Հուլիսի 25-ին Վրաստանը ձեռնարկեց վճռական, բայց, միեւնույն ժամանակ, խելամիտ մասշտաբներով սահմանափակված եռօրյա ռազմական գործողություն։ Նպատակները երկուսն էին՝ վերականգնել կենտրոնական իշխանությունը Կոդորի կիրճի մի հատվածի վրա եւ բարձրացնել հույսի եւ հպարտության զգացումը երկրի ներսում։
Վրաստանի Ներքին գործերի եւ Պաշտպանության նախարարությունների միացյալ ուժերով կազմված 1000 հոգանոց զորախումբը շարժվեց դեպի Աբխազիայի մաս կազմող Կոդորի կիրճ, որի վերին մասը գտնվում է Վրաստանի վերահսկողության տակ, իսկ ստորին կիրճը վերահսկում է աբխազական զինուժը։ Կոդորի կիրճ ներխուժելով՝ վրացիները ցանկանում էին նաեւ իրենց ռազմական հզորությունը ցուցադրել մոտակայքում տեղակայված մոտ 1600 ռուս խաղաղապահներին։
Սակայն վրացական զինուժին դիմադրություն ցույց տվողը ոչ թե աբխազական կամ ռուսական ուժերն էին, այլ Էմզար Կվիցիանիի գլխավորությամբ գործող մի փոքրիկ զինված խմբավորում։ Կվիցիանին, որը Կոդորի կիրճի կառավարիչ էր նշանակվել 1999թ., նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի կողմից, անցյալ տարվա ապրիլին հրաժարվեց ենթարկվել Վրաստանի Պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու հրամանին՝ զինաթափել եւ լուծարել «Որսորդ» խմբավորումը։ Հավանաբար` զգալով ուժերի անհավասարությունը՝ Կվիցիանին նախընտրեց փախչել՝ խուսափելով ձերբակալությունից։ ՊՆ նախարար Օքրուաշվիլին հուլիսի 28-ին հայտարարեց, որ Կվիցիանին ներկայումս գտնվում է կա՛մ Սուխումում, կա՛մ ինչ-որ տեղ Ռուսաստանում։
Հուլիսի 27-ին երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հաղթական ուղերձով դիմեց ազգաբնակչությանը՝ հայտարարելով, որ փաստացի արտաքսման մեջ գտնվող Աբխազիայի կառավարությունը Թբիլիսիից տեղափոխվելու է Կոդորի կիրճ։ Սահակաշվիլին բավական արագ հայտարարեց նաեւ իրենց պլանների մասին՝ կապված տեղական օդանավակայանը վերակառուցելու եւ Կոդորի կիրճը Վերին Սվանեթիայի վարչական կենտրոնի հետ կապող ճանապարհը վերանորոգելու հետ։ Այսպիսի քայլերը, որոնք ավելին են, քան պարզ օգնությունը, նպատակ ունեն սերտացնել ստրատեգիական կապերը Կոդորի կիրճի եւ Վրաստանի կենտրոնի միջեւ։
Կոդորի կիրճի գործողության թվացյալ հաջողությունը ծառայում է Վրաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող երկու նպատակների։ Առաջին, այս քայլով Վրաստանը վերականգնում է կենտրոնական իշխանությունն այս տարածքի վրա եւ միեւնույն ժամանակ, իր ուժն է ցուցադրում Թբիլիսիի առջեւ առկա մարտահրավերներին։ Այս առումով, Կոդորի կիրճի գրավումը եւ անկախ զինված խմբավորման վնասազերծումը բավական թափանցիկ «մեսիջ էր»՝ ուղղված Աբխազիային եւ Հարավային Օսեթիային։
Երկրորդ նպատակն ավելի ընդգրկուն է։ Վրաստանին անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենք երկրի կայունությունն ու անկախությունն ամրապնդելու մեծ ցանկություն ունեն եւ ավելի ինտենսիվ քայլեր են կատարում այդ ուղղությամբ։ Այս համատեքստում Կոդորի գործողությունը կարելի է կապել Ռուսաստանի հետ հակամարտության եւ Արեւմուտքի հետ կապերը սերտացնելու ձգտումների հետ։
2004թ.-ից ի վեր, երբ Սահակաշվիլին ընտրվեց երկրի նախագահ, Վրաստանն աշխուժացրել է արեւմտյան անվտանգության կառույցներին ինտեգրվելու ջանքերը՝ հիմնական շեշտը դնելով ՆԱՏՕ-ին անդամագրվելու եւ Եվրամիությանն ավելի խորը ներգրավվելու վրա։ Այս արեւմտամետ ռազմավարական կողմնորոշումն ավելի ուժեղացավ Ուկրաինայի նարնջագույն հեղափոխությունից հետո։
Ռազմավարական այս տեսանկյունից, Վրաստանն իր համար հավանաբար սխալ է մեկնաբանել Արեւմուտքի պատասխանն իր առաջարկություններին։ Չնայած թվացյալ հաջողությանը, Կոդորի կիրճի գործողությունն իրականում ի ցույց հանեց այն թերությունները, որոնք Վրաստանին թույլ չեն տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին։ Եվ թերեւս ամենահետաքրքիրը՝ այն ի ցույց հանեց նաեւ Վրաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի շարժառիթների փոխադարձ թերըմբռնումը։
Այս դիլեմայի միջուկը կազմում են հետեւյալ երկու հիմնախնդիրները։ Առաջին, Վրաստանը բավարարված է իր գործողությունից, սակայն այդ ռազմական գործողությունը չի մեղմում այն նկատառումները, որոնք գոյություն ունեն ՆԱՏՕ-ի ներսում Վրաստանի մոտիվացիաների նկատմամբ։ Մասնավորապես, Կոդորի կիրճի գործողության արդյունքում ավելի տեսանելի է դառնում այն վտանգը, որ Թբիլիսին աբխազական եւ հարավ-օսեթական հակամարտությունները կփորձի լուծել ոչ թե քաղաքական, այլ ռազմական ճանապարհով։ Վրաստանի համար Կոդորի կիրճի գործողությունն ապացույցն է այն բանի, որ երկիրը պատրաստ է ինտենսիվ երկխոսություն սկսել ՆԱՏՕ-ի հետ եւ եւս մեկ քայլ է՝ դեպի լիակատար անդամակցությունը։
Սակայն Վրաստանի զինված ուժերը զարգացնելու եւ պրոֆեսիոնալիզմը բարձրացնելու ՆԱՏՕ-ի գործընթացը երբեք նպատակ չի ունեցել օժտել նրան հարձակողական այնպիսի հնարավորություններով, որ գայթակղություն առաջանա այդ ուժն օգտագործել անջատված հանրապետությունների դեմ։ Անգամ մինչեւ Կոդորի կիրճի գործողությունը որոշ մտահոգություններ կային՝ կապված Վրաստանի ռազմական ծախսերի հետ։ 2005-ին ռազմական ոլորտին հատկացվող գումարներն աճեցին մոտ 135 տոկոսով, որն ամենաբարձրն է ողջ աշխարհում։ Կոդորի կիրճի գործողությունը թեեւ նախնական, բայց շատ բացահայտ քայլ է՝ Աբխազիայի եւ/կամ Օսեթիայի նկատմամբ ավելի ամբիցիոզ եւ ագրեսիվ ձեռնարկումների ուղղությամբ։
Դիլեմայի երկրորդ բաղադրիչը վերաբերում է ոչ թե Վրաստանին, այլ հենց իր՝ ՆԱՏՕ-ի ապագային։ ՆԱՏՕ-ն հասել էր զգալի կառուցվածքային վերափոխումների մի փուլի եւ արդեն անցել է այդ փուլը։ Դրանք կապված են ինչպես նոր վերաձեւակերպված անվտանգության հայեցակարգի, այնպես էլ պատասխանատվության տարածքի նոր հստակեցված սահմանների հետ։ Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Շեֆերը վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ զգուշացրել է, որ դաշինքի ընդլայնումը «սառեցված» է, եւ նոյեմբերին Լատվիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին այլեւս պաշտոնական հրավերներ չեն լինելու՝ ՆԱՏՕ-ին միանալու համար։
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա հուլիսի 26-ին՝ Բրյուսելում Վրաստանի պաշտպանության նախարար Զուրաբ Նողաիդելիի հետ հանդիպումից հետո, Դե Հուպ Շեֆերը հայտարարեց՝ առայժմ պարզ չէ, թե Վրաստանը երբ պատրաստ կլինի սկսել ինտենսիվ երկխոսությունը։ Այն «Անհատական գործընկերության գործողությունների պլանի» (IPAP) հաջորդ էտապն է, որից հետո սկսվում է անդամակցության գործողությունների պլանը։
Ավելին, հաշվի առնելով երկրի մասնատվածությունն ու չլուծված հակամարտությունները, Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ոչ թե կնպաստի անվտանգության ամրապնդմանը, այլ կարող է իրականում թուլացնել դաշինքը։ Վրաստանի անդամակցումն անկասկած կազդի նաեւ Ռուսաստան-ՆԱՏՕ առանց այն էլ լարված հարաբերությունների վրա, եւ կարող է ավելի մեծ լարվածության հանգեցնել, քան դաշինքի ընդլայնման նախորդ երկու փուլերի դեպքում։
Այսպիսով, Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հետագա ընթացքը կախված է նրանից, թե Վրաստանն ինչ դասեր կքաղի Կոդորի կիրճի գործողությունից. մասնավորապես, կորոշի եւս մեկ քայլ առա՞ջ գնալ՝ վերականգնելով հսկողությունը Աբխազիայի կամ Հարավային Օսեթիայի վրա, թե՞ ռազմական գործողություններն այսքանով կսահմանափակի եւ կսկսի ճանապարհներ փնտրել երկու հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։