Հուլիսի 11-ին Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը մարզպետարանի առողջապահական հիմնարկների ղեկավարների խորհրդակցության ժամանակ հանձնարարել է մարզպետարանի ֆինանսական աշխատողներին ուսումնասիրել «Ալավերդու հիվանդանոց» ՓԲԸ-ի ֆինանսական վիճակը եւ այն սնանկ ճանաչելու եւ լուծարելու համար մտնել դատարան: Սա հաստատեց նաեւ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը: «Ալավերդուց Վանաձոր 40 կմ է, թող հիվանդներին տեղափոխեն Վանաձոր»,- խորհրդակցության ժամանակ ասել է մարզպետը:
Ալավերդի քաղաքի 16 հազար եւ Թումանյանի տարածքի 30 համայնքների 30 հազար բնակչությանը սպասարկող հիվանդանոցի փակումը Հենրիկ Քոչինյանը կարծես թե համարում է մարզի միակ խնդիրը եւ ցանկանում է շուտափույթ ազատվել այդ գլխացավանքից: Հյուսիսային սահմանամերձ շրջանում տեղակայված Ալավերդու հիվանդանոցը ռեզերվային կարեւորագույն նշանակություն ունի: Բացի այդ, արդյունաբերական կենտրոն Ալավերդին համարվում է էկոլոգիական ծանր գոտի, եւ մասնագետները գտնում են, որ այստեղ խիստ անհրաժեշտ է ունենալ լավագույն բժիշկներով եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած հիվանդանոց: Վերջին երկու տարիներին այստեղ սոցիալական եւ էկոլոգիական ծանր վիճակի արդյունքում չարորակ ուռուցքային եւ սրտանոթային ծանր հիվանդությունների գրեթե կրկնակի աճ է արձանագրվել: Ներկայումս Ալավերդու պոլիկլինիկայում գրանցված են 514 չարորակ ուռուցքներով եւ 864 սրտանոթային հիվանդություններով հիվանդներ:
Երբեմնի մեծ համարում ունեցող հիվանդանոցն այսօր իրենից ներկայացնում է 16 անհրապույր եւ դատարկ հիվանդասենյակներ: Հիվանդանոցի բաժանմունքներից յուրաքանչյուրում 4-5 հիվանդի առկայությունը հաջողություն է համարվում: Անցյալ շաբաթ մարզպետարանի Առողջապահության վարչությունը փակել է նաեւ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքը: Իսկ դա նշանակում է, որ ծանր թունավորումից գիտակցությունը կորցրած որեւէ ալավերդցու շատ արագ, 40 րոպեում Վանաձոր հասցնել չի լինի: Ալավերդու հիվանդանոցը լուծարման հասցնելու մարզպետարանի ակնհայտ ջանքերին որեւէ որակում դժվար է տալ: Ինչպես հայտնեց հիվանդանոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը, ներկայումս հիվանդանոցի պարտքը կազմում է 43մլն դրամ, որից 22մլն դրամը հիվանդանոցի 60 աշխատողների 4 տարվա աշխատավարձի պարտքն է, 8.5 մլն-ը` սոցվճարների պարտքը, 5.6 մլն դրամը` տույժ ու տուգանքները, եւ այլն: Ֆինանսական լարվածությունն այստեղ առավել խորացել է 2002թ.-ից` ինը հարկանի շենքից հիվանդանոցը «Ալավերդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասնաշենք տեղափոխելու` մարզպետի հրահանգը կատարելիս: Պետբյուջեով հատկացված հիվանդանոցի աշխատողների աշխատավարձի 38 մլն դրամը դրվեց վերանորոգման աշխատանքների վրա, եւ այդ փողը փոշիացվեց:
Հիվանդանոցի վերջին տարիների ֆինանսական խնդիրների մասին մամուլում եղել են բազմաթիվ ահազանգեր, սակայն Լոռու մարզպետարանը, սովորության համաձայն, դրանց վրա աչք է փակել: Իսկ տարիներ շարունակ յուրացումների ականատես հիվանդանոցի աշխատանքային կոլեկտիվի անդամները բավարարվել են իրենց դժգոհությունը պատերի տակ հայտնելով, աշխատավարձի պակասն էլ լրացնելով հիվանդներից մի քանի կոպեկ կորզելով: Ինչպես նրանք, այնպես էլ հիվանդանոցի մյուս պարտատերերը համարձակվեցին իրենց պարտքերը պահանջել միայն հիվանդանոցի երիտասարդ տնօրեն Համլետ Շահինյանի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ողբերգական մահից հետո: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանն արդեն բավարարել է աշխատավարձի պահանջի 15 հայց, եւս 33 աշխատող պատրաստվում է նմանատիպ պահանջով դիմել դատարան: «Եթե բոլորը ժամանակին համարձակվեին պահանջել իրենց վճարները, հիվանդանոցում նման պարտքերի կուտակումներ չէին լինի»,- ասում է հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Միքայելյանը` մատնացույց անելով էլեկտրաէներգիայի կուտակված 1մլն դրամ պարտքը: Տարիներ շարունակ ալավերդցիներն անմասն են մնացել ՀՀ կառավարության «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 2004թ.-ի մարտի 4-ի թիվ 318 որոշմամբ տրված արտոնություններից, թեեւ Ալավերդի քաղաքում եւ Թումանյանի տարածաշրջանում ապրում են 1400-ից ավելի հաշմանդամներ: Օրենքի կիրառումը կնպաստեր նաեւ հիվանդանոցի ֆինանսական առողջացմանը: Թե հիվանդանոցն օրենքի կիրառման համար ինչ ծրագրեր է ներկայացրել ՀՀ Առողջապահության նախարարությանը, հիվանդանոցում որեւէ մեկին հայտնի չէ: Այստեղ բժիշկներն օրենքի չկիրառման համար մեղադրում են «Ալավերդու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն, նժդեհական Սվետլանա Քառյանին` նրան մեղադրելով չկամության մեջ: Իսկ պոլիկլինիկայի տնօրենի տեղակալ Ալիկ Միքայելյանի հավաստմամբ` հիվանդանոցի եւ համաբուժարանի հիմնախնդիրների համատեղ լուրջ քննարկման ժամանակն է: Ուսումնասիրություններից էլ պարզվեց, որ 2006թ. փետրվարից հետո պոլիկլինիկա այցելած 330 հիվանդներից 69-ը ուղեգրվել են Ալավերդու հիվանդանոց, 73-ը՝ Վանաձոր: Հիվանդանոցի տնօրենի տեղակալ Ալիկ Միքայելյանը, սա պարզաբանելով, նշեց, որ Ալավերդու հիվանդանոցը չունի նեւրոպատոլոգ, ուրոլոգ, աչքի եւ քիթ-կոկորդի բժիշկ-մասնագետներ: Հիվանդանոցի բժիշկների զարմանքն առաջացրեց ուղեգրվածների 69 թիվը: Օրենքի կիրառման այս մոտեցումներն Ալավերդու Հայրենական պատերազմի եւ աշխատանքի վետերանների խորհրդի նախագահ, բազմավաստակ մանկավարժ Սուրեն Իսրայելյանը բացատրեց ժողովրդի` չարիք դարձած անտարբերությամբ:
Օրերս Ալավերդու «Էյ-Սի-Փի» ընկերության գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ կարող է հիվանդանոցի առողջացման համար տրամադրել 25 մլն դրամ: Սակայն ի՞նչ կտա դա հիվանդանոցին Լոռու մարզպետի` փողի նկատմամբ ունեցած ընչաքաղց վերաբերմունքի պարագայում:
www.hetq.am