Մի խաչքարի պատմություն

08/08/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները նախընտրական եռուզեռի եւ այլ քաղաքական զարգացումների պատճառով արդեն մոռացության են մատնել Նախիջեւանում Հին Ջուղայի խաչքարերի բնաջնջման իրողությունը։ Այս համոզման է նաեւ «Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության» գործակալության պետ Ա. Գրիգորյանը։

Փաստացի վավերագրերն անգամ ավելորդ են, որպեսզի ենթադրեք, որ Ադրբեջանի տարածքում գտնվող եւ սահմանից չհսկվող երբեմնի հայկական եւ հայաբնակ վայրերում արդեն իսպառ անհետացել են հայկական մշակույթի հետքերը։ Լեռնային Ղարաբաղից մասնատված Հյուսիսային Արցախի 450 բնակավայրերից մոտ 50-ը մինչեւ 1988-ը եղել են հայաբնակ։ Պատմական աղբյուրները վկայում են, որ այստեղ (Շահումյանի, Խանլարի, Գետաբեկի, Դաշքեսանի եւ Շամխորի շրջաններ) հաշվառված են եղել 2800 հայկական հուշարձաններ։ Այժմ անհայտ է, թե դրանցից քանիսն է կանգուն։ 1989թ. մայիսին, գաղթից 5 ամիս անց, Շամխորի շրջանի Չարդախլու հայկական գյուղից Տավուշի Զորական գյուղում ապաստանած 7 չարդախլեցիներ, իրենց կյանքը վտանգելով` գաղտնի ճանապարհով մեկնում են հայրենի գյուղ` սեփական աչքերով արձանագրելու ադրբեջանցիների իրագործած մշակութային վանդալիզմը։ Ականատեսի վկայությամբ, գյուղամուտքին տեղադրված հայ քանդակագործ Սերգեյ Բաղդասարյանի կերտած «Մայր Հայրենիքը», որը կառուցված է եղել Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին, եղել է պղծված. կնոջ կերպարով բրոնզաձույլ արձանի գլուխը` պարանոցին նետված պարանով կախաղան է բարձրացված եղել, իսկ ամբողջ մարմինը, կուրծքը եւ փեշերը` սպիտակ ներկով ապականված։ Ավելի ուշ, 2002թ. ծախու ադրբեջանցիների կողմից Չարդախլուում (հիմա` Քանլիբալ) կատարված նկարահանումների շնորհիվ ակնհայտ է դառնում, որ հուշարձանն այլեւս ապամոնտաժված է։ Իսկ մերձակա ծառուղին դարձել է կերուխումի վայր։ Ծննդավայր մեկնած բախտախնդիրները ծաղկեփունջ են դնում երբեմնի հուշարձանի պատվանդանին եւ բարձրանում սրբավայր` գյուղից 1,5 կմ հարավ-արեւելք գտնվող Խաչիսար լեռան գագաթը (1566,2 մ), որտեղ դեռեւս Սահակ Սեւադայի ժամանակից կանգնած է եղել Սուրբ Գեւորգ կոչվող խաչքարը։ Անտարակույս, նրանք խաչքարը գտել են ջարդված վիճակում, իսկ ամենափոքր կտորն իրենց հետ տեղափոխել Զորական։ Նույն ճակատագրին են արժանացած եղել նաեւ «Կաղնիխաչ» ուխտատեղի խաչքարերը։

«Պահ կա, երբ մահը փախչում է քեզանից»

Գերության մեջ գտնվող հայրենի գյուղ այցելության մասին առավել մանրամասն պատմեց «Չարդախլու» հիմնադրամի նախագահ Պողոս Խաչատրյանը։ «1989թ. մայիսի 9-ին վաղ առավոտյան 7 հոգով (2-ը վարորդ էին, 1-ը լուսանկարիչ) 2 մեքենաներով ուղղություն վերցրինք դեպի Չարդախլու։ Անցնելով Նոյեմբերյանի շրջանով, այնուհետեւ` Վրաստանի տարածքով, մտանք Ադրբեջան։ Արդեն հասնում էինք Ղազախ, երբ մեքենաներից մեկի բենզինը վերջացավ։ Իջանք, որպեսզի որեւէ ավտոմեքենայից վառելիք խնդրենք, մինչեւ լցակայան հասնենք։ Կապույտ «Ժիգուլի» մոտեցավ, կանգնեցրինք։ Վարորդը դուրս եկավ, ադրբեջաներեն ասացի` բենզին է պետք։ Նայեց աչքերիս եւ հասկացավ, որ հայ ենք։ Հայացքս որսած` ավտոմեքենայի մեջ նստած երեխային էի նայում` վախեցավ։ Անմիջապես օգնեց մեզ։ Ճանապարհին այլեւս ոչ մի միջադեպ չպատահեց։ Մտանք Չարդախլու։ Հայկական գերեզմանաքարերը ջարդված էին, սակայն հիմնահատակ ավերված չէին։ Կանգնեցինք Մանդառ մատուռի մոտ, ուղղեցինք ծռած խաչքարերը, մաքրեցինք աղբը, հետո անցանք հարազատ գյուղի փողոցներով։ Մեր փողոցով անցնելիս` չկարողացա նայել հայրական տանս, գլուխս թեքեցի… Երեկոյան 17։00-ին արդեն տանն էինք»։ Հետո արդեն 2002թ. արված տեսագրության մեջ երեւում է, որ գյուղի խոշոր 3 գերեզմանատները մասսայաբար ավերված են, հայ-ադրբեջանական մասնավոր կապերի շնորհիվ նաեւ պարզ է դարձել, որ դրանք օգտագործվում են որպես շինանյութ։ Վերադառնալով հայրենի գյուղից` Պողոս Խաչատրյանն արգելել է Զորականի արկածախնդիր պատանիներին` պղծել տեղի ադրբեջանական գերեզմանատները։ Խոսելով Ադրբեջանի տարածքում հնարավոր միջադեպերի մասին` Պ. Խաչատրյանն ասաց. «Պահ կա, որ մահը փախչում է քեզանից»։