Հիվանդանոցը վերանորոգում է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությունը: Կառավարությունը ֆինանսական միջոցներ չունի հատկացնելու հիվանդանոցներին, վերաբնակների տների վերանորոգմանը, սակայն նույն կառավարությունը կարողացել է 18 մլն դրամ հատկացնել` Քաշաթաղի վարչակազմի ղեկավարի նստավայրը երկու մետրով լայնացնելու համար:
Հուլիսի 22-ին Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի հիվանդանոցը նշեց հիմնադրման տասնամյակը: Ստեղծման օրվանից անվճար այս հիվանդանոցը հուլիսի մեկից դարձել է վճարովի: Գլխավոր բժիշկ Արցախ Բունիաթյանը մտահոգ էր այդ օրը: Կարծես` նրա աշխատանքային վերջին օրերը լինեն: Հուլիսի մեկից Քաշաթաղի հիվանդանոցը վճարովի դարձնելու փաստը հունից հանել է բժշկին: Գլխավոր բժիշկը` Արցախ Բունիաթյանը, չի կարողանում պարզել, թե դա ում գաղափարն է: Ղարաբաղյան պատերազմի տարիներին զինվորական հոսպիտալում հարյուրավոր վիրահատություններ կատարած Արցախ Բունիաթյանը, ով հիմնել է հիվանդանոցը, ամենայն հավանականությամբ, հրաժարական կտա, կամ էլ իշխանությունները նրան պաշտոնանկ կանեն: Նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է հիվանդին փող չունենալու պատճառով չընդունի հիվանդանոց: Այսօր էլ նա մարդկանցից փող չի վերցնում` գիտակցաբար խախտելով օրենքը: «Մեր հիվանդանոցը, որը 10 տարի անվճար է եղել, եւ մենք պարծեցել ենք, որ Հայաստանում եւ Ղարաբաղում այսպիսի բուժհիմնարկ չկա: Պետությունն ասում է` պետք է անվճար չլինի: Եթե հիվանդը պառկում է հիվանդանոց եւ որեւէ արտոնություն չունի, օրը 8.000 դրամ պետք է վճարի: Որոշումը կայացրել է Ղարաբաղի կառավարությունը: Ոնց որ այստեղի հիվանդանոցը փակելու հատուկ քաղաքականություն լինի: Պարզ չէ՞, որ ուզում են Քաշաթաղի շրջանը դատարկվի: Եթե չեն ուզում, ամեն մի գնացողին չե՞ն կանչի ասի` ա՛յ ընկեր,10-13 տարի ապրել ես, ինչո՞ւ ես գնում,- ասում է Արցախ Բունիաթյանը,- ո՞վ կանչի, եթե կանչող էլ չկա, նշանակում է` պետական մակարդակով է դա կատարվում: Երբ պետական մակարդակով է արվում, ոչ մեկին չես կարողանա գտնել, որ գնաս դիմես: Գյուղերը հիմա դատարկված են,103 գյուղ ենք ունեցել, հիմա գյուղերը դատարկվում են, դպրոցները փակվում կամ միացվում իրար: Եվ ի՜նչ տարածքներ, մարդիկ ինչ ցավով են գյուղ ստեղծել, այդ գյուղերը հիմա ամայանում են, մարդ չկա»:
Շրջանում երկու տարի առաջ կար 94 բուժաշխատող: Նրանց մի մասը լքել է բնակավայրերը, եւ արդեն բուժաշխատողների կարիք կա: Բերձորի հիվանդանոցում այս պահին բժիշկ չկա: Երկու ամիս է, Արցախ Բունիաթյանն այլեւս վիրահատություն չի անում` աչքերի վիրահատությունից հետո տեսողությունը վատացել է: Առաջ հիվանդանոցում 20-25 հիվանդ էր լինում, այժմ գրեթե դատարկ է: Մարդիկ փող չունեն վճարելու: Թոքաբորբի բուժումն արժե 50.000 հազար դրամ, վիրակապ դնելը` 5000 դրամ եւ այլն:
«Թոշակառուն ստանում է 12-14.000 դրամ, ո՞նց ապրի ու համ էլ գա բժշկի: Մեզ ու ժողովրդին թշնամացնում են իրար: Սա հիվանդի նկատմամբ դավադրություն է: Սրա դեմ բան չես կարող անել, սա մաֆիա է, սա առեւտուր է, սա բժշկություն չէ: Հնարավոր չէ` նախագահը չիմանա, բոլորն էլ գիտեն: Առավոտը մի ծննդաբերություն ենք ընդունել, հիմա 3 օրից հետո, եթե հիվանդանոցում մնալու անհրաժեշտություն լինի, պիտի օրը 8000 դրամ վճարի: Բայց կարող է, չէ՞, բարդություն լինի եւ անհրաժեշտ հիվանդանոցում մնալը, որ պահեմ այստեղ եւ գումարը չվերցնեմ, կգան կստուգեն ու կասեն` յուրացրել ես այդ գումարը»,- զայրանում է Ա. Բունիաթյանը:
Հիվանդանոցը չունի բժշկական նորմալ սարքավորումներ, հիվանդների մահճակալներ: Հենց այստեղ` Բերձորում, հիշեցի, որ վերջերս Միացյալ Նահանգներից բարեգործական օգնությամբ բերված հիվանդանոցային մահճակալները հատկացվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնին: Ինչպես հայտնի է, այն մասնավոր ձեռնարկություն է, եւ նրա սեփականատերը համարվում է Հայաստանի հարուստ մարդկանցից մեկը: 2006-ի ձմռանը փողոցից մի անօթեւանի, որը գրեթե անշարժ էր, լրագրողներով տեղավորեցինք այդ հիվանդանոց, հաջորդ օրը նա նորից հայտնվել էր փողոցում: Այս բժշկական կենտրոնում անվճար բուժում ստանալ գրեթե անհնար է: Պետությունը եւ արտերկրի կազմակերպությունները բարեգործական ճանապարհով դեղամիջոցներ եւ սարքավորումներ են հատկացնում հենց այս կարգի հիվանդանոցներին, իսկ կառավարությունն էլ բարեգործական նկատառումներից ելնելով` ազատում է նրանց բոլոր տեսակի մաքսային վճարումներից:
Հաղթողի հոգեբանություն չկա հայերի մեջ
Արցախ Բունիաթյանը գտնում է, որ պետությունը պետք է այս տարածքներում վերաբնակեցներ 200-300 հազար բնակչի, արտոնություններ տար, տներ կառուցեր: «Իսկ ինչո՞ւ չեն անում»,- հարցնում եմ: «Ինձ թվում է` մենք քաղաքականություն չունենք, մեր իշխանությունները վախենում են, ինչ որ թուրքերին է վերաբերում` վախենում են: Մենք արյուն ենք թափել: Հիմա սպասում են` թուրքերն ինչ կանեն, որ իրենք էլ կուչ եկած ինչ-որ պատասխան տան: Հաղթողի հոգեբանություն չկա հայերի մեջ: Դա սարսափելի վիճակ է. հաղթել ես, բայց չես կարողանում քո հաղթանակածն արտահայտես, պիտի էլի առաջվա պես կուչ եկած լինես, էլի հովանավոր գտնես քեզ, որ միտք տա, պիտի դայակ փնտրես, որ քեզ օրոր ասի, որ դու ենթարկվես այդ դայակին: Այդ դայակներն էլ լիքն են»,- ասում է բժիշկը: «Ի՞նչ է իրենից ներկայացնում Քաշաթաղում ապրող անձնավորությունը. կտրված ամեն ինչից` ոչ լրագիր, ոչ ռադիո, ոչ հեռուստատեսություն, ոչ սոցիալ-տնտեսական մարդավարի ապրելակերպ, ավերակներ` ավերակների թագավորության մեջ: Այդ մարդիկ եկան ավերակները ծաղկեցնելու, բայց պետությունը նրանց հոգեբանությունն էլ ավերակ դարձրեց: Եվ արդեն խաբված են, այն խոստումները, որ տվել են, չի իրականանում: Նրանք զգում են, որ որեւէ ծրագիր չկա, որեւէ ապագա չկա: Երբ բարձրաստիճան, հեղինակավոր մարդիկ, ում վստահված է մեր ազգի ճակատագիրը, հողերը տալու հայտարարություններ են անում, այս մարդիկ մտածում են` այստեղ ինչքա՞ն կարելի է մնալ, նրանք զգում են, որ ինչ-որ մի բան պետք է կատարվի: Նրանք թողնում-գնում են, նրանց ոչ ոք չի կարող մեղադրել»,-մտահոգվում է Ա. Բունիաթյանը:
Գալիս է մի պահ` տղերքն ասում են` հերիք է արդեն
Սակայն նա համոզված է, որ բոլորին չէ, որ կարող են նման պայմաններ ստեղծելով հանել այս բնակավայրերից: Նա գտնում է, որ այս արտագաղթը ծրագրավորված է. «Ծրագրավորողները գուցե պատերազմը չեն տեսել: Ես կասկածում եմ, որովհետեւ հիմա ո՞ւմ ձեռքին է այդ ամբողջը` եւ հարստությունը, եւ ճոխ ու շվայտ կյանքը, կազինոները: Նրանց, ովքեր փախել են, թաքնվել են, գնացել են օտար երկրներ, հարստություն են դիզել: Իսկ մեր եղբայրները, ովքեր արյունով հաղթանակ են տարել, եկել են այստեղ, սովամահ են լինում, գործ չունեն, ընտանիք չեն կարողանում պահել: Եկել են նրանց գլխին կանգնել եւ ուղղություններ են ցույց տալիս: Պարզ չէ՞, թե նրանց համար ինչ նշանակություն ունի Քաշաթաղը: Կկորցնենք, թե չենք կորցնի, նրանք միշտ էլ ուղեկցող են եղել, նրանց մեջ երբեք հայրենասիրական զգացմունք չի եղել եւ նրանք այսօր դրանով պարծենում են: Բայց չպիտի թողնել, որ նրանք թելադրեն մեզ, ի վերջո գալիս է մի շրջան, որ տղերքն ասում են` հերիք է արդեն, սանձարձակությունը սահման ունի: Ես եմ ասում, դու ես ասում, նա է ասում` դառնում է 3-4 հոգի, իսկ 3-4 հոգին հերիք է արդեն: Գյուղերով որ շրջեք, կտեսնեք` ամեն մի գյուղում մի կռված տղա կա, կխոսացնեք նրանց: Բոլորս իրար ճանաչում ենք, գիտենք, բոլորս էլ շատ վատ վիճակում ենք, որովհետեւ տնտեսական հարցերը մեզ խեղճացրել են: Մեզ չեն էլ նկատում, ես գլխավոր բժիշկ եմ, ինձ նկատի չունեմ: Կռվող տղերքը շատ վատ վիճակում են, չեն կարողանում… նրանք հոգեկան ծանր վիճակում են: Իսկ դա նշանակում է, որ ես իրավունք չունեմ, չեմ կարող լավ լինել: Պետության կողմից միայն շքանշանների բաժանումը ոչ մի նշանակություն չունի»:
10 տարուց ավելի Ղարաբաղում ապրող բժիշկը տարածքների վերադարձման մասին խոսակցություններին չի հավատում. «Այդ տարածքներն արդեն սոսնձված է մեր թոքերին, արդեն մեր շնչառությունը բացվում է, հիմա շնչառական մակերեսը կտրենք տանք թշնամո՞ւն: Բա էլ ապրում ենք` ի՞նչ անենք: Ով նման բան ստորագրեց` նա չի ապրի Հայաստանում էլ, աշխարհում էլ: Ոչ մեկը ռիսկ չի անի էդպիսի բան անել»,- ասում է բժիշկը:
www.hetq.am