Վերջին շրջանում ակտիվանում են Հայաստանի քաղաքական գործիչների այցերը Ղարաբաղ: ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ԼՂՀ կատարած այցին անմիջապես հաջորդեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի այցը:
Ի դեպ, քաղաքական գործիչները հանդիպել են ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ եւ քննարկել տարաբնույթ հարցեր, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարների, ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման ու Հայաստան-Արցախ միջխորհրդարանային կապերի զարգացման վերաբերյալ: Ղարաբաղում տարբեր կերպ են մեկնաբանում այդ այցերը: Ոմանց կարծիքով` Հայաստանի ընդդիմադիր ուժերը Ղարաբաղում աջակցություն գտնելու նպատակով են գալիս, մյուսները գտնում են, որ դրանք նպատակ ունեն ամրապնդելու Հայաստան-Ղարաբաղ կապերը: Կա նաեւ այն կարծիքը, որ Շավարշ Քոչարյանի այցը կապված էր ԼՂՀ Սահմանադրության նախագծի մշակման հետ: ԼՂՀ քաղաքագետ Դավիթ Բաբայանի կարծիքով, այդ այցերն ամենեւին էլ կապ չունեն Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ, քանի որ Ղարաբաղը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Իսկ ընդհանրապես քաղաքագետը գտնում է, որ այդ այցերը շատ ճիշտ քաղաքականություն է: «Այցերն ավելի շատ կարելի է կապել Հայաստան-Ղարաբաղ կապերի ամրապնդման հետ, այդ թվում` միջխորհրդարանական: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի քաղաքականության կարեւորագույն հիմնաքարը ղարաբաղյան հիմնախնդիրն է հանդիսանում, տրամաբանական են քաղաքական գործիչների այցերն ու հետաքրքրությունը Ղարաբաղի հանդեպ: Ի դեպ, հարկ է նկատել, որ վերջին շրջանում հետաքրքրություն են ցուցաբերում հայաստանյան ոչ միայն քաղաքական, այլեւ տարբեր բնագավառի գործիչներ, որոնք սկսել են հաճախակի այցելել Արցախ,- մեզ հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը: Դրա վառ ապացույցն է թերեւս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի օրերս Ղարաբաղ կատարած այցը»:
Նշենք, որ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում արծարծվել են ԼՂՀ-ում բարձրագույն կրթության համակարգի եւ կիրառական գիտության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, ինչպես նաեւ` ԼՂՀ իշխանությունների, հայաստանյան գիտական շրջանակների եւ օտարերկրյա գործընկերների համատեղ ջանքերով գիտական կենտրոնի ստեղծման գաղափարի հետ կապված: