոր է ներկայացնում, որ գյուղից հեռու քաղաքացին սարսռում է: Բայց, միեւնույն է, քաղաքաբնակները միշտ այն կարծիքին են, թե գյուղացին չափազանցնում է իր վիճակը, եւ թե՝ գյուղացին հասարակության ամենաբողոքավոր խավն է: Քաղաքաբնակներին հարցնես, կասեն՝ հողագործությունն առանձնապես դժվար գործ չէ, արեւն էլ առանձնապես շատ չի վառում: Մեր զրուցակից մասիսցիները չեն ցանկանում, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե իրենք մի գլուխ բողոքում են: «Ես պատմեմ մեր վիճակը, դու էլ որոշի՝ սա բողո՞ք է, թե՞ իրականություն,- ասում է Հենզելը, ով մասնագիտությամբ գյուղատնտես է: -Նայեք, իմ հողամասի կողքը քանի՞ դաշտ կա, քանի՞սն է ցանած, իսկ ինչո՞ւ չեն ցանում: Ես ցանել եմ ու հիմա պատմեմ այն բոլոր դժվարությունները, որոնց պատճառով մյուսները չեն կարողանում ցանել: Նախ՝ գարնանը մեծ դժվարությամբ ես կարողանում տեխնիկա ճարել, որ վարուցանք անես: Չկա: Բացի դրանից էլ տրակտորների ու մեքենաների տերերն իրենց աշխատանքի վարձը միանգամից են ուզում, իսկ գյուղացիների մեծամասնության ձեռքը փող այս սեզոնին է ընկնում: Չունեցողը գարնանը կամ պիտի պարտք անի, կամ էլ՝ չցանի: Հետո գալիս է պարարտացնելու եւ ջրելու շրջանը: Մեկ պարկ սելիտրան արժե 5500-6000 դրամ: Պարտք անողը քանի՞ պարկ առնի, որ իր մի քանի հազար մետրը պարարտացնի: Գալիս է ջրելու ժամանակը՝ ջուր չեն տալիս: Այս տարի այդ շրջանում 20 օր ջուր չեն տվել: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Ջուրն էլ չտված՝ միանգամից գումարն են ուզում, չես տալիս՝ կտրում են: Է, որտեղի՞ց տանք: Հիմա արդեն, իբր թե, բերք ենք հավաքել ու սպասում ենք, թե ով պիտի գա՝ առնի, որ մենք էլ փող ունենանք: Էս պահին ձեր շուկաներում 1 կգ պոմիդորը 200 դրամ արժե, չէ՞: Վերավաճառողները գալիս են, ինձանից 35-40 դրամով են տանում: Մենք քաղաք չենք կարող հասցնել՝ դրա համար պիտի տասը հազար դրամով մեքենա վարձենք, գնանք շուկա: Շուկայում գյուղացուն տեղ չեն տալիս, որ մեքենան կանգնեցնի ու իր ապրանքը վաճառի: Գնում ես՝ մի տեղ ես կանգնում, մեկը հայտնվում է, թե` ապեր, էդ իմ տեղն է, դուրս արի: Մի ուրիշ տեղ ես կանգնում, մեկ ուրիշն է հայտնվում՝ թե դա իմ տեղն է, 1500 դրամ տուր: Ու այդպես շարունակ: Այդպես առեւտուր անել կլինի՞: Էսքանից հետո մենք էլ չենք գնում, այստեղ նստած սպասում ենք: Եկան առան՝ առան, չառան էլ` կմնա, կհոտի՝ կտանք խոզերին: Քաղաքում շուկայի տերերն ինչո՞ւ չեն թողնում, որ մեր ապրանքը մենք վաճառենք, որ դուք էլ պոմիդորը ոչ թե 200, այլ 100 դրամով գնեք»:
Այս երաշտի տարում ՀՀ կառավարությունը գյուղացուն օգնելու համար երկու հետաքրքիր հանձնարարություն կամ հրաման էր կայացրել: Առաջինը վերաբերում է ջրի վարձավճարներին: Եթե կհիշեք, օրեր առաջ ՀՀ Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե «Ոռոգման» բոլոր տարածքային կառույցներին հրահանգել են չստիպել գյուղացուն հիմա վճարել ջրի վարձը, այլ սպասել մինչեւ գյուղացին իրացնի իր բերքը: Իսկ ՀՀ Ոստիկանապետ Հայկ Հարությունյանն էլ հրաման էր արձակել, թե պետավտոտեսուչները գյուղմթերք տեղափոխող մեքենաներին չկանգնեցնեն: Մեր զրուցակիցներն այս երկրորդ որոշման մասին ոչինչ չկարողացան ասել, որովհետեւ մթերք չեն տեղափոխել, իսկ ջրի վարձավճարների մասով պատասխանեցին, որ այդպիսի բան չեն լսել:
«Օրինակ, ես մի մասը վճարել եմ, ստիպում էին,- ասաց նա: -Գիտեմ, որ մյուսներն էլ են վճարել: Իհարկե, կուզեինք աշունը վճարել: Բայց ո՞վ էր թույլ տալիս: Ստիպեցին՝ մենք էլ վճարեցինք: Էդ ինչ որ լսել եք, դա հեռուստացույցով ձեր համար են ասել: Իրականությունն ուրիշ է»:
Հեռուստատեսությամբ երբեմն լսում ենք, նաեւ մամուլում կարդում ենք մեր պաշտոնյաների ու բանկիրների հայտարարություններն այն մասին, թե գյուղացուն օգնում են վարկերով: Բացի այդ, նրանք երբեմն էլ հպարտանում են, թե գյուղացուն վարկեր տալով՝ նպաստում են մանր ու միջին բիզնեսի զարգացմանը: Վերամշակող գործարաններից ռեպորտաժներ են լինում, թե ահա, ընդունողները պայմանագիր են կնքում եւ պոմիդորի ու մնացած գյուղմթերքի գումարը տալիս են միանգամից կամ՝ շատ շուտով: Սակայն մեր զրուցակիցներն այստեղ էլ իրենց դժգոհություններն ունեին: «Դուք գնացեք տնետուն ու հարցրեք, թե քանի հոգի են վարկ վերցրել,- ասում է Հենզելի հարեւան Հենրիկը: -Մեր նմաններին վարկ չեն տալիս, իսկ մեր նմանները 90 տոկոսն են: Վարկը տալիս են ֆերմերներին կամ էլ իրենց ծանոթ-բարեկամներին: Պատահական գյուղացուն վարկ չեն տալիս: Դրա համար էլ գյուղացին գարնանը, որ առանց փողի է մնում, իր հողը չի մշակում: Իսկ այս պոմիդորը, որ դուք 200 դրամով եք վերցնում, մենք գործարաններին 21-25 դրամով ենք հանձնում: Բայց էդ էլ չկա՝ մեծ գործարանները փակվել են, եղածներն էլ փոքր են ու հեռու»:
Մինչ լսում էինք մեր զրուցակիցներ Հենզելի ու Հենրիկի ներկայացրած ծանր իրականությունը, Հենզելի կինը՝ տիկին Վարդուհին, Երեւան վերադառնալիս մեզ խորհուրդ տվեց չգրել տղամարդկանց բոլոր ասածները: «Գյուղացու վիճակը շատ վատ է,- ասաց տիկին Վարդուհին, -էդ երկու բառը գրեք՝ հերիք է»: