Սուրբ Ծննդյան առասպելներ

04/05/2005

ԱՄՆ-ում շրջանառում են Սուրբ Ծննդյան բազմաթիվ լեգենդներ եւ առասպելներ, որոնցից շատերը հիմնված են միանգամայն իրական փաստերի վրա:
ԱՌԱՍՊԵԼ: Ժամանակակից Սանտա Կլաուսի իմիջը (ճերմակ մորուքով, կարմիր-սպիտակ բաճկոնով բարեհոգի հաստլիկ) ստեղծել է Coca-Cola ընկերությունը:
ՓԱՍՏԵՐ: Դա ճիշտ չէ: 1931 թվականին Coca-Cola ընկերությունն իրոք վարձել էր մի դերասանի, որը կերպավորում էր կոկա խմող Սանտային: Այդ պատկերներն այնքան տարածվեցին ամերիկացիների շրջանում, որ Coca-Cola-ն իրենով արեց Սանտա Կլաուսի իմիջի ստեղծման փառքը: Սակայն կարմիր-սպիտակ մորուքավորը կար դեռեւս 19-րդ դարում: Օրինակ` պահպանվել են նրա կերպարով շնորհավորական բացիկներ` ուղարկված 1885 թվականին: 1927 թվականին «Նյու Յորք թայմս» թերթում տպագրված հոդվածը Սանտա Կլաուսին նկարագրում է այսպես. «Ազդեցիկ հասակով ու քաշով, ճերմակ մորուքով, կարմիր հագուստով: Ունի նվերներով լեցուն պարկ: Նրա իմիջի անբաժանելի մասն են կարմիր այտերն ու քիթը, ինչպես նաեւ՝ փրչոտ ունքերը»:
ԱՌԱՍՊԵԼ: Սուրբ Ծննդյան տոներին աէրոտիեզերական պաշտպանության Հյուսիսամերիկյան հրամանատարությունը (NORAD) հետեւում է Սանտա Կլաուսի սահնակների ընթացքին:
ՓԱՍՏԵՐ: Դա ճիշտ է: NORAD-ի գլխավոր խնդիրը ԱՄՆ-ի եւ Կանադայի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանությունն է: Մինչդեռ այդ կառույցն ավելի քան 50 տարի հետեւում է Սանտա Կլաուսի Սուրբ Ծննդյան ճանապարհորդությանը: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Կոլորադոյի ունիվերմագներից մեկն իր Սուրբ Ծննդյան գովազդային գրքույկում սխալմամբ տպագրել է NORAD-ի հեռախոսահամարը, ինչից հետո այս կազմակերպություն են զանգել Սանտայի հետ շփվել փափագող փոքրիկները: Չցանկանալով հիասթափեցնել մանուկներին, զինվորականները ստանձնել են Սանտայի երթուղուն հետեւելու եւ մանուկներին տեղեկացնելու գործը:
ԱՌԱՍՊԵԼ: Շատ երկար ժամանակ համարվում է, որ Սանտա Կլաուսը տեղաշարժվում է սահնակներով, որոնց հյուսիսային ութ եղջերու է լծված: Նրանցից ամենահանրահայտը Ռուդոլֆ անունով եղջերուն է: Նա լույս աշխարհ է եկել գովազդային ակցիայի շնորհիվ:
ՓԱՍՏԵՐ: Դա ճիշտ է: Հյուսիսային եղջերուների անունները, որոնց կառավարում է Սանտա Կլաուսը, երկար ժամանակ անհայտ էին հանրությանը: Առաջին անգամ այդ բացթողումը վերացվեց 1823 թվականին, երբ գրվեց «Սուրբ Ծննդյան նախորդ գիշերը» երգը: Այդ երգում Սանտան իր եղջերուներին դիմում է այս անուններով. «Դաշեր, Դանսեր, Փրանսեր, Վիքսեն, Կոմետ, Կուպիդ, Դանդեր եւ Բլիքսեմ», որոնք համապատասխանաբար նշանակում են` Ցնցող, Պարող, Վարգող, Ջղային, Գիսաստղ, Կուպիդոն, Հիմար, Կայծակնային: Սակայն այս անունները ոչինչ չեն ասում ամերիկացի ժամանակակից երեխաներին, ովքեր ավելի լավ գիտեն Ռուդոլֆ եղջերվին: Ռուդոլֆը լույս աշխարհ է եկել 1939 թվականին, երբ Չիկագոյի խոշոր ունիվերմագներից մեկը պատրաստվում էր Սուրբ Ծննդյան գովազդային ակցիայի: Որոշվել էր բոլոր գնորդներին նվիրել (մի այլ վարկածով` վաճառել) ունիվերմագի գովազդը եւ ուրախ պատմություններ պարունակող գույնզգույն գրքույկներ: Գրքույկի հեղինակ Ռոբերտ Մեյը համապատասխան տեքստեր գրելու հանձնարարություն էր ստացել: Նա էլ հորինել է Ռուդոլֆ եղջերվին, որն ուներ մեծ, կարմիր, փայլուն քիթ: Ռուդոլֆի այս քթի պատճառով էլ հետին պլան մղվեցին մյուս եղջերուները: Մի անգամ էլ Ռուդոլֆն օգնում է Սանտա Կլաուսին մթության մեջ գտնել ճանապարհն ու երեխաներին հասցնել իրենց նվերները: Հետաքրքիր է, որ պատվիրատուն դժգոհ է մնացել Մեյի ստեղծագործությունից եւ երկար ժամանակ հրաժարվել է տպագրել այս պատմությունը: Այսուհանդերձ, 1939 թվականին Ռուդոլֆի մասին Մեյի ոտանավորները լույս են տեսել 500 հազար  օրինակ տպաքանակով, իսկ հետագայում` միլիոնավոր օրինակներով: Եղջերվի ժողովրդականությունն աճել է 1949 թվականին, երբ Մեյի ազգական Ջոնի Մարքսը երաժշտություն է գրել այդ տեքստերով, որոնք կատարել է երգչուհի Ջին Օթրին: Ավելի ուշ Ռուդոլֆի պատմությունը թարգմանվել է 25 լեզվով: 1964 թվականից ամերիկյան հեռուստաալիքները Սուրբ Ծննդյան տոներից առաջ պարտադիր ցույց են տալիս Ռուդոլֆի մասին պատմող ֆիլմեր ու մուլտֆիլմեր:
ԱՌԱՍՊԵԼ: Մասաչուսեթս նահանգում երկար ժամանակ արգելված է եղել տոնել Սուրբ Ծնունդը:
ՓԱՍՏԵՐ: Դա ճիշտ է: Այդ գաղութը ստեղծած պուրիտաններին վրդովեցնում էին այս տոնին ուղեկցող ուրախությունները: 1659 թվականին օրենք է ընդունվել, համաձայն որի՝ Սուրբ Ծնունդը տոնելը համարվել է քրեական հանցագործություն եւ պատժվել 5 շիլինգ տուգանքով: Այդ օրենքը վերացվել է 1681 թվականին: ԱՄՆ-ում միասնաբար Սուրբ Ծնունդը նշել սկսել են 19-րդ դարի կեսին:
ԱՌԱՍՊԵԼ: ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը թույլ չէր տալիս տոնածառ դնել Սպիտակ Տանը:
ՓԱՍՏԵՐ: Դա ճիշտ է: Նախագահ Ռուզվելտը շրջակա միջավայրի մոլի պաշտպան էր եւ կողմ չէր ծառ կտրելուն: Հույս ունենալով, որ իր վարքը օրինակ կլինի ամբողջ Ամերիկայի համար, նա արգելել էր Սուրբ Ծննդյան եղեւնիներ դնել Սպիտակ Տանը: Արդյունքում՝ Ռուզվելտը հանդիպեց դիմադրության նույնիսկ իր ընտանիքում` նրա երեխաները կարողացան թաքուն տուն բերել եղեւնի: Այդ ժամանակ նախագահը խնդրեց ԱՄՆ-ի Անտառտնտեսության դեպարտամենտի ղեկավարին՝ բացատրել իր երեխաներին, թե ծառահատումներն ինչքան վնաս են հասցնում երկրի անտառներին: Ի զարմանս նրա, անտառների ղեկավարն ասաց, որ եթե ամեն ինչ արվի մտածված, ապա սահմանափակ հատումները դրական ազդեցություն կունենան անտառների վրա: Դրանից հետո Ռուզվելտը փոխեց իր վերաբերմունքը:
ԱՌԱՍՊԵԼ: Քրիստոնյաները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին, որովհետեւ հատկապես այդ օրն է ծնվել Հիսուս Քրիստոսը:
ՓԱՍՏԵՐ: Դա ճիշտ չէ: Հիսուսի ծննդյան օրն Աստվածաշնչում նշված չէ: Ավելի հավանական է, որ Հիսուսը լույս աշխարհ է եկել գարնանը: Տարբեր տեսություններ կան, թե ինչու է Սուրբ Ծնունդը նշվում հատկապես դեկտեմբերի 25-ին: Դրանցից ամենատարածվածն այն է, որ քրիստոնյաները Սուրբ Ծնունդով փոխարինել են հեթանոսների տոնը` ձմեռային գիշերահավասարի օրը:

24 դեկտեմբերի, 2004թ.
Washington ProFile