– Հա՛յր Սուրբ, եթե մարդը հավատացյալդ չէ,
Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի։
Պ. ՍԵՎԱԿ
Արդի աշխարհաքաղաքական զարգացումները, մեզ նետվող մարտահրավերները հրամայաբար պահանջում են տալ գաղափարախոսություն, որի հիման վրա համախմբել ազգը, այսինքն` ձեւավորել հասարակական դաշինք, ինչի համար նախ անհրաժեշտ է փոխել մասսաների հոգեբանությունը, նրանց դուրս հանել անորոշությունից, վերականգնել հավատը, դարձնել ժողովուրդ, փոխել մթնոլորտը, որից շնչահեղձ են լինում բոլորը, անկախ հասարակության մեջ ունեցած դիրքից, ունեցվածքի չափից։ Բավակա՜ն է։
Դա ո՛չ կարող են իրականացնել բնական օրինաչափությամբ հասարակության «աջ» թեւն անցած ու սսկված իշխանությունները, ո՛չ նախորդ հասարակարգի գաղափարախոսության «խարտոցով» զինված ընդդիմությունը, ո՛չ միաժամանակ, եւ՛ ճարտարապետի, եւ՛ աշխղեկի ծիծաղելիության հասնող դերը ստանձնած, իրենց կենտրոնամետ հռչակած կուսակցությունները, ո՛չ կաղապարված մտածելակերպով մտավորականությունը եւ առավել եւս ո՛չ արտաքին ուժերը, կամ դրանց ցանկացած համակցումը։
Անբնական «հավասարների» հասարակարգից վայրի անհավասարության հասարակարգ անցած ահավոր բարդ համակարգում ոչ ոք եւ ոչ մի թիմ ի զորու չէ իրագործել այն, եթե այդ թիմը չի ձեւավորվել անմահի կողմից, քանզի դա միայն անմահների գործն է, նրանց, «Ովքեր թոք ունեն` մեր մոլորակի կիսագնդերի մեծության չափով»։ Անմահությունը, որպես կանոն, ի հայտ է գալիս, ընդունվում ու հաստատվում է հետո, երբ ազգովի (եւ ոչ միայն) հասնում են մի իրավիճակի ու հանկարծ ըմբռնում, հասկանում, որ դա ապրողներից եւ ոչ ոք չի կարող այնպես գնահատել ու իմաստավորել, ինչպես դրանից դեռ շա՜տ առաջ, բնության օրենքների ու օրինաչափությունների, Աստվածաշնչի եւ հասարակական երեւույթների ներքին կապն ու ներդաշնակությունը վերծանող, ապրելու խլուրդային կենսակերպի դեմ պայքարող, ստրկամտությունն ու նյութապաշտությունը խարանող, հավերժի, համամարդկայինի, մնայուն արժեքների հետ մեզ կապող եւ «ճառագայթային ախտով» գերեզման իջած այն անհատը, որն արդեն անհատ չէ, այլ խտացումը համամարդկային ու ազգային բոլոր մեծերի, որ հայտնի է Պարույր Սեւակ անվամբ։ Եվ նա, ի՛նքն էր ասում.
– Նորի՛ց մեջս խոսեց ֆրանսիացին…
Տեղին է հիշատակել Նապոլեոն Բոնապարտի խոսքն ուղղված «Հասարակական դաշինք» աշխատության հեղինակին. «Օ՜, Ռուսո, ինչո՞ւ դու ապրեցիր ընդամենը վաթսուն տարի, չէ՞ որ բոլոր օրենքներով դու պետք է անմահ լինեիր»։ Ծիծաղելի կլիներ մտածել, որ Նապոլեոնը (ի հեճուկս ամբողջ աշխարհի ճնշումների) հասարակական դաշինք ձեւավորեց ոչ թե Ժան-ժակ Ռուսոյի գաղափարախոսությամբ, այլ այլասերված Լյուդովիկոս թագավորների, նրանց պալատականների ու Ռոբեսպիերի հետ ձեռք ձեռքի տված, կամ ինքը եւ իրենից ավելի հանճարեղ գլուխները` իրենց մասնագիտության բնագավառում համամարդկային արժեքները ստեղծած Կարնոն, Լապլասը, Բերտոլին, Շապտալը, Մոնժը իշխանության էին եկել անորոշությամբ տառապող մասսաների կատարած ընտրությունների հիման վրա։ Որքա՜ն ազնիվ ու ազգանպաստ կլիներ, որ քաղաքական դաշտը զբաղեցրած եւ տարբեր ռեժիմների ծառայողի արատավոր հոգեբանությամբ օժտված մշտական դեմքերը զբաղվեին տնտեսական գործունեությամբ, հավատալով, որ նյութական արժեքների երկրի համար կործանարար վերաբաշխում չի կատարվի, բազմապատկելով հանրային ունեցվածքից իրենց վերցրածը, իշխելով իրենց իսկ պաշտած նյութի վրա, բայց չպղծելով ոգին, որը կարող է երկիրը տանել չգոյության։ Ապշել կարելի է. «Ազատության» ոգին ինչպիսի՜ հրաշք արժեքներ ստեղծեց, որոնք այդպես էլ մնացին ցեխի մեջ ընկած, սմբակների տակ։ Չորս տարուց ավելի է, ինչ արտոնագրված, համապատասխան փորձաքննություններ անցած գյուտը, որի համաձայն` ավտոմոբիլի տանող անիվը գլորվում է հենման կետի շուրջ, չեզոքացնելով գլորման դիմադրության ուժերը եւ տնտեսելով ծախսվելիք վառելանյութի կեսը, ոչ մի ուշադրության չի արժանանում։ Ամենուր գործում է մի չգրված սկզբունք` «Որքան վատ` այնքան լավ»։ Թող սրբապղծություն չլինի, եթե ասեմ, որ այսպիսի կառավարություն ունենալն ավելի վատ է, քան այն ընդհանրապես չունենալը։
Հասարակարգի իրավացիությանը երդվյալ հավատավորներ են անհրաժեշտ։ Միայն սեւակյան վեհ գաղափարախոսությունը կարող է երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից։
Յուրի ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ինժեներ-մեխանիկ, Գեղարքունիքի մարզ, գյուղ Կարմիր